Կա՞ իմպիչմենթի հնարավորություն․ ընդդիմադիր վարչապետի թեկնածուն դատապարտվել է

Ընտրություններ առանց փոփոխության. Հայաստանի քաղաքական փակ շրջանը

Հայաստանում վերջին 35 տարվա ընթացքում ձևավորվել է օրինաչափություն՝ ընտրություններով, քվեաթերթիկով, խորհրդարանում մեծամասնությունը երբեք չի փոփոխվել։ Ութ ընտրական ցիկլերի ընթացքում գրանցվել է նույն արդյունքը, իսկ այսօր, ըստ քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի, կան լրացուցիչ գործոններ, որոնք ավելի են ամրապնդում այդ միտումը։

8 ընտրություն նույն արդյունքով

Բադալյանի խոսքով՝ Հայաստանում գործում է ընտրական հստակ օրինաչափություն, որի պայմաններում քարոզարշավի որակը գրեթե չի ազդում արդյունքների վրա։ Նա հիշեցնում է, որ բազմակուսակցական համակարգի պայմաններում առաջին խոշոր ընտրությունները տեղի են ունեցել 1990 թվականին՝ Խորհրդային Հայաստանի վերջին տարիներին, երբ ձևավորվեցին գրեթե հավասար ուժեր՝ կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը։ Այդ փուլում, նրա գնահատմամբ, բացառիկ իրավիճակ էր, երբ խորհրդարանական մեծամասնությունը փաստացի փոխվեց քվեարկությամբ։

Այնուհետև, սկսած 1995 թվականից, ըստ նրա, արդեն ձևավորվում է այլ պատկեր։ Բադալյանը նշում է, որ բոլոր հետագա խորհրդարանական ընտրություններում մեծամասնությունը ձևավորվել է այն ուժերի շուրջ, որոնք արդեն վերահսկել են գործադիր իշխանությունը կամ ունեցել են դրա աջակցությունը։ Նա թվարկում է 1999, 2003, 2007, 2012, 2017, 2018 և 2021 թվականների ընտրությունները՝ ընդգծելով, որ երկու բացառիկ դեպքեր՝ 1999 և 2018 թվականներին, նույնպես պայմանավորված էին նրանով, որ գործադիր իշխանությունն արդեն իսկ փոխված էր, և խորհրդարանը պարզապես համապատասխանեցվել է այդ փոփոխությանը։

«Եթե ութ անգամ նույն արդյունքն է եղել, նույն քաղաքական պատկերը, ինչի՞ եք մտածում, որ իններորդ անգամ այլ բան է լինելու», — ասում է նա՝ կասկածի տակ դնելով ընտրությունների միջոցով իշխանության փոփոխության հավանականությունը։

Ազդեցության 3 գործոն

Քաղտեխնոլոգը նշում է, որ տեսականորեն հնարավոր են ազատ և արդար ընտրություններ, սակայն դրա համար անհրաժեշտ է երեք պայմաններ, որոնք այսօր Հայաստանում առկա չեն։ Նրա խոսքով՝ առաջինը իշխող ուժի քաղաքական կամքն է ազատ և արդար ընտրություններ անցկացնելու հարցում։ Չնայած հայտարարություններին, Բադալյանը կասկածի տակ է դնում դրա առկայությունը՝ մատնանշելով, որ ընդդիմադիր գործիչների նկատմամբ կիրառվող  ճնշման միջոցները և ակնհայտ հետապնդումները հակասում են այդ հավաստիացումներին։ «Բոլորը հայտարարում են, որ ցանկանում են ազատ և արդար ընտրություններ, բայց իրական գործընթացները այսօր բոլորովիմ այլ բան են ցույց տալիս», — ընդգծում է նա։

Երկրորդ կարևոր պայմանը, ըստ նրա, արտաքին ճնշումն է՝ թե արևմտյան, թե ռուսական կենտրոններից, որը կարող է ստիպել իշխանություններին գնալ ավելի թափանցիկ ընտրությունների։ Սակայն, ինչպես նշում է Բադալյանը, այս պահին նման ազդեցություն չի դիտվում, ավելին՝ որոշ արտաքին քաղաքական կենտրոններ կարծես շահագրգռված են գործող իշխանության վերարտադրմամբ ր բացահայտ հայտարարում են դրա մասին։

Երրորդ գործոնը հասարակության վիճակն է։ Նրա գնահատմամբ՝ հասարակությունը տարիների ընթացքում թուլացել է թե՛ թվաքանակով, թե՛ քաղաքական ակտիվությամբ, թե՛ արժեքային համակարգով։ Բադալյանը նկատում է, որ անգամ զգայուն հարցերի շուրջ հանրային արձագանքը սահմանափակ է, ինչը նույնպես ազդում է քաղաքական գործընթացների վրա։

Ամփոփելով՝ քաղտեխնոլոգը կրկին վերադառնում է հիմնական հարցին․ «Եթե 35 տարի շարունակ նույն արդյունքն է վերարտադրվել, և այսօր կան վերոհիշյալ լրացուցիչ գործոններ, որոնք ամրապնդում են այդ օրինաչափությունը, ինչո՞ւ պետք է ենթադրել, որ հաջորդ ընտրությունները կբերեն այլ արդյունքի»։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top