Կառավարության 2021–2026թթ. ծրագրով նախատեսված էր պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատումը պայմանագրային ծառայության ընդլայնման հաշվին։ Այս ուղղությամբ առաջին էական քայլը ներկայացվել է ՝ խորհրդարանական հանձնաժողովում քննարկված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությամբ, որով պարտադիր զինծառայությունը 24 ամսից դառնում է 18 ամիս՝ սկսած 2026 թվականի հունվարի 1-ից։
Նախքան նախագծի ընդունումը վարչապետը հայտարարում էր՝ գործող իշխանությունը այս ռեֆորմով փորձում է անցում կատարել «մարտունակ բանակից» դեպի «պաշտպանունակ բանակ», որը, ըստ նրա, ավելի արդյունավետ կերպով կպաշտպանի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Սակայն խորհրդարանական ընդդիմությունը պահանջում է հստակ ու հիմնավոր բացատրություններ՝ արդյոք ժամկետի կրճատումը չի ստեղծի լրացուցիչ ռիսկեր և արդյոք արվում են բավարար քայլեր այդ ռիսկերը կառավարելու համար։
Այս հարցերի շուրջ իրենց կարծիքը հայտնեցին փորձագետներ Վիտալի Մանգասարյանը և Կարեն Վրթանեսյանը։
Նախընտրական քայլ, պաշտպանական բարեփոխման փաթեթավորմամբ
Վրթանեսյանը առավել կտրուկ գնահատական տվեց նախագծին՝ այն համարելով նախընտրական հաշվարկված քայլ.
«Մենք գործ ունենք հանրության մի մասի՝ զորակոչային տարիքի երեխա ունեցող խմբի, ըստ էության նախընտրական կաշառքի նման մի քայլի հետ. ընտրությունների նախաշեմին իշխանական թիմը հայտարարում է՝ ձեր որդիները կես տարի պակաս կծառայեն»։
Նախապես նախատեսված էր 2026-ի ամռանը, այժմ որո՛ում է կայացվել տեղափոխվել բարեփոխումը հունվար։ Այսինքն սա բացարձակ նախընտրական տրամաբանություն է, նշում է փորձագետը։
Վրթանեսյանը նշեց, որ ռեֆորմի իրականացման հարցում շտապողականությունը շատ անգամ փորձում են հիմնավորել կառավարության ծրագրի դրույթները կատարելու անհրաժեշտությամբՒ Սակայն փորձագետի կարծիքով՝ կառավարության ծրագրին հղում անելն իմաստ չունի, քանի որ «ծրագրի մյուս բազմաթիվ կետերը չեն կատարվել, նույնիսկ արվել է դրանց հակառակը»։
Նա նաև նշում է, որ ծառայության կրճատումը իրականում նոր բեռ է դառնալու ընտանիքների համար՝ պահեստազորի հավաքների տեսքով․
«Եթե երիտասարդը կես տարի քիչ է ծառայելու, ապա նրա հայրը, ավագ եղբայրները լրացուցիչ կանչվելու են այսպես կոչված վարժական հավաքներիՒ Դրանք իրականում պահեստազորի հավաքներ են, որի ժամանակ մարտական հերթապահություն են իրականացնում։ Վարժական տարը ընդամենը յոթ օր է։ Դա է իրականությունը»։
Նա հավելեց, որ այդ նույն պահեստազորի հավաքները հիմնավորելու համար պաշտպանության փոխնախարարը հայտարարել էր, որ գոյություն ունի կենդանի ուժի պակաս, դիրքերը պահելու չեն հերիքում մարդիկ: Այսինքն իրականությունն այն է, որ երբեմն ամսից ավել են մարդիկ ստիպված լինում մարտական դիրքերում լինել, որովհետև փոխարինող չեն ունենում։
Վրթանեսյանի գնահատմամբ՝ կրճատումը միայն կսրի արդեն գոյություն ունեցող մարդկային ռեսուրսի պակասը․
«Հիմա արդեն տեղի է ունենում, որ մեկ ամիս ծառայած զինվորին տանում են դիրքեր։ Եթե ծառայությունը դառնում է մեկուկես տարի, այդ խնդիրը միայն խորանալու է։ Պաշտպանության նախարարությունն արդեն հայտարարել է՝ ավելի երկարատև հերթապահություններ են լինելու, այդ թվում մինչև 20 օր»։
4200 պայմանագրայինը չի կարող ապահովել կայուն աճ
Մանգասարյանը նշեց, որ իշխանության կողմից ներկայացված հիմնավորումները բավարար չի համարում և ընդգծում է, որ ներկայացված ծրագրերից շատերը ուղղակիորեն կապ չունեն զինծառայության ժամկետի կրճատման հետ։
Նրա խոսքով՝ իշխանությունը որոշումը հիմնավորում է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շուրջ 4200 պայմանագրային զինծառայողների առկայությամբ․
«Իշխող ուժը փորձում է համոզել, որ հավելյալ 4200 պայմանագրայինի հաշվին կարող է կրճատել ժամկետային ծառայությունը մեկուկես տարվա։ Բայց այստեղ կա շատ կարևոր նրբություն․ եթե ժամկետային ծառայությունը դառնում է 18 ամիս, ապա «Պաշտպան հայրենյաց» ծրագրի գրավչությունը նվազելու է»։
Մանգասարյանը ընդգծում է, իշխանության կողմից ներկայացված տրամաբանությամբ դինամիկ աճ ակնկալելը «ստրատեգիական սխալ» է.
«Եթե մենք կրճատում ենք ծառայությունը, բայց չունենք բավարար մարդկային ռեսուրս, ապա բացը լրացնելու համար 25-օրյա վարժական հավաքները չեն լուծի խնդիրը։ Իսկ այս պահին հենց այդ մեխանիզմով է փորձ արվում լրացնել անձնակազմի պակասը»։

