ԱՄՆ-ն որոշ առումով թերագնահատեց Իրանը, ըստ էության «ռեժիմի արագ փոփոխության» սցենարը չաշխատեց։ Այս մասին նշում է քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ կիրառվող ռազմաքաղաքական ճնշման հաշվարկները ըստ ամենայնի հիմնված էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների նախորդ փորձի վրա, սակայն Իրանի դեպքում իրավիճակը էապես տարբերվում է։
Ինչո՞ւ չաշխատեց ռեժիմի արագ փոփոխության սցենարը
Քաղաքագետի խոսքով՝ Իրանը սկզբունքորեն տարբերվում է այն երկրներից, որտեղ նախկինում փորձ է արվել փոխել իշխանությունը արտաքին միջամտության միջոցով։ Եթե Իրաքում, Լիբիայում կամ Աֆղանստանում գործ ունեին հիմնականում անձնավորված ռեժիմների հետ, որտեղ ամբողջ համակարգը կախված էր մեկ առաջնորդից, ապա Իրանում ձևավորված է շատ ավելի ինստիտուցիոնալացված կառավարման համակարգ։
Նրա գնահատմամբ՝ իրանյան համակարգը կարող է ունենալ բազմաթիվ խնդիրներ՝ լինել անարդյունավետ կամ կոռումպացված, սակայն այն հիմնվում է մի շարք հաստատությունների և ազդեցության կենտրոնների վրա։ «Իրանում գործում են բազմաթիվ պետական և կիսապետական ինստիտուտներ, զուգահեռ կառույցներ և ազդեցության խմբեր։ Օրինակ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հսկայական ազդեցություն ունեցող կառույց է։ Այդպիսի պայմաններում մեկ կամ մի քանի առաջնորդների չեզոքացումը չի կարող հանգեցնել ամբողջ համակարգի փլուզմանը»,– նշում է նա։ Այդ պատճառով Իրանի դեպքում նույնիսկ բարձր մակարդակի քաղաքական կամ հոգևոր առաջնորդների վերացումը չի հանգեցրել պետական կառավարման համակարգի փլուզման։
Քաղաքագետի կարծիքով՝ եթե հաշվարկը այն էր, որ արագ հնարավոր կլինի հասնել իշխանափոխության կամ իշխանության ներսում ավելի չափավոր ուժերի առաջխաղացման, ապա ներկայիս փուլում կարելի է արձանագրել, որ այդ սցենարը չի իրականացել։
Արագ ռազմական հաղթանակ, բայց ոչ կայունություն
Վերլուծելով ԱՄՆ-ի վերջին տասնամյակների ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում՝ Գրիգորյանը նշում է, որ կա մեկ հիմնական եզրահանգում, որի շուրջ փաստացի լայն համաձայնություն կա։ ԱՄՆ-ը կարող է բավական արագ հասնել ռազմական հաջողությունների, սակայն հենց այդ հաջողությունից հետո սկսվում են խնդիրները։
Օրինակ՝ Իրաքում ակտիվ ռազմական գործողությունները ավարտվեցին մոտ մեկ ամսում։ Նմանատիպ արագություն կար նաև Աֆղանստանում, իսկ Լիբիայի դեպքում անգամ լայնածավալ ամերիկյան զորքերի տեղակայման անհրաժեշտություն չեղավ․ հարցը հիմնականում լուծվեց ավիահարվածների միջոցով։
Սակայն, ըստ քաղաքագետի, գլխավոր հարցը այն է, թե ինչ է տեղի ունենում ռազմական հաղթանակից հետո։
Թանկարժեք փորձ, որը հաջողություն չբերեց
Գրիգորյանը ընդգծում է, որ ԱՄՆ-ի նախորդ փորձը այս ոլորտում բավական բացասական է եղել։ Իրաքում ռազմական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծվեց ուժային վակուում, որն օգտագործեցին առավել արմատական խմբավորումները։ Մասնավորապես, հենց այդ իրավիճակն էր այն գործոններից մեկը, որը նպաստեց «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ձևավորմանը։
Լիբիայում մինչ օրս չի հաջողվել ապահովել կայուն քաղաքական համակարգ, իսկ Աֆղանստանում երկար տարիների ռազմական ներկայությունից հետո ԱՄՆ-ը վերջնականապես դուրս եկավ երկրից՝ չկարողանալով հասնել կայուն պետական կառավարման ձևավորման։
Քաղաքագետի խոսքով՝ այս փորձը ցույց է տալիս, որ նույնիսկ հսկայական ֆինանսական ռեսուրսները չեն ապահովում հաջողություն։ «Իրաքում և Աֆղանստանում ծախսվել են ոչ թե միլիարդներ, այլ տրիլիոններ, սակայն նույնիսկ այդ դեպքում չի հաջողվել իրականացնել արդյունավետ պետականաշինություն»,– նշում է նա։
Ի՞նչ է իրական նպատակը
Նրա խոսքով՝ ներկայիս ամերիկյան վարչակազմը հայտարարում է, որ պետականաշինության նպատակ չի հետապնդում։ Փորձագետը հիշեցնում է նաև, որ Դոնալդ Թրամփը դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում ակտիվորեն քննադատում էր տարբեր երկրներում պատերազմներից հետո պետականաշինությամբ զբաղվելու քաղաքականությունը։
Գրիգորյանի կարծիքով՝ ներկայիս քաղաքականության հիմնական նպատակը կարող է լինել ոչ թե անմիջական իշխանափոխությունը, այլ Իրանի հնարավորությունների առավելագույն թուլացումը։ Այդ կերպ փորձ է արվում նվազեցնել այն սպառնալիքները, որոնք Իրանը կարող է ներկայացնել Իսրայելի և ԱՄՆ-ի շահերի համար տարածաշրջանում։
Սակայն նույնիսկ այդ մոտեցումը, ըստ քաղաքագետի, ունի իր սահմանափակումները։ Եթե գործող իշխանությունը պահպանվի, ապա Իրանը կարող է բավական արագ վերականգնել կորցրած կարողությունները՝ ինչպես հրթիռային ծրագրի, այնպես էլ միջուկային հարստացման ոլորտում։
Բացի այդ, որոշ փորձագետներ նշում են ևս մեկ կարևոր հանգամանք։ Եթե նախկինում Իրանում միջուկային զենք ստեղծելու վերջնական քաղաքական որոշում չէր կայացվել, ապա արտաքին ռազմական ճնշումը կարող է ուժեղացնել ավելի կոշտ դիրքորոշում ունեցող ուժերի ազդեցությունը և նրանց մղել այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկելու։
Այսպիսով, Գրիգորյանի գնահատմամբ, Իրանի շուրջ զարգացող գործընթացները ցույց են տալիս, որ Մերձավոր Արևելքում ուժային միջամտությունների փորձը շարունակում է բարդ և հաճախ անկանխատեսելի հետևանքներ ունենալ։ Միևնույն ժամանակ, Իրանի ինստիտուցիոնալ կառուցվածքը դարձնում է «արագ իշխանափոխության» սցենարը զգալիորեն ավելի դժվար իրագործելի, քան նախկինում այլ երկրներում։

