Հայաստանի էներգետիկ համակարգը կանգնած է լուրջ փոփոխությունների շեմին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության պետականացումը կարևոր քայլ է էներգետիկ անվտանգության և կառավարման որակի բարելավման համար։ Սակայն այս գործընթացը բազմաթիվ հարցեր է առաջացնում՝ սկսած օրենսդրական փոփոխություններից մինչև հնարավոր թաքնված ռիսկեր։ Ի՞նչ է պլանավորում իշխանությունը, և արդյո՞ք այս քայլերը ծառայում են բացառապես Հայաստանի շահերին։
«Երկու ատոմակայանի» ձեռքբերում
Հունիսի 26-ին կայացած կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը վերջին տարիներին էական առաջընթաց է գրանցել էներգետիկայի ոլորտում։
«2018-2020 թվականներին մենք ակտիվորեն քննարկում էինք էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացումը։ Այս ընթացքում մենք գեներացրել ենք վերականգնող արևային էներգիայի հզորություններ, որոնք համարժեք են ատոմակայանի երկու հզորության», – նշեց վարչապետը։
Նա այս ձեռքբերումը համարում է կարևոր, սակայն ընդունում է, որ էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված խնդիրներ դեռևս առկա են։ Լուծումը, Փաշինյանի խոսքով, ՀԷՑ-ի նկատմամբ պետական վերահսկողության հաստատումն է։
«Պետությունը պետք է արագ վերցնի ՀԷՑ-ի կառավարումը։ Գործընթացները պետք է լինեն արդյունավետ և արագ», – հայտարարեց նա։
Վարչապետը նաև նշեց, որ Քաղաքացիական պայմանագիր (ՔՊ) կուսակցության վարչության մակարդակով քննարկվել է այս հարցը, և օրենսդրական փոփոխությունների նախագիծն արդեն պատրաստ է՝ արտահերթ նիստով քվեարկության դրվելու համար։ Իշխանությունները նաև պլանավորում են ապագայում բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության հնարավորություն ստեղծել քաղաքացիների համար՝ ինչպես ՀԷՑ-ի, այնպես էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի դեպքում։
Օրենսդրական փոփոխություններ. ինչ է փոխվում
ՀԷՑ-ի պետականացման գործընթացը խարսխված է մի շարք օրենսդրական փոփոխությունների վրա, որոնք արդեն ներկայացվել են Ազգային ժողովի կայքում։ Չնայած նախագծում ՀԷՑ-ը ուղղակիորեն չի նշվում, առաջարկվող փոփոխությունները հստակ ուղղված են էներգետիկ ոլորտի կարգավորմանը։
Այսպես «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում նախատեսվում է փոփոխություն, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) կստանա լրացուցիչ լիազորություններ։ Եթե սպառողների իրավունքների խախտման, անվտանգության կամ հուսալիության վերաբերյալ ռիսկեր պարունակող հաղորդագրություն ստացվի, ՀԾԿՀ-ն կարող է 5 օրվա ընթացքում սկսել վարչական վարույթ։
Նույն փաթեթում ընդգրկված «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններով նոր հոդված է ավելացվում, որը կարգավորում է կանխարգելիչ միջոցները։ ՀԾԿՀ-ն կկարողանա ծրագրեր հաստատել խախտումների վերացման համար և նշանակել ժամանակավոր կառավարիչ՝ համապատասխան կրթությամբ և փորձով անձանցից։
Բացի այդ, իշխանությունները մտադիր են օրենքով ամրագրել կառավարության առաջնահերթությունը՝ եթե լիցենզավորված ընկերությունը ցանկանա օտարել կամ գրավադրել իր բաժնեմասի 25%-ից ավելին։ Սա վերաբերում է ոչ միայն ՀԷՑ-ին, այլև այլ ռազմավարական ընկերությունների։
Այս փոփոխությունները նպատակ ունեն ամրապնդել պետության դիրքերը էներգետիկ ոլորտում, սակայն դրանք նաև բարձրացնում են հարցեր՝ արդյո՞ք պետական վերահսկողությունը կլինի արդյունավետ, և արդյո՞ք այն չի հանգեցնի նոր ռիսկերի։
Թաքնված օրակարգ
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը կարծում է, որ ՀԷՑ-ի պետականացումը կարող է լինել ավելի լայն ծրագրի մի մաս, որը կապված է ոչ միայն էներգետիկայի, այլև Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման հետ։
«Կամաց-կամաց բացահայտվում է, թե ինչի մասին է պայմանավորվել Էրդողանի հետ։ Այսպես էլ Գորիս-Կապան ճանապարհը տրվեց՝ օգտագործելով գյուղերի ադրբեջանական անվանումները», – նշում է Դանիելյանը։
Նա ընդգծում է, որ արևային էլեկտրակայանների հզորությունն արդեն գերազանցում է ատոմակայանի հզորությունը, ինչը կարող է հիմք ստեղծել ատոմակայանի փակման համար։ Ըստ Դանիելյանի՝ Թուրքիան և Ադրբեջանը վաղուց են նման պահանջ ներկայացրել, և հնարավոր է, որ Հայաստանն արդեն համաձայնություն է տվել։
«Հաջորդ փուլը կարող է լինել էլեկտրացանցերի փոխանցումը թուրքական ընկերությանը, իսկ գազի մատակարարումը՝ Ադրբեջանից՝ որպես խաղաղության և համագործակցության երաշխիք», – զգուշացնում է քաղաքագետը։
Դանիելյանը նաև նշում է, որ ՀԷՑ-ի պետականացումը կարող է կապված լինել ավելի լայն ներքաղաքական օրակարգի հետ, ներառյալ եկեղեցու և գործարար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված արշավները։

