Հայաստանում առավել թանկացել են սննդամթերքը, տրանսպորտն ու կրթությունը

2026 թվական՝ բումի ավարտ, իներտ աճի փուլ

2025-ի բարձր աճից հետո ՀՀ տնտեսությունը կմտնի ավելի դանդաղ, բայց ավելի կայուն զարգացման փուլ։ Նման կարծիքի է ՀՀ նախկին փոխվարչապետ, տնտեսագետ Վաչե Գաբրիելյանը։

Նրա կանխատեսմամբ՝ 2026 թվականից տնտեսությունը կանցնի ավելի կայուն, բայց ավելի դանդաղ աճի փուլ։ Ֆինանսական ծառայությունները և IT ոլորտը կմնան հիմնական կայուն դրայվերները, մինչդեռ շինարարությունը և վերարտահանման վրա հիմնված ոլորտները կկորցնեն նախկին թափը։

Շինարարության ոլորտ՝ դեպի կայունացում և նվազում

Նրա խոսքով՝ շինարարությունը վերջին տարիներին եղել է տնտեսական աճի հիմնական շարժիչներից մեկը, սակայն այդ աճը չէր կարող լինել երկարաժամկետ։  Գաբրիելյանը բացատրեց, որ այն պայմանավորված է եղել պետական սուբսիդավորման ծրագրերով (մասնավորապես՝ եկամտահարկի վերադարձի մեխանիզմով), ինչը հանգեցրել է Երևանի շրջակայքում «տուրբո» կառուցապատման։ 

Նա համեմատում է այս իրավիճակը 2019 թվականի ավտոմեքենաների վերարտահանման հետ՝ երբ բոլորը շտապում էին օգտվել հնարավորությունից, բայց հետո աճը կտրուկ նվազեց։

«Շինարարության բումը 2024-2025 թվականներն էին, աճը որոշ չափով կշարունակվի 26-ին,  շատ ավելի նվազ թափով 27-ին, քանի որ կան շինարարական նախագծեր, որոնք սկսվել էին ավելի շուտ, պարզապես  կավարտվեն այդ տարիներին։ Հիմա եթե նայեք նաև գործունեության տեսակետից, ապա շինարարական նախագծերի ավարտներն է հիմնականում տեղի ունենում և ոչ այնքան շինարարական բուն կառուցապատման աշխատանքները։ Դա որպես հետագա ծավալ բավականաչափ կասկածելի է շարունակականության տեսակետից», — նշեց Գաբրիելյանը ։

Բումը, ըստ նրա,  չի ավարտվի անմիջապես սուբսիդիայի վերացմամբ։ Կիսակառույցները պետք է ավարտվեն, ավարտական ակտեր կնքվեն, վերանորոգումներ կիրականացվեն։ Այս իներցիան կտևի առնվազն 2-3 տարի, սակայն 2026-ից սկսած նոր մեծածավալ շինարարություն չի սպասվում, և ոլորտի շարունակական աճը կասկածելի է։

Ֆինանսաբանկային ոլորտը՝ ամենակայուն դրայվերը

Ի տարբերություն շինարարության՝ ֆինանսաբանկային ոլորտը ավելի կայուն հեռանկար ունի։ Այն աճել է ոչ թե պետական սուբսիդիաների, այլ ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով վերափոխված միջազգային ֆինանսական հոսքերի շնորհիվ։ Հայկական բանկերը սպասարկում են օրինական հոսքեր, որոնք թույլ են տալիս Ռուսաստանի և այլ երկրների ռեզիդենտներին Արևմուտքում ավելի լավ պայմաններով իրականացնել արտաքին առևտուր, ֆինանսական միջոցների կառավարում և այլ գործողություններ։

Նա նշում է, որ նույնիսկ եթե ռուս-ուկրաինական պատերազմը հանկարծ ավարտվի, դրա հետ կապված բոլոր սահմանափակումները և սանկցիաները չեն վերանա անմիջապես՝ դրա համար պահանջվում է զգալի ժամանակ։ Հետևաբար, մոտ ապագայում հայկական բանկերի կողմից արտասահմանյան հաճախորդներին մատուցվող ֆինանսական ծառայությունների ծավալը առնվազն կմնա ներկայիս մակարդակի վրա, էական նվազում չի սպասվում։ Ավելին, արդեն հայտնվել են նոր հաճախորդներ, իսկ բանկերը շարունակում են ներդրումներ կատարել տեխնոլոգիաներում և ծառայությունների որակի բարձրացման մեջ, ինչը թույլ կտա պահպանել և աստիճանաբար զարգացնել այս ոլորտը։

«Քիչ թե շատ կայուն զարգացում ունեցող ճյուղը մոտ ապագայում ես կարծում եմ, որ լինելու է միայն ֆինանսական ոլորտը», — ասաց նա։ Այսպիսով, 2026-ին և հետագայում ֆինանսական ծառայությունները կմնան տնտեսության ամենակայուն հենասյուներից մեկը։

Այլ ոլորտների հեռանկարները

Ըստ Գաբրիելյանի կանխատեսումների՝ առևտրի և վերարտահանման ծավալները աստիճանաբար կնվազեն, սակայն կպահպանվեն որոշակի կայուն մակարդակի վրա՝ առանց էական աճի կամ վերականգնման հույսերի։ Օդային տրանսպորտի և ուղևորափոխադրումների ոլորտում հնարավոր է որոշակի զարգացում, եթե հաջողվի արագացնել օդանավակայանի աշխատանքային կարողությունները և Հայաստանը դուրս գա եվրոպական ավիացիոն սև ցուցակից, սակայն այս ոլորտի հեռանկարները մնում են սահմանափակված՝ սեփական գլոբալ ավիաընկերության բացակայության պատճառով։

Արդյունաբերությունը, ըստ նրա, երկարաժամկետում էլ չի դառնա տնտեսության դոմինանտ ոլորտ, քանի որ Հայաստանի նման երկրներում շատ ավելի իրատեսական և արդյունավետ է ծառայությունների արտահանումը։ IT ոլորտում 2022 թվականից սկսած նկատվել է ներուժի աճ՝ ռուսաստանցի մասնագետների ներհոսքի շնորհիվ, սակայն այդ աճը պակաս է եղել սպասվածից. բարձր որակավորմամբ մասնագետների մի մասը հեռացել է դեպի Կիպրոս, Սերբիա և այլ երկրներ, իսկ միջին մակարդակի մասնագետները մնացել են՝ ապահովելով դանդաղ, բայց շարունակական աճ։ «Մենք ունենք դանդաղող աճ, բայց ունենք աճ», — նշում է նա։

Գյուղատնտեսության ոլորտում արդեն կատարվել են ներդրումներ առաջադեմ տեխնոլոգիաներով և ժամանակակից այգիներով, սակայն դեռևս չի ձևավորվել այն մասշտաբային էֆեկտը, որը թույլ կտա արտահանումներ իրականացնել Ռուսաստանից դուրս՝ օրինակ Միջին Արևելք։ Գաբրիելյանը չի բացառում, որ է մեկ-երկու տարի անց այս ոլորտը կհասնի կայունության և կվերջանա նախկին տարիներին բնորոշ անկումների ցիկլը։

Scroll to Top