https://vectors.am/irani-chgnazhamy-pokhum-e-haghordakcutyunneri-shurj-qnnarkumnery/

Իրանի ճգնաժամը փոխում է հաղորդակցությունների շուրջ քննարկումները 

Ադրբեջանը որևէ իրական շահագրգռվածություն չունի ներգրավվելու ներկայում ձևավորվող մեծ տարածաշրջանային հակամարտության մեջ։ Նման կարծիք հայտնեց  քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ Բաքվի համար առաջնայինը սեփական հաղորդակցական ծրագրերի իրականացումն ու տնտեսական հաշվարկների պահպանումը։

Իրանական «այլընտրանքային միջանցքը»՝ անորոշության մեջ

Քաղաքագետը հիշեցնում է, որ տարիներ շարունակ Ադրբեջանը պնդում էր՝ եթե Հայաստանը չտրամադրի իր տարածքով հաղորդակցություն դեպի Նախիջևան, ապա Բաքուն ունի այլընտրանքային տարբերակ՝ Իրանի տարածքով անցնող երթուղին։ Խոսքը «Արաքսի միջանցքի» մասին է, որը պետք է անցնի Արաքս գետի ափով։

Այս ծրագրի շրջանակում Ադրբեջանը կառուցել է երկու կամուրջ, որոնք արդեն ավարտված են և կապում են Ադրբեջանի հիմնական տարածքը Իրանի հետ։ Նախատեսվում էր, որ հետագայում այդ ճանապարհը Իրանի տարածքով կապելու է նաև Նախիջևանի հետ։ Ըստ նախնական հաշվարկների՝ նախագիծը պետք է ավարտվեր արդեն մարտ ամսին։

Սակայն Իրանի շուրջ ստեղծված ռազմական իրավիճակը, ըստ Գրիգորյանի, մշուշոտ է դարձրել այդ միջանցքի գործարկման հեռանկարները։ Թեպետ վերջին շրջանում նկատվում է որոշակի փոխըմբռնում Բաքվի և Թեհրանի միջև, Ադրբեջանը նույնիսկ հումանիտար օգնություն է ուղարկել Իրան, այնուամենայնիվ, քանի դեռ այնտեղ շարունակվում են ակտիվ ռազմական գործողությունները և ԻԻՀ դիտարկվում է որպես պատերազմական գոտի, այդ երթուղու ակտիվ գործարկման մասին խոսել հնարավոր չէ։

Հայաստանի առաջարկները և Ադրբեջանի նախընտրությունները

Քաղաքագետը հիշեցնում է, որ Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանը մշտապես հայտարարում էր, որ պատրաստ է բացել սահմանը Ադրբեջանի համար և տրամադրել ճանապարհներ դեպի Նախիջևան՝ թե երկրի հյուսիսային, թե հարավային հատվածներով։

Սակայն, ըստ նրա, Ադրբեջանը հետևողականորեն մերժում էր այդ առաջարկները, քանի որ իր համար առաջնային էր հենց Մեղրիի միջոցով հաղորդակցությունը, որը ժամանակին Բաքուն անվանում էր «Զանգեզուրի միջանցք», այժմ TRIPP-ը:

Գրիգորյանի խոսքով՝ Ադրբեջանում միշտ եղել է մտավախություն, որ Հայաստանը կարող է ձգձգել այդ հաղորդակցության գործարկումը, և հենց այդ պատճառով Բաքուն չէր շտապում համաձայնել այլ հատվածներով ճանապարհների բացմանը։

Իրանի շուրջ ճգնաժամը՝ որպես նոր հնարավորություն

Ներկայիս իրավիճակում, ըստ քաղաքագետի, Հայաստանը փորձում է օգտագործել Իրանի շուրջ ստեղծված ապակայունացումը և Ադրբեջանին փոխանցել հստակ ազդակ․ Երևանը պատրաստ է տրամադրել ճանապարհ, որպեսզի Ադրբեջանը այս ճգնաժամային պայմաններում կարողանա կապ պահպանել Նախիջևանի հետ։

Հայաստանի համար այս տարբերակը կարող է արդյունավետ լինել, եթե Ադրբեջանը համաձայնի այդ ճանապարհի գործարկմանը հենց Հայաստանի օրենսդրության շրջանակում՝ պայման, որը Երևանը միշտ է պնդել։

Միաժամանակ քաղաքագետը նշում է, որ այստեղ կարող են առաջանալ մի շարք տեխնիկական հարցեր․ օրինակ՝ ինչպես են բեռնատարներն ու մեքենաները անցնելու Հայաստանի տարածքով, արդյոք դրանք ուղեկցվելու են, թե ոչ։ Թեպետ խոսվում է խաղաղության մասին, հակամարտությունը դեռևս ամբողջությամբ հաղթահարված չէ և շարունակում է գոյություն ունենալ հասարակությունների ընկալումներում, ինչը կարող է որոշակի խնդիրներ ստեղծել։

Փոխվող տրամադրություններ Ադրբեջանում

Գրիգորյանի դիտարկմամբ՝ հետաքրքիր է նաև այն հանգամանքը, որ եթե նախկինում Հայաստանի կառավարության առաջարկները անմիջապես մերժվում էին, ապա այժմ որոշակի փոփոխություն է նկատվում։

Մասնավորապես, եթե մի քանի շաբաթ առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բավականին արհամարհական տոնով էր խոսում հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության մասին, ապա վերջին օրերին Ադրբեջանում արդեն հնչում են հրապարակային հայտարարություններ, որ հնարավոր է քննարկել նաև այդ տարբերակը՝ հատկապես այն դեպքում, եթե Իրանի շուրջ պատերազմը երկարատև բնույթ կրի։

Քաղաքագետը նշում է, որ անձամբ արձանագրել է առնվազն երկու հայտնի պրոիշխանական փորձագետների հրապարակումներ և հարցազրույցներ այս թեմայով։ Հատկանշական է, որ նմանատիպ առաջին արձագանքները հայտնվել են անմիջապես Իրանի վրա հարվածներից հետո՝ նույնիսկ մինչ այն պահը, երբ Հայաստանն ինքը սկսեց խոսել նման հնարավորության  մասին։

Այս ամենը, ըստ Գրիգորյանի, թույլ է տալիս ենթադրել, որ որոշակի հավանականություն կա, որ ապագայում կարող է քննարկվել նաև ժամանակավոր հումանիտար միջանցքի տրամադրումը ադրբեջանական կողմին՝ տարածաշրջանային ճգնաժամի պայմաններում հաղորդակցությունների ապահովման նպատակով։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top