Պաշտոնական վիճակագրական տվյալներով 2025թ․ հունվար–հոկտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 8․1%։ Սա բավականին բարձր, նույնիս ազդեցիկ ցուցանիշ է, սակայն երբ վերլուծում ենք, թե ինչի հաշվին է ձևավորվել այս աճը, գալիս ենք եզրակացության, որ իրականում պատկերը դառնում է անհավասարակշիռ ու խոցելի։ Նման կարծիքի է ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։
Ակտիվությունը կրկին պահում են շինարարությունն ու ծառայությունները
Ըստ Անանյանի՝ համեմատելով տարվա առաջին տասը ամիսների տվյալները, արձանագրում ենք, որ շինարարությունն աճել է 20․6%, ծառայությունները (առանց առևտրի)՝ 10․8%, իսկ առևտրի շրջանառությունը՝ 3․2%։ Այս երեք ոլորտներն են հանդիսացել են տնտեսական ակտիվության ցուցանիշի հիմնական «քաշող ուժը»։
Բայց միևնույն ժամանակ արդյունաբերական հատվածը կրկին հայեցողաբար իջնում է՝ –3․0% կուտակային անկումով։ «Այսինքն՝ մեր իրական արտադրական հիմքը շարունակում է թուլանալ», — նշում է նա։
Արդյունաբերության «վերակենդանացումը» հոկտեմբերին կեղծ պատրանք է տալիս
Անանյանը հավելեց, որ հոկտեմբերի ցուցանիշը՝ +17․9% նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ, թվերով հնչեղ է։ Բայց իրականում այն ապահովվել է հիմնականում մեկ ենթաճյուղի ակտիվացմամբ՝ հիմնական մետաղների արտադրությամբ, որտեղ դեռևս արտացոլվում են ոսկու վերաարտահանման հոսքերը, համարում է տնտեսագետը։
Այս ենթաճյուղը, շարունակում է նա, ստեղծում է սխալ պատկեր, թե «արդյունաբերությունն աճում է», մինչդեռ մնացած ենթաճյուղերից շատերում առկա է կա՛մ անկում, կամ՝ կանգ։ «Այլ կերպ ասած՝ ոչ նոր արտադրություններ ունենք, ոչ տեխնոլոգիական ընդլայնում, տեղի ունեցածը՝ արդեն եղած հոսքերի կետային տատանում է», — պնդում է Անանյանը։
Աճի կառուցվածքը չի ապահովում տնտեսական պաշտպանունակություն
«Երբ տնտեսական աճի հիմքում դրված են կարճաժամկետ և ոչ արտահանելի ոլորտներ՝ շինարարություն, առևտուր, ծառայություններ, իսկ արդյունաբերությունն ու արտահանումը չեն ուժեղանում, այդ աճը չի կարող համարվել կայուն», — ընդգծում է նա։
Ըստ էության, շարունակում է տնտեսագետը, Հայաստանի տնտեսությունն ունի արտաքին շուկայից կախված հոսքեր, բարձր ներմուծում, շինարարության վրա հիմնված ներքին ակտիվություն, բայց, միևնույն ժամանակ՝ ո՛չ արտադրական հենասյուն ունի, ո՛չ արտաքին շուկաներ հաղթահարող արտահանում ունի, ո՛չ էլ՝ երկարաժամկետ պաշտպանունակություն։
Կարևոր հարցը մնում է առանց պատասխանի
«Կառավարությունը ներկայացնում է աճի ցուցանիշը՝ որպես հաջողություն։ Բայց պետք է տալ մի պարզ, բայց վճռորոշ հարց․ Արդյո՞ք այս կառուցվածքով տնտեսական աճը կարող է ամրապնդել Հայաստանի տնտեսական անվտանգությունը և մարդկանց բարեկեցությունը երկարաժամկետում։ Թվերն, ակնհայտորեն, հուշում են հակառակը», — եզրափակեց Անանյանը։

