Վաշինգտոնի ուղերձը Թեհրանին․ կամ պայմանագիր ԱՄՆ-ի պայմաններով, կամ ռազմական սցենար

Ուղերձ Թեհրանին․ կամ ԱՄՆ-ի պայմանների կատարում, կամ ռազմական սցենար

Ժնևում կայացած վերջին բանակցությունները Իրանի և Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական շրջանակներում գնահատվում են որպես «առաջընթաց արձանագրած» փուլ։ Սակայն, ինչպես նշում է Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Գոհար Իսկանդարյանը, գործընթացը զուգորդվում է կ աճող ռազմական լարվածությամբ, ինչը հարցեր է առաջացնում բանակցությունների իրական նպատակների վերաբերյալ։
Բանակցություններ՝ աճող ռազմական ներկայությամբ

Իսկանդարյանի դիտարկմամբ՝ թե՛ իրանական, թե՛ ամերիկյան կողմերը պաշտոնական հայտարարություններում շեշտում են, որ կարողանում են բանակցությունների ընթացքում գտնել համագործակցության հնարավոր կետեր և առաջ շարժվել։ Դիվանագետները հատկապես երկրորդ փուլից հետո խոսում են ինտենսիվ և արդյունավետ գործընթացի մասին։

Սակայն այս ֆոնին Միացյալ Նահանգները զգալիորեն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Պարսից ծոցում։ Ըստ Իսկանդարյանի՝ տարածաշրջանում կուտակվել են շուրջ 50 միավոր ժամանակակից ռազմական ինքնաթիռներ՝ F-35, F-22 և F-16 տիպերի, ինչպես նաև ավիակիրներ։ Նրա գնահատմամբ՝ իրաքյան պատերազմից ի վեր ամերիկյան նման ծավալի ռազմական ուժ չի կենտրոնացվել Պարսից ծոցում։ Սա, ըստ փորձագետի, հստակ ճնշման գործիք է Թեհրանի նկատմամբ։

Հիմնական տարաձայնությունը՝ ուրանի հարստացման շուրջ

Իսկանդարյանը նշում է, որ բանակցությունների առանցքային խնդիրը շարունակում է մնալ Իրանի միջուկային ծրագիրը։ Միացյալ Նահանգները պնդում է, որ Իրանը ընդհանրապես չպետք է ունենա միջուկային ծրագիր և չպետք է հարստացնի ուրանը։ Իրանը, իր հերթին, հղում է անում Միջուկային զենքի չտարածման պայմանագրին՝ ընդգծելով, որ որպես պայմանագրի մասնակից երկիր ունի խաղաղ ատոմային ծրագրի շրջանակում ուրանի հարստացման իրավունք։

Հիշեցնելով 2015 թվականին ստորագրված Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը (JCPOA), Իսկանդարյանը նշում է, որ այդ համաձայնությամբ Իրանը պարտավորվել էր ուրանը հարստացնել առավելագույնը 3.5 տոկոսով։ Սակայն 2017 թվականին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դուրս եկավ այդ համաձայնագրից՝ այն անվանելով «անպետք թուղթ»։

Փորձագետի կարծիքով՝ ներկայիս բանակցությունների առանցքում հենց այս հարցն է՝ արդյոք Իրանը կարող է սահմանափակ տոկոսով շարունակել ուրանի հարստացումը, թե Վաշինգտոնը պնդելու է լիակատար դադարեցման վրա։

«Կարմիր գծեր» և տարածաշրջանային ճնշումներ

Իսկանդարյանը համոզված է, որ կողմերից ոչ մեկը պատրաստ չէ հատել իր «կարմիր գծերը»։ Իրանը նախկինում հստակ հայտարարել է, որ չի հրաժարվի ոչ միայն խաղաղ ատոմային ծրագրից, այլև իր հրթիռային ծրագրից՝ այն համարելով ազգային անվտանգության կարևոր բաղադրիչ։ Թեև ներկայումս ամերիկյան կողմը հրթիռաշինության թեման նույն շեշտադրությամբ չի առաջ մղում, հիմնական հակասությունը մնում է միջուկային հարցի շուրջ։

Փորձագետի գնահատմամբ՝ տարածաշրջանում ստեղծված գերլարվածությունը և ռազմական ուժի ցուցադրումը նպատակ ունեն առավելագույն ճնշում գործադրել՝ հնարավոր զիջումներ կորզելու համար։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կուտակած ռազմական ներուժը փաստացի ուղերձ է Թեհրանին՝ կամ պայմանագիր Վաշինգտոնի պայմաններով, կամ ռազմական սցենար։

Միաժամանակ ակտիվացել է նաև Իսրայելը, որը հայտարարել է, որ պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին, եթե որոշում կայացվի հարցը ռազմական ճանապարհով լուծելու մասին։

Իսկանդարյանի գնահատմամբ՝ այս փուլում բանակցությունները գտնվում են բարդ ու հակասական իրավիճակում․ հրապարակային մակարդակում խոսվում է առաջընթացի մասին, սակայն զուգահեռաբար ընթացող ռազմական պատրաստությունները վկայում են, որ կողմերը շարունակում են դիտարկել նաև ուժային տարբերակը։

Scroll to Top