Ընդդիմադիր վերնախավը շարունակում է թերագնահատել ստեղծված իրավիճակի լրջությունը և չի հասկանում, որ այսօր ընդդիմության միավորմանը այլընտրանք չկա։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Էդգար Էլբակյանը՝ մեկնաբանելով ընդդիմադիր դաշտում տիրող իրավիճակը։
«Ընդդիմության մասնատվածությունը, որը պայմանավորված է սուբյեկտիվ դրդապատճառներով, միայն ամրապնդում է իշխանությունների դիրքերը և թույլ է տալիս նրանց ի կատար ածել իրենց կործանարար ծրագրերը, երկիրը տանելով դեպի անդունդ», — նշել է Էլբակյանը։
Քաղաքագետը ընդգծել է, որ խնդիրը ոչ թե առանձին ընդդիմադիր առաջնորդների, այլ ամբողջ համակարգի մեջ է։ «Ժամանակակից քաղաքական դաշտը, որը ձևավորվել է խորհրդա-հայկական մշակույթի ազդեցության տակ 1991 թվականից հետո, ի սկզբանե հարմարեցված էր խաղաղ ժամանակներին։ Այս պահի դրությամբ դեռևս շարունակվում են հիմնվել նոր կուսակցություններ, և այլ հանգամանքներում դա կարելի էր միայն ողջունել, բայց ոչ հիմա, երբ մենք կարիք ունենք ազգային-ազատագրական պայքարի։ Նման պայքարը հասնում է իր նպատակին միայն այն դեպքում, եթե կա ուժի միասնական կենտրոն։ 1988 թվականին այդ կենտրոնը «Ղարաբաղ» կոմիտեն էր, 20-րդ դարի սկզբին՝ «Դաշնակցություն» կուսակցությունը։Ու դա ինքնանպատակ չէ. ամբողջ իմաստը կայանում է նրանում, որ այնտեղ կենտրոնացված լինի ազգի ողջ ուժը», — ասաց նա։
Էլբակյանը ցավով նշեց, որ ընդդիմությունը դեռևս չի հասկանում, որ հայ ժողովուրդը կանգնած է ազգային-ազատագրական պայքար մղելու անհրաժեշտության առջև։ Ընդդիմադիրները գործում են իներցիայով՝ սահմանափակվելով կուսակցություններ հիմնելով, կուսակցական գրասենյակներ և շտաբներ բացելով, հանձնաժողովներ կազմելով։ «Սրանք բոլորը քաղաքական պայքարի մեթոդներ են, բայց այս մեթոդները աշխատում են միայն խաղաղ ժամանակներում», — ընդգծեց քաղաքագետը։

