Ժամանակավոր անդորր. սպառնալիքը տեղափոխվում է 2028 թվական

ԵԱՀԿ ՄԽ 2019-ի առաջարկները ապահովում էին ստատուս–քվոյի պահպանումը

2019 թվականին ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրները արել էին այնպիսի առաջարկ, որը Ադրբեջանը չէր ընդունելու, բայց դրա հետևանքը մնալու էր ադրբեջանական կողմի ուսերին։ Նման կարծիք հայտնեց  քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ մեկնաբանելով կառավարության կողմից օրերս հրապարակված 2019 թվականի ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները Արցախյան հիմնախնդրի կարգավորման շուրջ։ 

«2019 թվականի առաջարկը, որպես բանակցային փաստաթուղթ, որպես բանակցությունները շարունակելու հիմք, կարելի է գնահատել որպես բավականին ընդունելի տարբերակ։ Այո, այդ դեպքում Արցախը ամբողջությամբ հայկական չէր մնում, միայն որոշակի հատվածը կլիներ հայկական։ Սակայն այդ առաջարկի տրամաբանության մեջ կային բազմաթիվ ներքին հակասություններ, ինչպես նաև Ալիևի համար անընդունելի կետեր», — նշեց նա։

Ըստ Մելիք-Շահնազարյանի՝  քանի որ բանակցային գործընթացը կառուցված էր «ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ» սկզբունքով, հնարավոր չէր ապահովել շրջանների հանձնումը, առանց համաձայնելու հանրաքվեի անցկացմանը։ Սակայն Արցախում հանրաքվե կազմակերպելու համար Ալիևը ստիպված կլիներ փոխել Ադրբեջանի սահմանադրությունը, քանի որ այն չէր թույլատրում հանրաքվե անցկացնել առանձին տարածքներում,  իսկ Արցախը Բաքվում համարում էին Ադրբեջանի մաս։  Եթե Ադրբեջանը համաձայնվեր այդ գործընթացին, անհասկանալի էր, թե ինչ ներքաղաքական հետևանքներ դա կունենար Ալիևի իշխանության համար, սա այն քայլը չէր, որը Բաքուն կարող էր հեշտությամբ անել, նշում է փորձագետը։

«Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ալիևի այս մտասևեռվածությունը, պատասխանն է հենց այս գործընթացներին՝ այն ժամանակ իրենից էր պահանջվում սահմանադրություն փոխել, որպեսզի ինչ-որ մի առաջընթաց լինի։ Հիմա դա պատասխանն է Ալիևի այն ժամանակվա իր նեղ վիճակին․ “Դուք դուք ինձնից էիք պահանջում, դե հիմա տեսեք, թե սահմանադրություն փոխելու պահանջը ոնց է լինում”», — նշեց Մելիք-Շահնազարյանը:

Նա համոզված է, որ 2019 թվականի համանախագահների առաջարկների ներքին հակասությունները նպատակային էին ներմուծված բանակցային փաթեթի մեջ։ Ձևակերպումները տրված էին այնպես, որ տարածքների զիջումը լիներ գրեթե անհնար, բայց առաջարկի մերժման քաղաքական պատասխանատուն դառնար հենց Ալիևը։ «Հայաստանը նման պարագայում չէր ունենում որևէ լուրջ խնդիր միջազգային հանրության հետ, քանի որ տապալման հեղինակն ու պատասխանատուն կլիներ ադրբեջանական կողմը», — բացատրեց նա։

Այսպիսով, փորձագետի խոսքով, 2019 թվականին համանախագահների առաջարկներին համաձայնելով՝ Հայաստանն ուներ բոլոր հնարավորությունները պահպանելու այդ ժամանակ գործող ստատուս քվոն։ Նա պնդում է, որ ստատուս–քվոն հնարավոր էր պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն ուներ ուժերի հավասարակշռություն։

«Ռազմական բալանսի կտրուկ խախտում չի եղել մինչև պատերազմի սկիզբը», — հսմոզված է նա։ Ըստ քաղաքագետի՝ ռազմական հավասարակշռությունը սկսեց փոխվել այն հանրահայտ «վերելակային» պայմանավորվածություններից հետո, երբ կողմերը համաձայնել էին չկրակել իրար վրա։ 

«Այդ ժամանակ ադրբեջանցիները հնարավորություն ստացան սահմանում իրականացնել ամրաշինական աշխատանքներ, մեր դիրքերի միջև ճանապարհներ կառուցել, դրանք վերցնել վերահսկողության տակ և արդեն այդտեղ սկսվեց դանդաղ, բայց հետևողական բալանսի խախտումը։

Խախտումը տեղի ունեցավ նաև այն պահին, երբ մենք սկսեցինք առաջնագծում փոխել հրամանատարներին։ Փորձառու, դիրքերին ծանոթ, պատերազմի իրականությունն ընկալող հրամանատարներին փոխարինեցին իրենց կամակատարներով, ինչը ազդեց ռազմական կառավարման որակի վրա», — եզրափակեց նա։

Scroll to Top