Լարիջանիի սպանությունը՝ հարված Իրանի «խորքային պետությանը»

Լարիջանիի սպանությունը՝ հարված Իրանի «խորքային պետությանը»

 Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությունը՝ Թեհրանին հասցրած ամենածանր հարվածներից մեկն է, քանի նրա ազդեցությունն ու դերակատարությունը գրեթե անփոխարինելի էին Իրանի պետական համակարգում։ Նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, անդրադառնալով Իրանում տեղի ունեցած վերջին զարգացումներին։ 

Ղևոնդյանի խոսքով՝ Լարիջանին երկար տարիներ եղել է Իրանի քաղաքական և կառավարման համակարգի առանցքային դեմքերից մեկը։ Նա հիշեցրեց, որ Լարիջանին երկար տարիներ զբաղեցնում էր բարձրագույն պաշտոններ՝ ներառյալ օրենսդիր մարմնի ղեկավարի դիրքը, ինչպես նաև անմիջականորեն ներգրավված է եղել անվտանգության համակարգում։ Քաղաքագետը ընդգծում է, որ դեռևս 2000-ականներից Լարիջանին անցել է կարևոր քաղաքական և կառավարչական ուղի՝ դառնալով «խորքային պետության» այնպիսի ներկայացուցիչ, որի փորձը և ազդեցությունը դժվար էր փոխարինել։

Փորձագետի գնահատմամբ՝ ստեղծված իրավիճակում Իրանի քաղաքական և պետական էլիտան կանգնած է լուրջ վերակազմակերպման անհրաժեշտության առաջ։ Նրա կարծիքով՝ Լարիջանիի լիազորությունները չեն կարող ամբողջությամբ փոխանցվել մեկ անձի, և առավել հավանական է, որ դրանք բաշխվեն տարբեր դերակատարների միջև։ Քաղաքագետը նաև մատնանշում է, որ դեռևս մինչ այս իրադարձությունները Իրանում նկատվում էին կառավարման և հաղորդակցության որոշ խնդիրներ։ Ըստ նրա՝ տեղական մակարդակում գործող ուժերը՝ թե՛ քաղաքական, թե՛ ռազմական շրջանակներում, հաճախ ստիպված էին ինքնուրույն որոշումներ ընդունել՝ արձագանքելով Իսրայելի և ԱՄՆ-ի գործողություններին։ Այս համատեքստում Լարիջանիի նման գործչի բացակայությունը կարող է խորացնել համակարգային անկայունությունը՝ հատկապես որոշումների կենտրոնացվածության տեսանկյունից։

Ղևոնդյանը ընդգծում է, որ Իրանի քաղաքական համակարգը փակ է, և տեղի ունեցող գործընթացները լիարժեք գնահատելը բավական բարդ է։ Այնուամենայնիվ, ըստ նրա, արդեն իսկ տեսանելի է, որ որոշ գործիչներ մասամբ ստանձնում են Լարիջանիի պատասխանատվությունների տարբեր հատվածներ՝ փորձելով ապահովել կառավարման շարունակականությունը։ Քաղաքագետի գնահատմամբ՝ առաջիկա զարգացումները մեծապես կախված կլինեն նրանից, թե որքան արագ և արդյունավետ Իրանի էլիտան կկարողանա հարմարվել ստեղծված նոր իրականությանը։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top