ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պատվիրակությանը՝ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի տնօրեն Բրենդան Հենրեհենի գլխավորությամբ։ Հանդիպման ընթացքում ամերիկյան կողմը հայտարարել է 145 միլիոն դոլարի ֆինանսական աջակցություն տրամադրելու մտադրության մասին։
Հանդիպման ընթացքում Բրենդան Հենրեհենը, մասնավորապես, նշել է. «Անչափ ուրախ եմ հայտնել, որ աշխատելով Կոնգրեսի հետ, մենք մտադիր ենք Հայաստանին տրամադրել 145 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Սա ֆինանսավորման առաջին մասնաբաժինն է ուղղված «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի և օգոստոսի 8-ին ձեռք բերված հարակից պայմանավորվածությունների իրագործմանը՝ առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»։
Հարց է առաջանում. ի՞նչ է նշանակում «աջակցությունը» գործնականում։ Եվ ե՞րբ այն հասանելի կդառնա Հայաստանին։
Աշխատանքը Կոնգրեսի հետ ընթացքի մեջ է
Բրենդան Հենրեհանի այն արտահայտությունը, որ աջակցությունը տրամադրվում է «Կոնգրեսի հետ աշխատելով», ունի որոշակի իմաստ ամերիկյան քաղաքական պրակտիկայում:
Գործնականում սա նշանակում է, որ առայժմ խոսքը ծրագրերի և քաղաքական կամքի մասին է, այլ ոչ թե միջոցների իրական փոխանցման: Կոնգրեսը պետք է պաշտոնապես հաստատի հատկացումները և թույլտվություն տա կոնկրետ նախագծերի իրականացման համար: Միայն այդ դեպքում միջոցները հասանելի կդառնան օգտագործման համար։
Այլ կերպ ասած, 145 միլիոն դոլարի հայտարարությունը գործընթացի առաջին քայլն է, ԱՄՆ-ի կողմից Հայաստանին աջակցելու մտադրության ազդանշան, բայց իրական ֆինանսավորումը կախված կլինի հետագա իրավական և վարչական ընթացակարգերից։
Ի՞նչ է ենթադրում «աջակցությունը»
Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ Բրենդան Հենրեչենն ասել է, որ ֆինանսավորումը կուղղվի «առևտրի, ենթակառուցվածքների, կարևորագույն հանքանյութերի մատակարարման շղթաների և միջսահմանային անվտանգության ասպարեզներում ներդրումներին աջակցելու միջոցով»։ ԱՄՆ դիվանագիտական և ֆինանսական պրակտիկայում նման աջակցությունը կարող է տարբեր ձևեր ունենալ։ Գործնականում դա կարող է լինել կամ անհատույց օգնություն, կամ վարկ։ Նաև աջակցությունը կարող է լինել փորձագետների, սարքավորումների, վերապատրաստման կամ խորհրդատվությունների տրամադրման տեսքով։
Այսպիսով, երբ խոսքը աջակցության մասին է, պարտադիր չէ, որ դա նշանակի գումարի ուղղակի փոխանցում Հայաստանին։ Ավելի հաճախ դա բարդ աջակցություն է, որը ներառում է տարբեր ռեսուրսներ, իսկ ստույգ ձևը և պայմանները որոշվում են միայն հետագա համաձայնագրերի ստորագրումից և բյուջեի հաստատումից հետո։
Ասպիսով, այս աջակցությունը այս պահի դրությամբ դեռ քաղաքական հայտարարություն է և օգնելու մտադրության ազդանշան, այլ ոչ թե ֆինանսավորման փաստ։

