Հայաստանի քաղաքական դաշտում ակտիվ վերադասավորումների փուլ է, հատկապես ընդդիմադիր հատվածում։ Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի գնահատմամբ՝ այս պահին ձևավորվում են մի քանի խոշոր ընդդիմադիր բլոկներ, որոնք կարող են առանցքային դեր ունենալ առաջիկա ընտրություններում։
Նրա խոսքով՝ արդեն կարելի է առանձնացնել առնվազն չորս համեմատաբար խոշոր ընդդիմադիր ձևաչափ։ Դրանց թվում են «Հայաստան» դաշինքը, Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած քաղաքական ձևաչափը, ինչպես նաև «Միասնության թևեր» միավորումը, որը ներառում է տարբեր ուժեր՝ դաշինքային տրամաբանությամբ։
«Փաստացի մենք ունենք չորս հիմնական ընդդիմադիր բլոկ, որոնք, ըստ ամենայնի, մասնակցելու են առաջիկա ընտրություններին»,- նշում է Հակոբյանը։
Դաշինքներ՝ կուսկցական մեկ ցուցակով
Քաղտեխնոլոգի խոսքով՝ թեև այդ ուժերը ձևավորվում են դաշինքային տրամաբանությամբ, մեծ հավանականությամբ ընտրություններին կմասնակցեն մեկ կուսակցության ցուցակով՝ տակտիկական նկատառումներից ելնելով։
«Սա պայմանավորված է անցողիկ շեմը հաղթահարելու և ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Նման մոտեցում նախկինում ևս կիրառվել է քաղաքական դաշտում»,- ասում է նա։
Միևնույն ժամանակ դեռևս անորոշ է մնում, թե ինչ ձևաչափով կմասնակցի Հանրապետական կուսակցությունը։ Այս հարցի հստակեցումը, ըստ Հակոբյանի, սպասվում է կուսակցության առաջիկա համագումարից հետո։
Միասնության ընկալման խնդիրը
Հակոբյանը կարևորում է ոչ միայն կազմակերպչական, այլև ընկալման գործոնը։ Նրա կարծիքով՝ ընդդիմադիր ուժերը, թեև հանդես են գալիս առանձին, պետք է կարողանան հասարակության կողմից ընկալվել որպես նույն ռազմավարական նպատակ ունեցող ուժեր։
«Շատ կարևոր է, որ ընդդիմադիր ընտրողը տեսնի՝ տարբեր ուժերը, թեև առանձին են գործում, իրականում շարժվում են նույն ուղղությամբ և ունեն նույն հիմնական նպատակը»,- ընդգծում է նա։
Այդ նպատակը, ըստ քաղտեխնոլոգի, պետք է հստակ ձևակերպվի՝ լինի դա համատեղ հայտարարության, մանիֆեստի կամ առանձին հայտարարությունների միջոցով։
Իշխանափոխությունը՝ որպես առանցքային օրակարգ
Հակոբյանի գնահատմամբ՝ ընդդիմության հիմնական խնդիրը պետք է լինի գործող իշխանության փոփոխությունը։ Նրա խոսքով՝ միայն այդ պարագայում ընդդիմադիր ընտրողը կարող է վստահ լինել, որ իր ձայնը նպաստելու է միասնական արդյունքի։
«Անկախ նրանից, թե ընտրողը որ ուժին է նախապատվություն տալիս, նա պետք է հասկանա, որ արդյունքում կարող է ձևավորվել միասնական ընդդիմադիր բևեռ, որը կկարողանա համատեղ ջանքերով հասնել իշխանափոխության»,- նշում է նա։
Ընդդիմության շանսերը
Անդրադառնալով ընդդիմության հնարավորություններին՝ Հակոբյանը նշում է, որ այս փուլում դրանք բավականին բարձր են։
«Կարծում եմ՝ ընդդիմությունն այս անգամ ունի լավ հնարավորություններ իր հիմնական խնդիրը լուծելու համար»,- եզրափակում է քաղտեխնոլոգը։
Միևնույն ժամանակ նա ընդգծում է, որ վերջնական արդյունքը մեծապես կախված կլինի ոչ միայն ուժերի կազմակերպվածությունից, այլև նրանց՝ միասնական ռազմավարություն ձևավորելու կարողությունից։

