Նոր Սահմանադրության նախագծով չի լուծում համաչափ զարգացման խնդիրը

Սահմանադրության նոր նախագծում տեղ չեն գտել իշխանության իրական ապակենտրոնացման, տեղական ինքնակառավարման համակարգի բարելավման և Հայաստանի տարածքային համաչափ զարգացման համար անհրաժեշտ կարգավորումները։ Այս մասին հայտարարել է հասարակական գործիչ Լեւոն Բարսեղյանը՝ անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծին և տարիների ընթացքում իշխանություններին ներկայացրած իր առաջարկներին։
Ինչո՞ւ նոր Սահմանադրություն և ոչ թե սահմանադրական փոփոխություններ

Բարսեղյանի խոսքով՝ իշխանությունը հեղափոխության ժամանակ խոսում էր սահմանադրական փոփոխությունների մասին, սակայն հետագայում որոշեց ձեռնամուխ լինել նոր Սահմանադրության մշակմանը։ Նրա գնահատմամբ՝ այդ որոշումը պայմանավորված է ինչպես իշխանության ներսում տեղի ունեցած գաղափարական փոփոխություններով, այնպես էլ Ադրբեջանի պահանջով։

Հասարակական գործիչը հիշեցրեց, որ գործող Սահմանադրության 203-րդ հոդվածով առաջին երեք հոդվածները և հենց 203-րդ հոդվածը ճանաչված են անփոփոխելի։

Անդրադառնալով նոր նախագծից Անկախության հռչակագրին հղման հեռացմանը՝ Բարսեղյանը նշեց, որ Ադրբեջանը շարունակում է լրացուցիչ օգուտներ քաղել իր ռազմական հաղթանակից։ Այդուհանդերձ, նա չի կիսում այն տեսակետը, թե նոր Սահմանադրությունն ամբողջությամբ մշակվում է Ադրբեջանի նախագահի թելադրանքով։

«Ադրբեջանը, Ալիևը շարունակում է իր հաղթանակից լրացուցիչ պտուղներ քաղել, և այդ պտուղներից է Սահմանադրության նոր նախագծում Անկախության հռչակագրին արված հղման վերացումը։ Բայց չեմ համարում, որ սա ալիևյան Սահմանադրություն է»,- ասաց Բարսեղյանը։

Պետությունը պետք է երաշխավորի համայնքների համաչափ զարգացումը

Բարսեղյանի գնահատմամբ՝ Հայաստանի արդյունավետ զարգացման առանցքային նախապայմաններից է իշխանության ապակենտրոնացումը, որը ենթադրում է պետական կառավարման մարմինների մի շարք լիազորությունների փոխանցում համայնքներին։ Ընդ որում, այդ լիազորությունները պետք է ամրագրվեն հենց Սահմանադրությամբ, այլ ոչ թե օրենքներով։

Նրա խոսքով՝ վերջին 30 տարիներին Հայաստանում իրական ապակենտրոնացում տեղի չի ունեցել, չի ձևավորվել որակյալ տեղական ինքնակառավարման համակարգ, չի ապահովվել տարածքային համաչափ զարգացում։

Առանձին բնակավայրերում մանկապարտեզների, դպրոցների կառուցումը կամ ճանապարհների բարեկարգումը, ըստ Բարսեղյանի, կետային միջամտություններ են, որոնք մշտապես կախված են եղել տվյալ պահին գործող իշխանության քաղաքական կամքից։

Հասարակական գործիչն ուշադրություն հրավիրեց նոր նախագծի 71-րդ հոդվածի վրա, համաձայն որի՝ պետությունն իր հնարավորությունների սահմաններում միջոցներ է հատկացնում համայնքների համաչափ զարգացումն ապահովելու համար։ Նույն ձևակերպումն առկա է նաև գործող Սահմանադրության 186-րդ հոդվածում։

Բարսեղյանի համոզմամբ՝ «իր հնարավորությունների սահմաններում» վերապահումը թույլ է տալիս իշխանություններին մշտապես արդարացնել իրենց անգործությունը սահմանափակ ռեսուրսներով։ «Պետությունը պետք է երաշխավորի համայնքների համաչափ զարգացումը։ Ինչպես ուզում է՝ թող միջոցներ գտնի, բայց պետք է երաշխավորի, որ համայնքները համաչափ կզարգանան, այլ ոչ թե դա անի իր հնարավորությունների սահմաններում»,- ընդգծեց նա։

Բարսեղյանի խոսքով՝ քաղաքացիները, անկախ իրենց բնակության վայրից, պետք է հնարավորինս հավասար պայմաններում օգտվեն պետական և համայնքային ծառայություններից։ Հակառակ դեպքում կրթական և այլ անհրաժեշտ ծառայությունների բացակայությունը բնակիչներին ստիպում է լքել իրենց բնակավայրերը՝ դրանից բխող բացասական հետևանքներով երկրի համար։

«Ոչ մի երեխա մեղավոր չէ, որ ծնվել է սարի գլխին, որտեղ մանկապարտեզ չկա, նորմալ ճանապարհներ չկան, իսկ դպրոցում նույն ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում»,- նշեց նա։

Համայնքի ղեկավարն ու նրա առաջին տեղակալը չպետք է լինեն ավագանու անդամներ

Բարսեղյանը խնդրահարույց է համարում նաև համամասնական ընտրակարգով ձևավորվող տեղական ինքնակառավարման մարմիններում ներկայացուցչական և գործադիր գործառույթների տարանջատման բացակայությունը։

Նա հիշեցրեց, որ գործող համակարգում համայնքի ղեկավարն ու նրա առաջին տեղակալն ընտրվում են ավագանու կազմից և շարունակում մնալ ավագանու անդամներ։ Արդյունքում նրանք միաժամանակ մասնակցում են համայնքի բյուջեի, զարգացման ծրագրերի, աշխատանքային պլանների, հաշվետվությունների և այլ որոշումների ընդունմանը, ինչպես նաև դրանց իրականացմանը՝ որպես համայնքի գործադիր մարմնի ղեկավարներ։

Բարսեղյանի գնահատմամբ՝ այս համակարգն ինստիտուցիոնալ շահերի բախում է առաջացնում։

Նա առաջարկում է, որ համայնքի ղեկավարն ու նրա առաջին տեղակալն ընտրվելուց հետո վայր դնեն ավագանու անդամի մանդատները, իսկ նրանց տեղերը զբաղեցնեն համապատասխան քաղաքական ուժի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածուները՝ Ազգային ժողովում գործող սկզբունքի նմանությամբ։

Բացի այդ, ըստ Բարսեղյանի, ավագանին պետք է իր կազմից ընտրի նախագահ և տեղակալներ, որոնցից մեկը կլինի ընդդիմության ներկայացուցիչ։ Ավագանին պետք է ունենա նաև առանձին փոքր աշխատակազմ, որը կկազմակերպի նիստերը, կապահովի դրանց արձանագրումը և որոշումների փաստաթղթավորումը։

Համայնքի ղեկավարն իր աշխատակազմով պետք է ավագանուն ներկայացնի որոշումների նախագծերը, մասնակցի դրանց քննարկմանը և ապահովի ընդունված որոշումների կատարումը։

Իշխանությունները հաշվի չեն առել ներկայացված առաջարկները

Բարսեղյանը հայտնեց, որ վերջին հինգ-վեց տարիների ընթացքում շուրջ 8-10 անգամ իշխանություններին ներկայացրել է տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխման վերաբերյալ առաջարկություններ՝ հիմնված միջազգային և եվրոպական լավագույն փորձի վրա։ Սակայն այդ առաջարկները նոր Սահմանադրության նախագծում արտացոլված չեն։

«Եթե իշխանությունը հաշվի չի առնում այդ առաջարկները, դրանից ես քիչ եմ տուժում։ Պետությունն է տուժում, Հայաստանի Հանրապետությունն է տուժում, եթե չկա ապակենտրոնացման և համաչափ զարգացման իրական հնարավորություն»,- եզրափակեց նա։


👉 Օրենսդրություն

Scroll to Top