Ապաշրջափակման նոր փուլ. տնտեսական շահե՞ր, թե քաղաքական մանիպուլյացիաներ

Ապաշրջափակման նոր փուլ. տնտեսական շահե՞ր, թե քաղաքական մանիպուլյացիաներ

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման և ճանապարհների բացման թեմայի շուրջ վերջին օրերին հնչում են ուշագրավ, եթե չասենք՝ հատկանշական հայտարարություններ։ Նախ՝ Ղազախստանի նախագահի հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Ադրբեջանը վերացրել է Հայաստանի ուղղությամբ բեռների տարանցման սահմանափակումները։ Ըստ հայտարարության՝ առաջին բեռնափոխադրումը, որը կարող է իրականացվել Ադրբեջանի տարածքով, կլինի ղազախական ցորենը։ Այս թեմային զուգահեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հենց այսօրվանից Հայաստանը պատրաստ է ապահովել բեռնատարների տարանցումը Թուրքիայից Ադրբեջան և հակառակը՝ Մարգարա–Եղեգնաձոր–Սիսյան–Գորիս երթուղով։

Ի՞նչ զարգացումներ են տեղի ունենում տարածաշրջանում և ինչ ենթատեքստ ունեն այս հայտարարությունները․ իր դիտարկումներն է ներկայացնում միջազգային հարցերի փորձագետ Գրիգոր Բալասանյանը։

Ղազախական ցորենը՝ այլընտրա՞նք

Բալասանյանի խոսքով՝ վերջին օրերին շատ է խոսվել այն մասին, թե իբր Ադրբեջանի տարածքով Ղազախստանի ցորենի տարանցումը կարող է դառնալ Հայաստանի համար «երկրորդ փրկության դուռ»։ Սակայն, ինչպես նշում է փորձագետը, իրական պատկերը բոլորովին այլ է։

«Նախ՝ պետք է արձանագրել մի փաստ․ 2024 թվականին Ղազախստանը ցորեն արտադրող երկրների շարքում զբաղեցնում էր 14-րդ տեղը, իսկ 2025-ին արտադրությունը և արտահանումը 24 թվականի համեմատ կրճատվել է 38 տոկոսով», – նշեց նա։ Բալասանյանը հիշեցրեց նաև, որ Ղազախստանի կառավարությունը որոշում է ընդունել մինչև 2050 թվականը սահմանափակել կամ գրեթե դադարեցնել ցորենի արտահանումը՝ առաջնահերթ ապահովելով ներքին պահանջարկը։

Այս պայմաններում, նրա կարծիքով, խոսել այն մասին, որ Ղազախստանը կարող է իրական այլընտրանք դառնալ ռուսական ցորենին, առնվազն միամտություն է։ «Ռուսաստանը արդեն երրորդ տարին շարունակ առաջինն է ցորեն արտադրող երկրների շարքում, մինչդեռ ղազախական ցորենի մատակարարումը Հայաստանին լոգիստիկ առումով մի քանի անգամ ավելի թանկ կարժենա, քան ռուսականը», – ընդգծեց նա։

Ալիևի «փրկության հացի» մանիպուլյացիան

Փորձագետը նաև մանրամասնեց, որ Ղազախստանի ցորենը Բաքու է հասնում ծովային ճանապարհով, այնտեղից երկաթուղով՝ Բաքու–Ախալքալաք–Կարս ուղղությամբ, ապա՝ Վրաստանի Սևծովյան նավահանգիստներով։ «Այսինքն՝ տարանցման ծախսը կրկնապատկվում է․ մի քանի անգամ վճարվում է տարանցման գումար, մինչդեռ Ռուսաստանից ցորենը Հայաստան է բերվում անմիջապես՝ Կրասնոդարի մարզից ուղիղ մատակարարումներով», – նշեց Բալասանյանը։

Նրա խոսքով, եթե իսկապես անհրաժեշտ է ցորեն ներկրել Ղազախստանից, դա հնարավոր է անել առանց Ադրբեջանի միջամտության․ Ղազախստան–Ռուսաստան սահմանային հատվածից՝ Աստրախանի միջոցով, մատակարարումը կարելի է կազմակերպել Լարսի ճանապարհով։

«Այդ դեպքում ո՛չ տեխնիկական, ո՛չ քաղաքական պատճառ չի լինի Ալիևին հնարավորություն տալու ամեն պատեհ առիթով հայտարարելու, թե իբր նա “փրկության հացն” է հասցնում Հայաստան», – ասաց փորձագետը։ Նրա համոզմամբ՝ այս թեման ավելի շուտ մանիպուլյատիվ և քաղաքական նպատակներով շահարկվող հայտարարություն է, քան իրական տնտեսական նախաձեռնություն։

Իրավական խոչընդոտներ և շտապողականության դրսևորում

Խոսելով Հայաստանի վարչապետի հայտարարության մասին, որը վերաբերում է ադրբեջանական և թուրքական բեռների տարանցիկ փոխադրմանը, քաղաքագետ Բալասանյանը շեշտել է, որ ճանապարհների և հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը ինքնին վատ բան չէ, սակայն այս գործընթացը պետք է իրականացվի հստակ պայմանավորվածությունների հիման վրա։

«Անհրաժեշտ է նախքան այդ քայլերին անցնել, Ադրբեջանի և Թուրքիայի հետ ստորագրել առանձին առևտրային և մաքսային համաձայնագրեր», — նշել է նա՝ հավելելով, որ առանց նման համաձայնագրերի չի կարելի իրականացնել որևէ ազատ տարանցում։

Բալասանյանի խոսքով՝ թուրքական և ադրբեջանական ապրանքների մուտքը Հայաստան նշանակում է դրանց մուտք նաև ԵԱՏՄ մաքսային տարածք, ինչը ենթադրում է վճարումներ երրորդ պետությունների համար.
«Հարց է առաջանում՝ արդյո՞ք Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են այդ վճարումները կատարել։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս ենք բացատրելու մեր ԵԱՏՄ գործընկերներին, որ Հայաստանի մասով մուտքերը բյուջե չեն իրականացվել», — ընդգծել է նա։

Նա հիշեցրել է, որ Հայաստանը տարեկան ստանում է ԵԱՏՄ միասնական բյուջեի մոտ 1,32 տոկոսը, և նման դեպքերում պետք է հստակեցվի, թե ինչ ընթացակարգով են կատարվելու վճարումները։

Քաղաքագետը նաև օրինակ է բերել Իրանի հետ կնքված համաձայնագրի փորձը.
«2019 թվականին Իրանի հետ մենք ստորագրեցինք ժամանակավոր առևտրային համաձայնագիր, որով մեր տոկոսադրույքը դարձավ զրոյական։ Հետագայում Իրանի կողմից ևս տուրքերը զրոյացվեցին։ Նմանատիպ պայմանագիր անհրաժեշտ է նաև Ադրբեջանի և Թուրքիայի հետ», — ասել է Բալասանյանը։

Ըստ նրա՝ այս գործընթացը բարդ և բազմաշերտ է, և դրա իրականացումը պահանջում է մանրակրկիտ նախապատրաստություն․
«Այժմ հայ–ադրբեջանական սահմանին նույնիսկ մաքսակետեր չկան։ Անհասկանալի է՝ որտեղ է կանգնելու հայ սահմանապահը, ինչ տարածք է համարվելու չեզոք գոտի, և արդյո՞ք դա ընդունելի կլինի Ադրբեջանի համար։ Այդ հարցերը դեռ պետք է հստակեցվեն», — նշել է նա։

Բալասանյանը եզրափակել է՝ շտապողականությունը այս հարցում անթույլատրելի է. գործընթացը պետք է ընթանա իրավական և քաղաքական հստակ հիմքերի վրա։

Scroll to Top