Օդային հարվածներով երբևէ հնարավոր չի եղել հասնել ռեժիմի փոփոխության

Օդային հարվածներով երբևէ հնարավոր չի եղել հասնել ռեժիմի փոփոխության

Միացյալ Նահանգները մինչ այժմ չեն կարողացել հասնել իրենց առաջ ի սկզբանե դրված գերնպատակի՝ Իրանում ռեժիմի փոփոխությանը։ Այս մասին հայտնեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին։
 Վաշինգտոնի ռազմավարական հաշվարկների բացերը

Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Իրանի հարցում ԱՄՆ քաղաքական և ռազմական ղեկավարության մակարդակում ամբողջական կամ բավարար հաշվարկներ չէին իրականացվել։ Նա նշում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից հնչեցված հայտարարությունները հաճախ հակասել են միմյանց՝ ստեղծելով որոշակի դիսոնանս։

Այս իրավիճակը, ըստ քաղաքագետի, վկայում է, որ ամերիկյան վերլուծական շրջանակներում ձևավորվում է նոր ընկալում, համաձայն որի՝ առաջնային նպատակներից մեկը՝ ռեժիմի փոփոխությունը, ոչ միայն չի իրականացվում, այլև ներկա ռազմական զարգացումների պայմաններում դրա իրականացումը չափազանց բարդ է։

Մարտիրոսյանը շեշտում է, որ միայն օդային հարվածներով երբևէ հնարավոր չի եղել հասնել ռեժիմի փոփոխության։ Նրա խոսքով՝ նման նպատակ իրականացնելը պահանջում է ցամաքային գործողություններ, սակայն ԱՄՆ-ի կողմից Իրանի տարածք հետևակային ուժերի ներմուծումը կարող է հանգեցնել լուրջ կորուստների Վաշինգտոնի համար՝ ինչպես մարդկային, այնպես էլ քաղաքական հեղինակության առումով։

Նա ընդգծում է, որ նման սցենարը կարող է նույնիսկ շահավետ լինել Իրանի համար, քանի որ այն հնարավորություն կտա Թեհրանին ուժեղացնել դիմադրությունն ու ամրապնդել ներքին համախմբումը։

Ադրբեջանի գործոնը․ Երբ սպասել Բաքվի մասնակցության 

Անդրադառնալով տարածաշրջանային դերակատարներին՝ Մարտիրոսյանը առանձնացնում է Ադրբեջանի դիրքավորումը՝ նշելով, որ այն չի հանդիսանում արտաքին ուժերի կողմից լիովին կառավարվող խաղացող։ Նրա խոսքով՝ Բաքուն վարում է ինքնուրույն և հաճախ մանիպուլյատիվ քաղաքականություն՝ նույնիսկ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում։

Քաղաքագետը համոզված է, որ Ադրբեջանը չի ներգրավվի ռազմական գործողությունների միայն արտաքին պատվերով, այլ կգործի բացառապես իր շահերից ելնելով։ Թուրքիան և Ադրբեջանը, ըստ նրա, իրենց ռեսուրսներն օգտագործում են միայն այն չափով, որքանով դա բխում է իրենց ռազմավարական նպատակներից։

Մարտիրոսյանը չի բացառում, որ որոշակի պայմաններում ադրբեջանական զորքերը կարող են ներխուժել Իրանի տարածք, սակայն դա չի լինի ԱՄՆ-ի ուղղակի հրահանգով։ Ավելի հավանական է, որ նման գործողությունները տեղի ունենան ԱՄՆ-ի և Իսրայելի հետ համաձայնեցված ձևաչափով։

Նրա խոսքով՝ այդ սցենարը կարող է կապված լինել «Հարավային Ադրբեջանի» նախագծի հետ՝ նպատակ ունենալով Իրանից անջատել ազերիաբնակ տարածքները և հետագայում ինտեգրել դրանք Ադրբեջանին։

Միևնույն ժամանակ, քաղաքագետը զգուշացնում է, որ եթե տարածաշրջանային զարգացումները հասնեն նման հանգրվանի, ապա Ադրբեջանը կարող է ռազմական գործողություններ իրականացնել նաև Հայաստանի ուղղությամբ։


👉 https://vectors.am/category/regional/

Scroll to Top