Ռուսաստանը մաշեցրե՞լ է Հայաստանի անվտանգության երաշխավորի իր քաղաքական պոտենցիալը 

Ռուսական 102-րդ ռազմաբազայի քաղաքական ներուժը՝ որպես Հայաստանի անվտանգության և պաշտպանության ապահովման գործոն էապես սպառվել է։  Նման կարծիքի է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։ 
Զսպող գործոնը նախկինի պես չի գործում

Նրա գնահատմամբ՝ ռազմաբազայի ներկայության հիմնական տրամաբանությունը Ռուսաստանի դրոշի և դրա հետևում կանգնած ռազմական ու քաղաքական ներուժի միջոցով հնարավոր հակառակորդին զսպելն էր։ Սակայն վերջին տարիների իրադարձությունները ցույց են տվել, որ այդ զսպող գործոնը նախկինի պես չի գործում։Ներսիսյանի խոսքով՝ 102-րդ ռազմաբազան սկզբնական շրջանում որոշակիորեն կատարում էր հենց այդ՝ զսպման գործառույթը։ Խորհրդային Միության փլուզումից հետո բազան պահպանելու տրամաբանությունը, նրա գնահատմամբ, այն էր, որ Ռուսաստանի ներկայությունը պետք է հնարավոր հակառակորդին ստիպեր հաշվի առնել Մոսկվայի հետ առճակատման ռիսկը։

«Ինձ թվում է՝ տրամաբանությունը նա էր, որ Ռուսաստանի դրոշը կա, և ոչ ոք չի հարձակվի, քանի որ Ռուսաստանի հետ ոչ մեկ չի ուզենա խնդիր ունենալ», — ասել է ռազմական փորձագետը։ Նրա խոսքով՝ մինչև 2020 թվականը կարելի էր այդ մեխանիզմը որոշակիորեն աշխատում էր։ Սակայն հետագա զարգացումները, ըստ Ներսիսյանի, ցույց տվեցին, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը չի ապահովում այն զսպող ազդեցությունը, որը դրան վերագրվում էր։

«Ժամանակի հետ պարզվեց, որ կամ չի զսպում, կամ էլ չէր զսպում, պարզապես ոչ մեկը դրա մասին չգիտեր։ Այդ միֆը, որ ռուսական դրոշը այստեղ կարևոր է հիմա գոնե չի աշխատում», — նշել է նա։ Փորձագետը հատկապես առանձնացնում է 2020 թվականից հետո տեղի ունեցած իրադարձությունները։ Նրա գնահատմամբ՝ 2020, 2021, 2022 և 2023 թվականների զարգացումները ցույց են տվել, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը չի դարձել այն գործոնը, որը կկանխեր Հայաստանի դեմ ռազմական գործողությունները։«Երբ որ մի բանը այդքան անգամ չի աշխատում, բոլորի համար  պարզ է դառնում, որ դա չի աշխատելու», — ասել է Ներսիսյանը։

Ռազմական ներուժը՝ մոտ մեկ գնդի չափ ստորաբաժանում

Միևնույն ժամանակ, եթե հարցը դիտարկել զուտ ռազմական տեսանկյունից, փորձագետի գնահատմամբ՝ 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները նույնպես սահմանափակ են։Ներսիսյանի խոսքով՝ բազան իր ցամաքային բաղադրիչով մոտավորապես մեկ մոտոհրաձգային գնդի չափի ստորաբաժանում է՝ հրետանային և ավիացիոն բաղադրիչներով։ Բազայում, բաց աղբյուրների հիման վրա, ծառայություն է իրականացնում մոտ 3500-4000 մարդ։

Ռազմական տեխնիկայի առումով, փորձագետի ներկայացմամբ, բազան ունի մոտ 70 T-72 տանկ, S-300V և «Բուկ» տեսակի հակաօդային պաշտպանության համալիրներ, տարբեր տրամաչափի՝ 122 և 152 մմ հրետանի, «Սմերչ» և «Գրադ» համակարգեր, ինչպես նաև այլ զինտեխնիկա։ «Թղթի վրա, որպես ցանկ, թվում է, թե բավականին լուրջ թվեր են։ Բայց պետք է նաև հասկանալ, որ քանի որ միշտ դժվարացած լոգիստիկայով տեղանք է եղել ռազմաբազան, միշտ բավականին թանկ և դժվար է եղել այստեղ զենք բերել, հանել», — նշել է Ներսիսյանը։

Նրա գնահատմամբ՝ այս հանգամանքը, ինչպես նաև տեխնիկայի տարիքը, կարող են լրջորեն ազդել բազայի իրական մարտունակության վրա։ Փորձագետը ենթադրում է, որ տեխնիկայի զգալի մասը կարող է տեխնիկապես վատ վիճակում լինել։ «Կարող եմ ենթադրել, որ վիճակը այդ զինտեխնիկայի գոնե մի ահագին մասի շատ վատը պետք է լինի արդեն այսքան տարիներ հետո։ Գոնե իմ կարծիքով՝ամենաքիչը 50 տոկոսը մարտական վիճակում չի գտնվի՝ այդ ամենի, ԲՄՊ-ների, տանկերի և տարբեր ուրիշ տեխնիկայի», — ասել է նա։

4000-անոց բազան չի կարող ռազմական առումով կանգնել Ադրբեջանի դեմ

Ներսիսյանի գնահատմամբ՝ 102-րդ ռազմաբազայի թվաքանակն ու սպառազինությունը բավարար չեն Հայաստանի դեմ լայնածավալ հարձակման դեպքում լուրջ ռազմական հավասարակշռություն ստեղծելու համար։ «Բնականաբար, մի ստորաբաժանում, որը Հայաստանի բանակից տասը անգամից էլ փոքր է, ինքը չի կարող ոչ Ադրբեջանի հետ պատերազմի, ոչ Թուրքիայի համար։ Թուրքիայի համար դա, ես կասեի, երևի մի օրվա պատմություն կլինի, երկու օրվա՝ այդ չափի ստորաբաժանման հարցերը լուծելը», — նշել է նա։

Փորձագետը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ բազայի զինտեխնիկայի զգալի մասը բավական հին է։ Նրա խոսքով՝ դրա մեծ մասը 1991 թվականից ավելի հին տեխնիկա է։ Բազայում հետագայում որոշ նոր համակարգեր ևս հայտնվել են, այդ թվում՝ «Օռլան» տիպի անօդաչու սարքեր, մի քանի «Սմերչ» համակարգեր և այլ միջոցներ, սակայն ընդհանուր պատկերը, նրա գնահատմամբ, էապես չի փոխվել։ 

Ներսիսյանը համեմատում է բազայի զինտեխնիկան Ադրբեջանի զինված ուժերի ունեցած տեխնիկայի հետ՝ նշելով, որ Ադրբեջանն անգամ ռուսական արտադրության ավելի նոր զինատեսակներ ունի։ «Ադրբեջանն ունի շատ ավելի լավ ռուսական զինտեխնիկա, քան 102-րդ բազան։ Նոր, իրենց ավելի քան նորագույն ռուսական տեխնիկան ունեն՝ 2011-ից մինչև 2017-18 թվականների արտադրության», — ասել է նա։

Փորձագետի խոսքով՝ բազան, նույնիսկ Ադրբեջանի հետ հնարավոր պատերազմի դեպքում, կարող է տեսականորեն ներգրավվել որևէ սահմանափակ հատվածում, սակայն լայնածավալ պատերազմի ելքի վրա էական ազդեցություն ունենալու համար դրա հնարավորությունները բավարար չեն։

Թուրքիայի դեպքում՝ նաև լոգիստիկ խնդիր

Ներսիսյանը առանձին խնդիր է համարում Թուրքիայի հետ հնարավոր պատերազմի դեպքում ռուսական ուժերի՝ Հայաստան լրացուցիչ զորք տեղափոխելու հարցը։Նրա խոսքով՝ Ռուսաստանի հիմնական ուժեղ կողմերից մեկը ցամաքային զորքերն են, սակայն Հայաստանի հետ ցամաքային սահման չունենալու պայմաններում այդ ուժերի արագ տեղափոխումը լուրջ լոգիստիկ խնդիր է։

«Եթե տենց որոշեն Հայաստանի համար Թուրքիայի հետ ամեն ձևի պատերազմի մեջ մտնել, նույնիսկ այդ դեպքում ես մի քիչ այդ պատերազմը դժվար եմ պատկերացնում։ Սահման չունեն Թուրքիայի հետ, իրենց ուժեղ տեղը հենց ցամաքային զորքերն են, լոգիստիկայից բավականին թույլ են՝ Հայաստան զորք տեղափոխելու առումով», — նշել է նա։

Ներսիսյանի խոսքով՝ միայն օդային ճանապարհով մեծածավալ զորք տեղափոխելը նույնպես բավարար չէ, քանի որ Հայաստանի օդանավակայանների հնարավորությունները սահմանափակ են։ Նրա գնահատմամբ՝ նման պատերազմի դեպքում ռուսական կողմը ստիպված կլիներ լուծել նաև ցամաքային հաղորդակցության և լրացուցիչ ուժերի տեղափոխման խնդիրը։

Միաժամանակ նա նշում է, որ Թուրքիայի հետ ռազմական բախման դեպքում Ռուսաստանի համար խնդիր է նաև թուրքական կողմի օդուժը, որը, նրա գնահատմամբ, ավելի փոքր է, սակայն ավելի լավ պատրաստված և տեխնիկապես ավելի հագեցած։

Այսպիսով, Ներսիսյանի ներկայացմամբ՝ 102-րդ ռազմաբազայի նշանակությունը պետք է դիտարկել նախևառաջ այն քաղաքական և ռազմավարական տրամաբանության համատեքստում, որով այն ստեղծվել և պահպանվել է։ Այդ տրամաբանության առանցքում, նրա գնահատմամբ, ոչ թե Հայաստանի տարածքում տեղակայված սահմանափակ թվաքանակով ստորաբաժանման՝ լայնածավալ պատերազմ վարելու հնարավորությունն էր, այլ Ռուսաստանի ներկայության միջոցով հնարավոր հակառակորդին պատերազմից հետ պահելը։ Վերջին տարիների զարգացումները, նրա կարծիքով, ցույց են տվել, որ այդ զսպման մեխանիզմն այլևս նախկին արդյունավետությունը չունի։


👉 Քաղաքականություն — Vectors.am

Scroll to Top