Նոր աշխարհակարգ՝ նոր մեգակայսրություններ

Քաղաքական խաղերից՝ շահերի վաճառք. իշխանության ներքին ռազմավարությունը

Հայաստանի իշխանությունների կողմից ներքին քաղաքական դիսկուրսում օգտագործվող հակադրությունները՝ «արևմտամետներ vs. ռուսամետներ», «նախկիններ vs. ներկաների», «թալանչիներ vs. թալանվածների», «սևեր vs. սպիտակների», բնական բևեռացում չեն, այլ քաղաքական տեխնոլոգիա, որն ուղղված է հասարակության կառավարելիության ապահովմանը։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

«Եթե մի խավարասեր դնեք սպիտակ թղթի վրա և նրա շուրջը սև գիծ քաշեք. նա կշարժվի ներսում, բայց գծից դուրս չի գա։ Այսինքն՝ մենք դրանով ստեղծեցինք  խավարասերի համար ծուղակ։ Նույն կերպ, նման քաղաքական դիսկուրսները ձևավորում են մտածողության ծուղակներ՝ ապահովելով հասարակության նկատմամբ վերահսկողության ավելի բարձր մակարդակ», — ընդգծել է Դանիելյանը։

Նրա խոսքով՝ նման մեխանիզմներում նույնիսկ տրամաբանությունը կարևոր չէ։ Մասնավորապես, հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, «արևմտամետ» տերմինը, նրա կարծիքով, գործնականում կորցրել է իր իմաստը, քանի որ Արևմուտքը միատարր չէ։ «Այնտեղ ընթանում է լուրջ գաղափարախոսական պայքար։ Հետևաբար, ասելով «արևմտամետ», անհրաժեշտ է հստակեցնել, թե կոնկրետ ո՞վ է նկատի առնվում «Արևմուտք» ասելով։ Ո՞ր Միացյալ Նահանգների մասին է խոսքը․ պայմանականորեն ասած՝ «Բայդենի Ամերիկա՞յի», թե՞ «Թրամփի Ամերիկայի», գլոբալիստների՞, թե՞ կայսերապաշտների։ Ի՞նչ ենք նկատի ունենում Եվրոպայի մասին խոսելիս՝ Մակրոնի Ֆրանսիա՞ն, թե՞ Լե Պենի Ֆրանսիան։ Չէ՞ որ սա պարզապես ներքին քաղաքական հակամարտություն չէ, սա աշխարհայացքների հակադրություն է», — նշել է քաղաքագետը։

Հասարակության կառավարելիությունն ապահովելու նպատակով բաժանարար գծեր անցկացնելու տեխնոլոգիան վաղուց և արդյունավետ կերպով կիրառվում է աշխարհում։ 2018 թվականից սկսած՝ նմանատիպ մեխանիզմներ ակտիվորեն օգտագործվում են նաև Հայաստանում։

Ըստ փորձագետի՝ գործող վարչապետը նաև օգտագործում է քաղաքական տեխնոլոգիաների մի շարք այլ գործիքներ։

«Միևնույն մտքի, կարճ, կարգախոսային հայտարարությունների անընդհատ կրկնությունը, ներքին պառակտման ներմուծումը՝ այսպես կոչված «ներքին թշնամիների» մասին հռետորաբանության միջոցով, հասկացությունների փոխարինումը՝ օրինակ, «պատերազմում պարտությունը իրականում ինքնիշխանության հաղթանակ է» և այլն, այս բոլորը գործիքներ են, որոնք ակտիվորեն կիրառվում են ներկայիս իշխող էլիտայի կողմից և, ընտրությունների մոտենալուն զուգահեռ, միայն կուժեղանան», — նշել է Դանիելյանը։

Բացի ներքին բաժանարար գծերի օգտագործումից, իշխանությունները, քաղաքագետի խոսքով, ձգտում են նաև արտաքին աջակցություն ստանալ։ Ընդգծելով վարչապետի վերջին ամիսների բազմաթիվ արտասահմանյան այցերը՝ Դանիելյանը նշել է, որ գործող իշխանությունը փաստացի փորձում է «վաճառել» պետական շահերը՝ սեփական քաղաքական վերարտադրությունն ապահովելու համար։

«Ես համաձայն չեմ այն պնդման հետ, թե իշխանությունների գործողությունները կարելի է բնութագրել որպես Հայաստանը մեկ այլ երկրի վասալ դարձնելու ձգտում։ Այսօր տեղի ունեցողը շատ ավելի վատ է։ Պատմականորեն վասալի և սյուզերենի հարաբերությունները ենթադրում էին փոխադարձ պարտավորություններ։ Մեր դեպքում հայկական իշխանությունը փաստացի 99 տարով ԱՄՆ-ին է հանձնել տարածքի մի մասի կառավարումը, ինչը հանգեցրել է երկրի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության կորստին, սակայն դրա դիմաց Հայաստանը ոչինչ չի ստացել։ «Վասալ-սյուզերեն» մոդելը նույնպես ռազմավարություն է, սակայն նույնիսկ այդ մոդելը մենք այսօր չենք տեսնում։ Մենք ականատես ենք լինում ազգային շահերի բացահայտ վաճառքի մեխանիզմին», — հայտարարել է նա՝ մեղադրելով իշխանություններին պետական ​​մտածողության բացակայության մեջ։

Քաղաքագետը նաև հավելել է, որ գործող իշխող թիմի մոտ պետական մտածողության բացակայությունը ժամանակին արդեն հանգեցրել է պատերազմի։

«2020 թվականի պատերազմը դիվանագիտական մտքի պարտություն էր։ Այդ ժամանակաշրջանում արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Զոհրաբ Մնացականյանը չուներ քաղաքական մտածողություն, չէր հասկանում և չկարողացավ ճիշտ գնահատել իրավիճակը՝ թե՛ տարածաշրջանում, թե՛ աշխարհում։ Ներքին քաղաքական դաշտում այդ ժամանակ առկա բանավեճի որակը նույնպես վկայում էր իրական սպառնալիքների վերաբերյալ ընկալման բացակայության մասին։ Նույն մտածողության բացակայությունը նկատվում էր նաև բանակում։ Արդյունքում տեղի ունեցավ պարտություն», — հայտարարել է նա։

Scroll to Top