Իրանի ապագան Խամենեիից հետո. ինչ սցենարներ են քննարկվում

Իրանի ապագան Խամենեիից հետո. ինչ սցենարներ են քննարկվում

Իրանի գերագույն առաջնորդի Ալի Խամենեի սպանությունից հետո ակտիվորեն շրջանառվում են հարցեր այն մասին, թե ով կարող է դառնալ երկրի հաջորդ առաջնորդը և ինչպես կարող են զարգանալ ներքաղաքական գործընթացները։ Ներկայումս մամուլում շրջանառվում են մի քանի հավանական թեկնածուների անուններ, սակայն դրանցից ոչ մեկը դեռ պաշտոնապես չի հաստատվել։  Միևնույն ժամանակ ԱՄՆ-ից հնչող հայտարարությունները ավելի են սրում իրավիճակը՝ ամերիկյան որոշ հայտարարություններում նշվում է, որ ով էլ դառնա հաջորդ առաջնորդը, կարող է արժանանալ նույն ճակատագրին։ 

Սա նոր հարցեր է առաջացնում՝ արդյոք Վաշինգտոնի նպատակը Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության «գլխատումն» է՝ պետությունը թուլացնելու համար, թե հաշվարկն այն է, որ գործընթացները տեղի կունենան երկրի ներսում։Իրանի ներքաղաքական իրավիճակը և հնարավոր սցենարները վերլուծել է իրանագետ Ժաննա Վարդանյանը։

Ի՞նչ է ցանկանում Վաշինգտոնը

Իրանագետի գնահատմամբ՝ այս փուլում գլխավոր հարցը շարունակում է մնալ վերջնական նպատակը։ Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր համար ցանկալի կլիներ, որպեսզի Իրանի հաջորդ ղեկավարն ընտրվի հենց երկրի ներսից։ Այդ հայտարարությունը հնչել է նաև Իրանի վերջին շահի որդու՝ Ռեզա Փահլավիի թեմայի համատեքստում։

Վարդանյանի խոսքով՝ Թրամփը խոսել է այն մասին, որ կցանկանար տեսնել ավելի չափավոր գործիչ։ Սակայն դեռ պարզ չէ՝ արդյոք խոսքը վերաբերում է ներկայիս համակարգի ներսում գործող գործչի, թե հնարավոր այլ քաղաքական համակարգի ձևավորման։

Այս անորոշությունն էլ հենց բաց է թողնում գլխավոր հարցը՝ եթե ընտրվի առաջնորդ, որը չի ընդունվի ԱՄՆ-ի կողմից, արդյոք հնարավոր է կրկնվեն նման գործողություններ նաև նրա նկատմամբ։

Համակարգը դեռ գործում է

Իրանագետը նշում է, որ նույնիսկ նման ճնշման պայմաններում Իրանի պետական համակարգը շարունակում է գործել։ Ներկայում ձևավորվել է ժամանակավոր առաջնորդության խորհուրդ, որը կառավարում է երկիրը մինչև նոր առաջնորդի ընտրությունը։

Այդ կառույցում ընդգրկված են ազդեցիկ գործիչներ, որոնք ակտիվ դեր ունեն ընթացիկ իրավիճակում։ Նրանց թվում է նաև անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Վարդանյանի գնահատմամբ՝ այս պահին համակարգը շարունակում է պահպանել իր կայունությունը։ Սակայն եթե երկար ժամանակ չհաջողվի ընտրել նոր առաջնորդ, ապա հնարավոր են ներքաղաքական լարվածություններ՝ տարբեր ուժային կառույցների և ինստիտուտների միջև։ Այդ դեպքում կարող է սկսվել պայքար իշխանության համար, ինչը կստեղծի նոր ճգնաժամային իրավիճակներ։

Նրա խոսքով՝ զարգացումների հնարավոր սցենարները բավական բազմազան են, և յուրաքանչյուր սցենար կարող է ունենալ նաև իր ենթասցենարները։ Այս պահին, սակայն, Իրանի համակարգը դեռ դիմակայում է ստեղծված իրավիճակին։

Պատերազմի ընդլայնման վտանգը

Վարդանյանը անդրադարձել է նաև տարածաշրջանային անվտանգության հարցերին։ Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է վերահսկել Հորմուզի նեղուցի իրավիճակը, որի միջոցով անցնում է համաշխարհային նավթի ավելի քան 20 տոկոսը։ Այս հանգամանքը Իրանի ձեռքում պահում է կարևոր ռազմավարական լծակ։

Միևնույն ժամանակ Իրանը հարվածներ է հասցնում Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին։ Այդ գործողությունների հետևանքով կարող են վնասվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Իրանագետի խոսքով՝ լուրջ վտանգ կա, որ հակամարտությունը կարող է ավելի լայն մասշտաբներ ստանալ, եթե Պարսից ծոցի արաբական երկրները միանան ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին Իրանի դեմ։ Նախկինում արդեն հնչել են հայտարարություններ, որ հնարավոր է նոր երկրներ միանան նման կոալիցիային, թեև այս պահին դրա վերաբերյալ պաշտոնական նոր տեղեկություններ չկան։

Իրանի հաշվարկը

Վարդանյանի խոսքով՝ Իրանի գործողությունների մեջ կա մեկ ռազմավարական հաշվարկ։ Թիրախավորելով տարածաշրջանի որոշ երկրներ՝ Թեհրանը փորձում է նրանց միջոցով ճնշում գործադրել ԱՄՆ-ի և Իսրայելի վրա՝ ստիպելու դադարեցնել պատերազմը։

Այս կերպ Իրանը փորձում է ցույց տալ, թե ինչ գին կարող է ունենալ իր դեմ պատերազմը և բարձրացնել այդ հակամարտության արժեքը հակառակորդների համար։

Նրա գնահատմամբ՝ Թեհրանը ներկայում գործի է դնում իր ձեռքի տակ եղած գրեթե բոլոր լծակները՝ փորձելով առավելագույնս մեծացնել հակամարտության ռազմաքաղաքական ազդեցությունը տարածաշրջանում։

Scroll to Top