Բարդագույն միֆ

Տնտեսություն սահմանին. ինչ սպասել Հայաստանի և Թուրքիայի միջև հանդիպումից

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջիկա օրերին հանդիպման մասին՝ հաստատելով NTV հեռուստաալիքի լուրը:

Ըստ շրջանարվող տեղեկատվության՝ դեսպան Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունը Հայաստան կժամանի Ալիջանի անցակետով: Հանդիպման ժամանակ կողմերը կարող են քննարկել ինչպես հարաբերությունների կարգավորման գործնական քայլերը, այնպես էլ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:

 Հանդիպման մասին լուրերը, որոնք տարածվում են իշխանությունների կողմից TRIPP նախագծի շրջանակներում Թուրքիայի և Ադրբեջանի հետ կարգավորման հեռանկարների և խաղաղության պայմանագրի նախաստորագրման վերաբերյալ լավատեսության ֆոնին, արդիականացրել են քննարկումները այն մասին, թե ինչ  հնարավորությունների և մարտահրավերների կարող է բախվել Հայաստանի տնտեսությունը հայ-թուրքական սահմանի բացման պարագայում:

Բարդագույն միֆ

Տնտեսագետ Տիգրան Ջրբաշյանի խոսքով՝ սահմանի բացման համատեքստում «մենք գործ ունենք բարդագույն միֆի հետ, որը հիմնված է անվտանգության մեր խորքային ընկալումների վրա»։ Նա նշեց, որ այս թեմայով առաջին անգամ ուսումնասիրություն է անցկացրել դեռևս 2006-2007 թվականներին։ Ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ բազմամիլիարդ դոլարանոց շահույթի մասին կարծիքները այդքան էլ արդարացված չեն։

«Վերլուծությունը հնարավորինս օբյեկտիվ դարձնելու համար մենք օգտագործել ենք ամենաբարդ էկոնոմետրիկ մոդելներից մեկը՝ այսպես կոչված ընդհանուր հավասարակշռության մոդելը (CGE-model), որը թույլ է տալիս գնահատել քաղաքական որոշումների հետևանքները ամբողջ տնտեսության համար։ Մենք մի շարք եզրակացությունների ենք հանգել տնտեսության որոշակի ոլորտների վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ, ազդեցությունը գնահատվել է ինչպես մակրո, այնպես էլ միկրո մակարդակներում։ Ուսումնասիրության արդյունքները ուղարկվել են Քեմբրիջի և Հարվարդի համալսարաններ՝ գնահատման համար», — ասաց նա։

Ջրբաշյանը նշեց, որ այս ուսումնասիրության համաձայն՝ սահմանի բացումը կապահովեր կարճաժամկետ օգուտներ՝ կապված լոգիստիկայի և տարանցման ծախսերի կրճատման հետ։ Այն կարող էր  բերել շուկայի որոշ հատվածներում վերաբաշխման, բայց ընդհանուր առմամբ, ՀՆԱ-ի աճը կկազմեր 1.5-3% սահմանի բացումից հետո երեք տարվա ընթացքում։ Այս արդյունքները մեծ աղմուկ բարձրացրեցին, սակայն 2007թ․  այս հարցի վերաբերյալ անցկացրած միջազգային կոնֆերանսում մի շարք փորձագետներ, որոնք օգտագործում էին այլ վերլուծական մոդելներ, նույնպես հանգեցին նմանատիպ արդյունքների։ 

Խոսքը այլև ոչ միայն հայ-թուրքական սահմանի մասին է

Ջրբաշյանի խոսքով՝  այս ուսումնասիրության արդյունքները բնականաբար չի կարելի պռոյեկտել ներկայիս իրավիճակին։ «Այսօր մենք գործ ունենք բոլորովին այլ կառուցվածքի հետ, փոխվել է Թուրքիան, փոխվել են լոգիստիկ կապերը», — բացատրեց նա։ 

Այնուամենայնիվ, կան մի շարք հիմնարար ասպեկտներ, որոնք պետք է հաշվի առնվեն և որոնք մնացել են անփոփոխ այդ տարիներից ի վեր։

Փորձագետը նշեց, որ ի տարբերություն Թուրքիայի, որտեղ հայկական ապրանքներ գործնականում չկան, Հայաստանում վաճառվում են զգալի ծավալի թուրքական արտադրանք, որը մատակարարվում է Վրաստանի տարածքով։ Եթե սահմանը բացվի, այդ ապրանքների գները կարող են նվազել տարանցիկ ծախսերի կրճատման պատճառով, իսկ դրանց ծավալը կաճի։ Միևնույն ժամանակ, սահմանի բացումը կհանգեցնի առևտրային հարաբերությունների պաշտոնական հաստատման անհրաժեշտությանը, քանի որ Թուրքիան Հայաստանի ԱՀԿ-ին անդամակցելու ժամանակ ունեցել է վերապահումներ, դրանց թվում ԱՀԿ կանոնները իր կաղմից Հայաստանի նկատմամբ չկիրառումն էր։ Հետևաբար, սահմանի բացումից հետո կողմերը ստիպված կլինեն բանակցել առևտրի պայմանների շուրջ, ինչը կարող է երկար տարիներ տևել։ Հայաստանի համար սա մեծ դեր չի խաղում, քանի որ գործնականում արտահանում չկա դեպի Թուրքիա, մինչդեռ Թուրքիայի համար սահմանի բացումը որոշակի դժվարություններ է ստեղծում։

Բացի այդ, փորձագետը կոչ արեց չմոռանալ, որ խոսքը գնում է ոչ միայն հայ-թուրքական սահմանի մասին․ «Թուրքիան ԵՄ Մաքսային միության մաս է կազմում, Հայաստանը՝ ԵԱՏՄ անդամ, ըստ էության, սա ԵԱՏՄ-ի և ԵՄ Մաքսային միության սահմանն է։ Այսպիսով, այս երկու կողմերն էլ ունեն իրենց խոսքը ասելու, ինչը էլ ավելի կբարդացնի  գործընթացը»։

Scroll to Top