Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ռուսաստան վերջին այցի շրջանակներում քննարկումների հիմնական թեման կապված է եղել այսպես կոչված «Թրամփի ուղու» նախագծի հետ, որը ենթադրում է տարածաշրջանային լոգիստիկ նոր լուծումներ և հաղորդակցությունների ապաշրջափակում։ Այս մասին ասաց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Ռուսաստանը ակտիվանում է
Նրա խոսքով՝ պատահական չէ, որ այդ ընթացքում ռուսական իշխանությունների ներկայացուցիչները հրապարակայնորեն խոսում են լոգիստիկ ճանապարհների բացման արդյունքում բեռների տեղաշարժի հնարավորությունների մասին, այդ թվում՝ Ադրբեջանով դեպի Հայաստան և հակառակ ուղղությամբ։ Քննարկվում է նաև Հայաստանի տարածքից բեռների արտահանման հնարավորությունը։ Միաժամանակ ռուսական կողմը հայտարարում է, որ Մեղրիի հատվածում գոյություն չունեցող երկաթուղային սեգմենտը պատկանում է ռուսական երկաթուղային կազմակերպությանը, և հնչեցվում են առաջարկներ նոր հաղորդակցությունների բացման վերաբերյալ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ գործող վարչապետը գիտակցում է, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում գտնվում է ոչ այնքան մրցակցային դիրքում։ Այդ պատճառով նա հաճախ հանդես է գալիս որոշակի խոստումներով ու հայտարարություններով, սակայն ոչ հեռավոր ապագայում այլ հարթակներում՝ հատկապես արևմտյան և ամերիկյան գործընկերների հետ շփումներում, հնչեցնում է ամբողջովին այլ մոտեցումներ։ Ղևոնդյանը հիշեցնում է, որ Փաշինյանը մերժել է ռուսական միջնորդությունը հայ-ադրբեջանական «խաղաղության օրակարգի» հարցում, և դա, նրա համոզմամբ, Մոսկվայում չեն մոռացել։
Առաջիկայում տեղի կունենա «մեծ առևտուր»
«Այստեղ կա նաև մեկ այլ հանգամանք․ Մոսկվան Վաշինգտոնի հետ նույնպես քննարկումներ է վարում «Թրամփի ուղու» շուրջ, և այն, ինչ գուցե չի պատկերացնում գործող վարչապետը, լավ հասկանում է Ռուսաստանի ղեկավարությունը», – նշում է Ղևոնդյանը։ Նրա խոսքով՝ քննարկումներ են ընթանում այն մասին, թե ինչ ձևաչափով և ինչ կարգավիճակով Ռուսաստանը կարող է ներգրավվել այդ գործընթացում։ Այդ մասին, ըստ քաղաքագետի, արդեն իսկ հայտարարություններ են հնչել ՌԴ արտգործնախարարության համապատասխան ստորաբաժանման ղեկավարի մակարդակով։
Ղևոնդյանի գնահատմամբ՝ այս ամենը տեղավորվում է ավելի լայն գործընթացի մեջ, որտեղ Արևմուտքը՝ ամերիկյան բիզնեսի և ռազմավարական պլանավորման տրամաբանությամբ, աստիճանաբար ներթափանցում է Եվրասիա։ «Թրամփի ուղին» այդ ռազմավարության բաղադրիչներից մեկն է։ Նրա խոսքով՝ շահառուները տարբեր են՝ ինչպես գլոբալ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում, իսկ Ռուսաստանի համար մի կողմից մանևրի դաշտը նեղանում է, մյուս կողմից՝ բացվում են նոր հնարավորություններ։
Քաղաքագետը չի բացառում, որ առաջիկայում տեղի կունենա «մեծ առևտուր» տարբեր մակարդակներում, որտեղ Հայաստանը կարող է հանդես գալ որպես խոստումներ տվող կողմ՝ փորձելով դրանք «վաճառել» Արևմուտքին կամ տարածաշրջանային դերակատարներին, մասնավորապես՝ Թուրքիային։

