Երևանն ու Բաքուն շուտով կնախաստորագրեն խաղաղության պայմանագիրը

Երևանն ու Բաքուն կնախաստորագրե՞ն խաղաղության պայմանագիրը

Այս պահին հայ-ադրբեջանական հարաբերությունների օրակարգում առանձնանում են երեք հիմնական հարցեր՝ այսպես կոչված խաղաղության պայմանագիրը, սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, ինչպես նաև տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը։

Նրա խոսքով՝ դեռևս այս տարվա մարտին կողմերը հայտարարել էին, որ խաղաղության պայմանագրի տեքստը լիովին համաձայնեցված է։ Սակայն դրա բովանդակությունը մինչ օրս մնում է անհայտ։ «Եթե փաստաթուղթը իրոք համաձայնեցված է և փոփոխությունների ենթակա չէ, ապա տրամաբանական է հարց տալ՝ ինչո՞ւ այն դեռ չի հրապարակվել», — նշել է Մելքոնյանը։

Քաղաքագետը հավելել է, որ որոշ տեղեկություններով՝ Աբու Դաբիում ձեռք է բերվել համաձայնություն՝ պայմանագիրը շուտով նախաստորագրելու վերաբերյալ։ Մելքոնյանը պարզաբանում է, որ նախաստորագրումը ենթադրում է պայմանագրի տեքստի վրա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների սկզբնատառերի նշումը՝ որպես քաղաքական կամքի ցուցադրում՝ այն հետագայում ստորագրելու համար, եթե դեռևս առկա չլուծված հարցերն իրենց լուծումը գտնեն։

Հայաստանի իշխանությունների համար խաղաղության պայմանագրի նախաստորագրումն ունի կարևոր քաղաքական նշանակություն հատկապես ընտրությունների նախաշեմին։ Այն հնարավորություն կտա ներքին լսարանին ներկայացնելու իբր խաղաղության գործընթացում առաջընթաց կա։ Ամենայն հավանականությամբ՝  շեշտը կդրվի այն փաստի վրա, որ եթե գործող իշխանական ուժը հաղթի, պայմանագրի ստորագրումը երաշխավորված կլինի Հանրային դիսկուրսում դա կարող է ներկայացվել «Մեր հաղթանակը = խաղաղություն» կարգախոսով։

Սակայն, ինչպես ընդգծում է Սերգեյ Մելքոնյանը, նախաստորագրումը կունենա իր գինը Հայաստանի համար, քանի որ կենթադրի ադրբեջանական կողմի նախապայմանների կատարում։ Դրանցից մեկը, ինչպես կարելի է ենթադրել, վերաբերելու  է Սյունիքով անցնող ճանապարհին։

Մելքոնյանը նշում է, որ Աբու Դաբիում կայացած հանդիպման արդյունքներից դատելով՝ բանակցությունների օրակարգում ընդգրկված չէր հաղորդակցությունների ամբողջական ապաշրջափակման հարցը. քննարկման առարկա է եղել բացառապես Սյունիքի ճանապարհը։ Դա, քաղաքագետի գնահատմամբ, դիվանագիտական առումով խնդրահարույց է հայկական կողմի համար։ «Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի մուտքը դեպի Իրան՝ Նախիջևանի տարածքով, ինչպես նաև կապը Ռուսաստանի հետ՝ Ադրբեջանի տարածքով։ Սակայն Բաքվի հայտարարություններից ու ընդհանուր հռետորաբանությունից պարզ է դառնում, որ այս ուղղությունները օրակարգում բացակայում են», – նշել է նա։

Քաղաքագետը նաև ընդգծել է, որ ներկայիս գործընթացում առանցքային դերակատար է Թուրքիան։ «Երբ Երևանն ու Բաքուն հայտարարում են, թե բանակցությունները վարվում են բացառապես երկկողմ ձևաչափով, դա նման է փորձի՝ անտեսելու սենյակում գտնվող փղին։ Իսկ այդ “փիղը” Թուրքիան է։ Այսօրվա բանակցային օրակարգը, ըստ էության, արտացոլում է թուրքական շահերն ու առաջնահերթությունները և կառուցված է հետևյալ սցենարով՝ խոսքը ոչ թե տարածաշրջանի բոլոր տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին է, այլ բացառապես այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկման», — ասել է Մելքոնյանը։

Քաղաքագետի խոսքով՝ Բաքվի և Անկարայի համար սկզբունքորեն կարևոր է, որ այս երթուղու վրա հայկական լիարժեք վերահսկողություն չլինի։ «Իլհամ Ալիևը պնդում է ճանապարհին հայերի և ադրբեջանցիների միջև ուղիղ շփումներ չպետք է լինեն, իսկ սա, ըստ էության, հենց «միջանցքի» տրամաբանություն է, անկախ նրանից, թե ինչպես այն պաշտոնապես կկոչեն։ Հայկական ներկայության 100 տոկոսանոց կրճատումը մինչև 50% կլինի առաջին քայլը, որին կհաջորդի մնացած 50%-ի չեզոքացման փորձը՝ մինչև թուրքական լիակատար գերիշխանության հաստատումը այս ճանապարհին», — բացատրեց նա։ Միևնույն ժամանակ, Մելքոնյանը զգուշացնում է, որ Հայաստանի կողմից այս բոլոր զիջումները կներկայացվեն որպես դիվանագիտական նվաճում, բայց իրականում ՀՀ-ն կստանա միայն նախաստորագրված համաձայնագիր, որը միջազգային իրավունքի տեսանկյունից իրական պարտավորություն չի ենթադրում։

Scroll to Top