Հայաստանի Էներգետիկ անվտանգության մարտահրավերները

Հայաստանում էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացման գաղափարը վաղուց շրջանառվում է որպես ժամանակակից տնտեսական քաղաքականության անհրաժեշտություն: Սակայն ցանկացած ազատականացման գործընթաց պետք է առաջնորդվի մեկ հիմնարար սկզբունքով՝ «մի՛ վնասիր»: Սա հատկապես կարևոր է այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որոնք ունեն անվտանգության համակարգային մարտահրավերներ, իսկ էներգետիկան հանդիսանում է երկրի տնտեսական և ազգային անվտանգության առանցքային բաղադրիչներից մեկը:
Աշխարհում գերակշռում է էներգետիկ շուկաների բացման և մրցակցության խթանման միտումը: Տեսականորեն, սա բարձրացնում է արդյունավետությունը և բարելավում ծառայությունների որակը:
Սակայն Հայաստանի պայմաններում առաջնային է պահպանել այն հուսալիության մակարդակը, որն արդեն իսկ ձեռք է բերվել ոլորտում: Խաղացողների թվի ավելացումը և նոր տեխնոլոգիաների ներգրավումը ողջունելի են, սակայն դրանք պետք է տեղի ունենան աստիճանաբար և հստակ վերահսկողությամբ՝ առանց վտանգի ենթարկելու էներգետիկ համակարգի կայունությունն ու կառավարելիությունը:

Հայաստանի էներգետիկ համակարգը բաղկացած է մի քանի փոխկապակցված հատվածներից՝ էլեկտրաէներգիա, գազ, շարժիչային վառելիք, կոմունալ ծառայություններ, գյուղատնտեսական և կենցաղային սպառման ոլորտներ: Յուրաքանչյուր ոլորտում երկրի ներմուծումից կախվածության աստիճանը տարբեր է: Օրինակ, շարժիչային վառելիքի (բենզին, դիզել, սեղմված գազ) առումով Հայաստանը ամբողջությամբ կախված է ներմուծումից, իսկ էլեկտրաէներգիայի արտադրության մասով՝ փաստացի անկախ է և նույնիսկ հանդիսանում է զուտ արտահանող։

Սա նշանակում է, որ երբ խոսվում է էներգետիկ անկախության մասին, անհրաժեշտ է հստակեցնել, թե որ հատվածի մասին է խոսքը: Միայն այդ դեպքում կարելի է իրական գնահատական տալ պետության էներգետիկ անվտանգությանը:

Վերջին տարիներին արևային էներգետիկան դիտարկվում է որպես հուսադրող ուղղություն՝ էներգետիկ անկախությունը մեծացնելու տեսանկյունից: Արևային ֆոտովոլտայիկ կայանները, օրինակ, կարող են ապահովել մինչև 5-10% էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրության մեջ։ Սա իրատեսական և կառավարելի մակարդակ է, եթե խոսքը գնում է ցանցի վրա բաշխված ծանրաբեռնվածության պայմաններում:

Սակայն արևային և հողմային էներգիաները չեն կարող փոխարինել բազային գեներացիոն հզորություններին, որոնք պահանջվում են տարվա 365 օրը, անընդհատ և կանխատեսելի աշխատանք ապահովելու համար: Դրանք ավելի նպատակահարմար են օգտագործման նիշայական դեպքերում, երբ, օրինակ, տվյալ տարածքում տեխնիկապես կամ տնտեսապես անհնար է միանալ կենտրոնական ցանցին: Հայաստանի հեռավոր գյուղական շրջաններում այս տեխնոլոգիաներն արդեն կիրառվում են, մասնավորապես հեռահաղորդակցման ռետրանսլյացիոն կայանների սնուցման համար:

Էներգետիկ համակարգի ֆիզիկական անվտանգությունը դարձել է առաջնային՝ հատկապես վերջին տարիներին ուկրաինական հակամարտության ֆոնին: Ատոմային կայանները, որոնք երկար ժամանակ դիտվում էին որպես ռազմական գործողություններից անմասն ենթակառուցվածքներ, այժմ դարձել են հարվածի թիրախներ: Ուկրաինայի և Ռուսաստանի օրինակները ցույց են տալիս, որ ատոմակայանների շուրջ ռազմական գործողությունների անթույլատրելիության սկզբունքը աստիճանաբար խախտվում է:
Հայաստանը նույնպես ունեցել է նման սպառնալիքների փորձ՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում Ադրբեջանից հնչած սպառնալիքները Մեծամորի ԱԷԿ-ի հասցեին դրա վկայությունն են։

Այդ իսկ պատճառով երկրի ռազմավարական ենթակառուցվածքների պաշտպանությունը վերածվել է առանցքային հարցի: Ներկայումս ՀՀ տարածքում տեղակայված են ռուսական զենիթահրթիռային համալիրներ, որոնք կատարում են թե՛ հակաօդային, թե՛ հակահրթիռային պաշտպանություն՝ ներառյալ ԱԷԿ-ի և այլ կարևոր օբյեկտների անվտանգությունը:

Հայաստանը կանգնած է նաև կարևոր որոշման առջև՝ կապված գործող ԱԷԿ-ի շահագործման ժամկետի ավարտից հետո նոր էներգաբլոկի կառուցման հետ։ Այս պահին գործում է ՀՀ վարչապետի կարգադրությամբ ստեղծված հանձնաժողով, որն ուսումնասիրում է տարբեր տեխնոլոգիական լուծումների արդյունավետությունը և հարմարավետությունը։ Ըստ արդեն գոյություն ունեցող պայմանավորվածությունների՝ Ռուսաստանը պատրաստ է մատակարարել նոր սերնդի ռեակտորներ՝ տարբեր հզորություններով, սկսած փոքր մոդուլային լուծումներից մինչև ավանդական ВВЭР տիպի ռեակտորներ։

Միևնույն ժամանակ, քննարկվում է նաև համագործակցության հնարավորությունը ԱՄՆ-ի հետ՝ 1,2,3 պայմանագրի ստորագրման տեսքով, ինչը թույլ կտար ստեղծել տեխնոլոգիական տեղեկատվության փոխանակման իրավական հիմք։

Այսպիսով՝ Հայաստանի էներգետիկ քաղաքականությունը կանգնած է բարդ ընտրությունների առջև՝ ազատականացում, էներգետիկ անկախություն, վերականգնվող էներգիայի զարգացում և ազգային անվտանգության ապահովում։ Յուրաքանչյուր որոշում պետք է հիմնված լինի համակարգային վերլուծության վրա և չվտանգի արդեն ձեռք բերված կայունությունն ու անվտանգությունը։

Ազատականացումը նպատակ է, բայց ոչ ինքնանպատակ։ Այն պետք է ծառայի երկրի երկարաժամկետ շահերին՝ ապահովելով ոչ թե միայն տնտեսական արդյունավետություն, այլ նաև ռազմավարական պաշտպանունակություն։

Նանա Վահրամյան

Scroll to Top