Քրդական ուժերի ապագան կախված է միջազգային աջակցությունից

Քրդական ուժերի ապագան կախված է միջազգային աջակցությունից

Մերձավոր Արևելքում շարունակվող ռազմական լարվածությունը նոր մարտահրավերներ է ստեղծում ոչ միայն տարածաշրջանի պետությունների, այլև այնտեղ ապրող ժողովուրդների համար։ Հատկապես խոցելի իրավիճակում են հայտնվել Իրանի քրդերը, որոնց բնակության վայրերերը վերածվել են ռազմական գործողությունների կարևոր թիրախների։ Ինչպես են զարգանում իրադարձությունները տեղում, ինչ վտանգների առաջ է կանգնած քաղաքացիական բնակչությունը և ինչ դեր կարող են ունենալ քրդական քաղաքական ուժերը այս բարդ պայմաններում․ այս հարցերի շուրջ զրուցել ենք Սորբոնա-Փարիզ-Նորդ համալսարանի հետազոտող Սահար Բաղերիի հետ։

Ինչպիսի՞ն է իրանական քրդերի ներկայիս իրավիճակը՝ պատերազմի պայմաններում, և ինչ վտանգներ է այն ստեղծում քաղաքացիական բնակչության համար։

Իրանական քրդերի իրավիճակը այս պահին չափազանց լարված է։ Իրանը գտնվում է պատերազմի մեջ, և քրդական տարածաշրջանը դարձել է օդային հարվածների և հրթիռային հարձակումների առավել տուժած գոտիներից մեկը, քանի որ այստեղ են կենտրոնացված բազմաթիվ ռազմական և անվտանգության բազաներ։ Հարվածները հիմնականում իրականացվում են Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից, որոնք թիրախավորում են այդ ենթակառուցվածքները ամբողջ Իրանի տարածքում։ Առավել տուժած են մի շարք նահանգներ, այդ թվում՝ Իլամը, Քերմանշահը, Քրդստանի նահանգը և Արևմտյան Ադրբեջանը՝ հատկապես Ուրմիայի շրջակայքում, որտեղ տեղակայված են կարևոր ռազմական օբյեկտներ։ Քանի որ այդ բազաների մի մասը գտնվում է բնակելի տարածքների ներսում կամ դրանց մոտ, քաղաքացիական բնակչությունն էլ է անմիջապես ենթարկվում վտանգի։ Միևնույն ժամանակ, տեղում իրավիճակը գնահատելը դժվար է՝ կապի սահմանափակ լինելու և վստահելի տեղեկատվության պակասի պատճառով, սակայն ակնհայտ է, որ բնակչությունը ապրում է մշտական լարվածության և անորոշության պայմաններում։

Ունենք արդյոք հաստատված թվեր քաղաքացիական զոհերի վերաբերյալ։

Ոչ, ցավոք, այս փուլում վստահելի թվեր չունենք։ Հիմնական խնդիրը վստահելի տեղեկատվության հասանելիության բացակայությունն է։ Քրդստանից կամ Իրանից եկող պաշտոնական հաղորդումների մեծ մասը հիմնված է իրանական ռեժիմի մեդիայի վրա, և մենք չենք կարող ամբողջությամբ վստահել դրանց։ Հետևաբար, այս պահին դժվար է ասել, թե քանի մարդ է զոհվել։ Սակայն հայտնի է, որ միաժամանակ իրանական ռեժիմը, որը ենթարկվել է Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներին, սկսել է տարհանել որոշ ռազմական օբյեկտներ։ Զորքերը, ըստ տեղեկությունների, տեղափոխվում են այնպիսի վայրեր, ինչպիսիք են մզկիթները, դպրոցները և այլ հանրային տարածքներ։ Սա մեծ դժգոհություն է առաջացնում բնակչության շրջանում։ Երբ ռազմական ուժերը տեղափոխվում են քաղաքացիական տարածքներ, դա մեծացնում է այնտեղ ապրող մարդկանց համար վտանգը։ Մեր ունեցած սահմանափակ տեղեկատվության համաձայն՝ արդեն իսկ բողոքի ցույցեր են տեղի ունեցել մի շարք քրդական քաղաքներում, այդ թվում՝ Մերիվանում և Աբդանանում, քանի որ բնակիչները վախենում են, որ հանրային տարածքներում ռազմական ուժերի տեղակայումը քաղաքացիականներին դարձնում է ավելի խոցելի և, փաստացի, վերածում է «կենդանի վահանների»։

Սա է իրավիճակը Իրանի Քրդստանի ներսում, որը քաղաքականորեն հաճախ կոչվում է Ռոժհելաթ։ Միաժամանակ իրանական ռեժիմը հարվածներ է հասցրել նաև Իրաքում տեղակայված քրդական քաղաքական կուսակցությունների ճամբարներին, այդ թվում՝ PAK-ին, Իրանի Քրդստանի դեմոկրատական կուսակցությանը և «Կոմալա»-ին։ Իրանական ռեժիմի համար քրդական քաղաքական ուժերը համարվում են իր հիմնական ներքին թշնամիներից մեկը։

Այս հարվածներով ռեժիմը փորձում է ցույց տալ, որ ներկայություն ունի և կարող է արագ արձագանքել։ Սա տեղի է ունենում այն պայմաններում, երբ քրդական քաղաքական ուժերը դեռևս որևէ գործողություն չեն իրականացրել իրանական ռեժիմի դեմ։ Նրանք հասկանում են, որ ներկայիս իրավիճակը նպաստավոր չէ ո՛չ մոբիլիզացման, ո՛չ էլ Քրդստան վերադարձի համար, հատկապես հաշվի առնելով, որ իրանական ռեժիմը դեռ պահպանում է զգալի ռազմական կարողություններ՝ նրանց դիմակայելու համար։

Մեկ այլ մտահոգիչ հարց վերաբերում է նրան, թե արդյոք քրդական ուժերը կներգրավվեն պատերազմում։ Ռոժավայի վերջին փորձը ցույց է տալիս, որ հիմնական խնդիրներից մեկը եղել է քրդական ուժերի լքվածությունն ու դավաճանությունը։ Ներկայումս քրդական քաղաքական ուժերի կոալիցիան, որը ներառում է վեց հիմնական կուսակցություններ, հայտարարել է, որ չի մասնակցելու։ Սակայն դեռևս չկա պաշտոնական հայտարարություն, որը կհստակեցնի՝ արդյոք որևէ քննարկում կամ համաձայնություն եղել է Միացյալ Նահանգների հետ․ այս առումով պաշտոնական տեղեկատվություն չկա։

Մյուս կողմից, Թրամփի վարչակազմի ռազմավարությունը այս պատերազմի նկատմամբ եղել է անհետևողական և ոչ միանշանակ։ Այնուամենայնիվ, շրջանառվում են տեղեկություններ, որ քրդական քաղաքական ուժերի վրա իրական ճնշում կա, ինչը մասամբ բացատրում է, թե ինչու է իրանական ռեժիմը սկսել հարվածել նրանց։ Չնայած դրան՝ քրդական կուսակցությունները պնդում են, որ չեն պատրաստվում ծառայել որևէ այլ պետության շահերին։ Նրանց ուժերը վեր են կուսակցական քաղաքականությունից և միշտ կիրառվել են բացառապես ինքնապաշտպանության նպատակներով։

Արդյո՞ք սա նշանակում է, որ քրդերը իրականում չեն մասնակցելու Իսրայելի և Միացյալ Նահանգների ծրագրերի իրականացմանը։

Քաղաքական կուսակցությունների կոալիցիայի խոսնակը պարզաբանել է, որ նրանք չեն գործելու որպես որևէ պետության զինվորներ։ Ճիշտ է, իրենք բաց ենք տակտիկական համագործակցության ռազմավարության համար, սակայն դա պետք է հիմնված լինի քաղաքական, ոչ թե ռազմական հաշվարկների վրա։ Միաժամանակ իրենք լիովին գիտակցում են, որ իրանական ռեժիմը կարող է հեշտությամբ հարվածել թե՛ քաղաքացիական բնակչությանը, թե՛ իրենք ուժերին։ Այդ պատճառով իրենք չեն զոհաբերելու ժողովրդին այնպիսի ուժերի շահերի համար, ինչպիսիք են Իսրայելը կամ Միացյալ Նահանգները։ Համագործակցության դեպքում Իրանի ներսում իրավիճակն ու ուժերի հարաբերակցությունը պետք է փոխվեն հօգուտ նրանց ներկայության Քրդստանում, իսկ քանի որ դա դեռ տեղի չի ունեցել, նրանք պատրաստ չեն հանդես գալ որպես որևէ պետության զինվորներ։ Հատկապես Ռոժավայի փորձից հետո պարզ է դարձել, որ առանց ներքին ուժային հավասարակշռության իրական փոփոխության ցանկացած համագործակցություն չի տալիս շոշափելի արդյունքներ։

Պատմականորեն Թուրքիան նույնպես մոտ 100 տարի առաջ օգտագործել է քրդերին հայերի դեմ։ Սա նմանատիպ իրավիճա՞կ չէր։

Այո, Ռոժավայի դեպքում խնդիրը նրանում էր, որ համագործակցությունը ռազմական էր՝ ուղղված «Իսլամական պետության» դեմ, սակայն այն չի ուղեկցվել քաղաքական դաշինքով կամ համագործակցությամբ։ Քաղաքական աջակցության այս պակասը Ռոժավան խոցելի դարձրեց Ասադի ռեժիմից նոր իշխանությունների անցման փուլում։ Ինչպես հենց քրդերն են նշում, Ռոժավայի ցավը դեռ թարմ է, և նրանք պատրաստ չեն կրկնել նույն սխալները։

Այսինքն՝ սա ընդհանուր տրամադրությո՞ւն է թե՛ քաղաքական առաջնորդների, թե՛ հասարակության շրջանում։

Այո, նրանք նշում են, որ որպես երկարատև պայքարի պատմություն ունեցող քաղաքական ուժեր, որևէ պետության հետ աշխատելը բացառիկ երևույթ չէ, սակայն հարցն այն է՝ ինչպես աշխատել, ինչ պայմաններով և ինչ քաղաքական համատեքստում՝ Իրանի ներսում։ Նրանք նաև ընդգծում են, որ սա յուրահատուկ պատմական հնարավորություն է։ Քրդական քաղաքական ուժերը տեսնում են, որ պատերազմները երբեմն կարող են ստեղծել նոր հնարավորություններ, հարցն այն է, թե ինչ կերպ օգտվել դրանցից…

Այս համատեքստում, կարո՞ղ է Թրամփի և Նեթանյահուի առաջարկը դիտվել որպես հնարավոր լուծում։

Հնարավոր է, սակայն առաջարկի մանրամասների վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա․․․

Այսինքն՝ ինչպես հասկանում եմ,  այդ տարբերակը դեռ քննարկվում է և դուռը բաց է թողնվում, թեև ավելի վաղ նշվում էր, որ խոսքը միայն քաղաքական համագործակցության մասին է։

Այո, նրանք նշում են, որ խոսքը  նախ և առաջ քաղաքական բաղադրիչի մասին է, քանի որ քրդերը կարիք ունեն արտաքին քաղաքական աջակցության և ճանաչման։ Պատմականորեն այն պետությունները, որոնք կառավարել են քրդերին, չեն երաշխավորել քրդական ժողովրդի իրավունքները։

Բայց եթե, օրինակ, Թրամփը և Նեթանյահուն առաջարկեն միասին մասնակցել պատերազմին՝ ապահովելով զինվորներ և ռազմական աջակցություն, և խոստանան, որ վերջում կապահովվի անկախ Քրդստան, ի՞նչ կլինի պատասխանը։

Ես չեմ կարող պատասխանել անձնական կարծիքով, սակայն այն, ինչ տեսել եմ և ինչ արտացոլված է քրդական քաղաքական կուսակցությունների հայտարարություններում, ցույց է տալիս, որ նրանք բաց են համագործակցության համար, բայց ոչ այնպիսի պայմաններում, երբ իրենց ներգրավվածության դեպքում իրանական ռեժիմը կարող է կոտորել թե՛ իրենց, թե՛ իրենց ժողովրդին։ Ռեժիմը դեռ պահպանում է ներքին համախմբվածություն և ունի բավարար ռազմական կարողություններ՝ արձագանքելու քրդերին։ Գուցե դա բավարար չլինի Միացյալ Նահանգների կամ Իսրայելի դեմ, սակայն քրդերի համար դա լուրջ սպառնալիք է։

Միևնույն ժամանակ, Քրդստանի հարցը երկար տարիների պատմություն ունեցող խնդիր է։ Մեծ հաշվով այն կախված է Իրանի ներսում քաղաքական դինամիկայից։ Օրինակ՝ եթե տեղի ունենա զանգվածային ապստամբություն, պայմանները կարող են ավելի նպաստավոր դառնալ քրդական ուժերի վերադարձի համար։ Հակառակ դեպքում ամեն ինչ կախված կլինի միջազգային դերակատարների աջակցությունից՝ ոչ միայն այս երկու պետություններից, այլ նաև այլ միջազգային ուժերից։

Գլխավոր խնդիրն այն է, որ մենք չունենք բավարար հստակ և վստահելի տեղեկատվություն, թե հատկապես ինչ է տեղի ունենում քրդական ուժերի և Միացյալ Նահանգների միջև։ Կա համանականություն, որ քրդական ուժերի վրա ճնշում է գործոդրվում։ Իրենց պայքարի պատմության, կազմակերպչական կարողությունների և ուժեղ սոցիալական բազայի շնորհիվ քրդական բոլոր քաղաքական ուժերը ունեն կայուն ներկայություն հասարակության ներսում։ Քրդստանի ռազմավարական դիրքը այն դարձնում է գրավիչ ընտրություն Միացյալ Նահանգների և Իսրայելի համար՝ նրանց ներգրավելու ռազմական գործողություններում։ Սակայն քրդերն ունեն իրենց սեփական խնդիրներն ու քաղաքական շահերը։ Կարծում եմ՝ նրանք կգործեն իրենց շահերից ելնելով, ոչ թե միայն արտաքին ուժերի հետաքրքրություններից։

Ակնկալո՞ւմ եք, որ Եվրամիությունը աջակցություն կցուցաբերի, և եթե այո՝ ինչ պայմաններով։

Այո, պետք է ճնշում գործադրվի իրանական ռեժիմի վրա, նույնիսկ պատերազմի պայմաններում։ Իրանական ռեժիմը դեռևս ունի դեսպաններ եվրոպական երկրներում, ուստի Եվրամիությունը չպետք է պարզապես հետևի տեղի ունեցողին, այլ պետք է ավելի ակտիվ դեր ստանձնի։ Սա ներառում է Իրանում ժողովրդավարական ուժերի աջակցությունը, հատկապես քրդերին, որոնք ակնհայտորեն ունեն քաղաքական, գաղափարական և սոցիալական կարողություններ՝ կարևոր դեր խաղալու Իրանի բազմակարծիք և ժողովրդավարական ապագայի կառուցման գործում՝ մի ապագա, որտեղ բազմազանությունը ճանաչվում և պաշտպանվում է։ Եվրամիությունը պետք է ավելի լայն հարթակ տրամադրի այդ ձայներին, ցուցաբերի կոնկրետ աջակցություն և նպաստի քաղաքական լուծումների ձևավորմանը, որոնք առաջ կտանեն մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը։

Այս պահին պարզ է արդյո՞ք, թե ինչ դիրքորոշում ունի Եվրամիությունը այս հարցում։

Ոչ այնքան, դեռ ոչ։ Կարծում եմ՝ եվրոպական երկրները մինչ այժմ հստակ դիրքորոշում չեն որդեգրել՝ մասամբ պատերազմի բարդության, դրա տարածաշրջանային չափումների և իրանական պետության արձագանքի պատճառով, որոնք դժվարացնում են վերջնական դիրքորոշման ձևավորումը։ Սակայն պատերազմի հետևանքները համաշխարհային էներգետիկ շղթաների, նավթի գների և տարածաշրջանային առևտրի վրա անխուսափելիորեն կստիպեն նրանց ավելի ակտիվ ներգրավվել։ Տնտեսական շահերը միշտ առանցքային են, և Եվրոպան արդեն զգացել է ազդեցությունը, օրինակ՝ բենզինի գների աճի տեսքով։ Այսօրվա փոխկապակցված աշխարհում անհնար է որևէ երկրի համար անտեսել հակամարտությունը՝ անկախ նրանից, թե որտեղ է այն տեղի ունենում։

Scroll to Top