Հայ-թուրքական հարաբերություններ՝ առանց նորությունների

Հայ-թուրքական հարաբերություններ՝ առանց նորությունների

Չնայած Վաշինգտոնում կայացած հանդիպումից հետո առաջացած մեծ ոգևորությանը և իշխանությունների հավաստիացումներին, որ ԱՄՆ-ում ձեռք բերված համաձայնությունները անխուսափելիորեն կազդեն նաև հայ-թուրքական հարաբերությունների վրա, էական առաջընթաց այստեղ այդպես էլ չարձանագրվեց։ Երկու երկրների հատուկ ներկայացուցիչների վերջին հանդիպումը եղավ դրա վառ հաստատումը՝ կողմերը պարզապես համաձայնեցին սկսել դեռ երկու տարի առաջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։

Ակնկալիքները բարձր էին, բայց իրական արդյունք չկար

Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանը քննադատաբար է գնահատել Թուրքիայի հատուկ ներկայացուցիչի վերջին այցը Հայաստան՝ նշելով, որ գործընթացը որևէ նոր շեշտադրում կամ արդյունք չի բերել։ Նրա խոսքով՝ այցի նպատակն ավելի շուտ ձևական բնույթ էր կրում․

«Այստեղ իրական գործընթացներ չկան։ Խոսքը կրկին հին պայմանավորվածությունների կյանքի կոչման մասին է, որոնք ձեռք էին բերվել երկու տարի առաջ։ Դիտեք, թե ինչպես էր իշխանամերձ մամուլը լուսաբանում այդ այցը՝ նախօրեին մեծ ակնկալիքներով, իսկ հետո՝ չափազանց մեղմ արձագանքներով։ Բայց վերջում պարզվեց, որ ոչ մի նոր բան չի ասվել․ պարզապես կրկնվել են նախկինում հնչած մտքերը, հաստատվել է հավատարմությունը արդեն եղած պայմանավորվածություններին»։

Միրզոյանի կարծիքով՝ եթե հանդիպումն ունեցել է միայն ձևական բնույթ։ Նա նշեց, որ դիվանության մեջ ընդունված տարբերակ է, երբ կողմերը փորձում ես ստեղծել տպավորություն, որ կա ինչ-որ մի գործընթաց։ 

Այստեղ հարց է առաջանում ՝ արդյո՞ք տպավորություն ստեղծելու այս ձգտումը երկուստեք է, թե՞ միայն թուրքական կողմն էր գնացել այդ քայլին։ Եթե դա միայն թուրքական կողմի ձգտումն էր, ապա ինչու՞ հայկական կողմը մեծ ոգևորվածությամբ լծվեց է նույն խաղին։

«Եթե նորություն չկա, ի՞նչ իմաստ ունի շարունակել դատարկաբանությունը։ Դա [հանդիպումը] տեղի ունեցավ այն ֆոնին, երբ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը հայտարարեց, որ սահմանները կբացվեն միայն այն դեպքում, երբ տեղի ունենան սահմանադրական փոփոխություններ և ընտրությունները ավարտվեն։ Սա հստակ ուղերձ է»։

Հայկական կողմը խաղում է Թուրքիայի դաշտում

Նախկին դիվանագետը շեշտեց, որ անձամբ ներգրավված է եղել հայ-թուրքական շփումներին դեռևս 1990-ականներից, և համարում է անընդունելի, երբ ներկայիս քաղաքական գործիչները անտեսում են այդ պատմությունը․

«Որոշ այսօր գործող անձինք ընդհանրապես պատկերացում չունեն, թե ինչ է տեղի ունեցել վերջին 30 տարիներին, ինչ շփումներ են եղել և ինչ է դրանց բուն էությունը։ Նրանք կոնտեքստից հանած խոսքերի հիման վրա փորձում են արդարացնել իրենց այսօրվա սխալները»։

Միրզոյանը հիշեցրեց, որ հայկական կողմը միշտ հանդես է եկել Ցեղասպանության ճանաչման դիրքերից․

«Մենք երբեք դա որպես նախապայման չենք դնում, բայց միշտ փոխանցել ենք, որ ցեղասպանությունը տեղի է ունեցել, և Թուրքիան պետք է հարգի այդ փաստը։ Որոշ դեպքերում դա նույնիսկ ըմբռնումով է ընդունվել թուրքական կողմից»։

Վտանգավոր շեղում ինքնության հիմքերից

Միրզոյանի կարծիքով՝ այսօր նկատվում է զիջումների մտահոգիչ միտում՝ հատկապես Ցեղասպանության հարցում․

«Երբ Արարատ Միրզոյանը ասում է, որ դա մեր օրակարգի առաջնահերթությունը չէ, դա արդեն լուրջ ազդակ է։ Եվ երբ խոսվում է նույնիսկ զոհերի թվի ճշտման մասին, դա ոչ միայն անգրագիտության դրսևորում է, այլև խայտառակություն։ Այս թեման մերձիշխանական շրջանակներում անընդհատ պահվում է օրակարգում»։

Նա կարծում է, որ սա պետք է դիտարկել ավելի լայն համատեքստում՝ որպես փորձ վերանայելու հայ ժողովրդի ինքնությունը․

«Երկրի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ պետք է ձևավորվի նոր գաղափարախոսություն, նոր հայ կերպար։ Եթե իշխանությունները ցանկանում են հրաժարվել Ցեղասպանության հիշատակումից, վերանայել մեր պատմությունը, Արարատ սարը և մնացած արժեքները, ապա խոսքը գնում է մեր ինքնության վերաձևավորման մասին։ Դա շատ վտանգավոր և հանցավոր քայլ է»։

Միրզոյանը ընդգծում է, որ ոչ մի քաղաքական ուժ չի կարող նման որոշում կայացնել ամբողջ ժողովրդի անունից․

«Հայ ժողովուրդը միայն Հայաստանի Հանրապետությունը չէ։ Դա նաև սփյուռքն է, նաև այն մարդիկ, որոնք պատրաստ են ամեն ինչի՝ Ցեղասպանության ճանաչման և Արարատ սարի համար։ Այս ամենը անընդունելի է և հանցավոր»։

Scroll to Top