Երևանյան այցն ու Կարսի հանդիպումը մեկ շղթայում. Ակտիվություն առանց արդյունքի՞

Հայաստան է ժամանել Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունը: Նախօրեին համատեղ հանձնաժողովի նիստ էր կայացել նաև հայ-թուրքական պատվիրակությունների միջև Կարսում։  Այս գործընթացները քննարկումների նոր ալիք առաջացրեց տարածաշրջանային գործընթացների շուրջ։  Ի՞նչ է տեղի ունենում և ի՞նչ սպասել այս հանդիպումներից իր գնահատականներն է ներկայացրել տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Սահմանազատում՝ առանց արագ արդյունքների

Պետրոսյանի խոսքով՝ այցը, ամենայն հավանականությամբ, կապված է սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովի աշխատանքների շարունակության հետ։ Նա նշեց, որ այս ժամանակահատվածի բոլոր քննարկումների  ընթացքում բազմաթիվ հարցեր Ադրբեջանում պայմանավորում են Հայաստանում սպասվող ընտրություններով, ինչը որոշակի անորոշություն էր ստեղծում։

Միաժամանակ փորձագետը նշում է, որ հանձնաժողովների գործունեությունը կարող է շարունակվել մինչև ընտրությունները, քանի որ նախնական պայմանավորվածություններ արդեն իսկ ձեռք են բերվել։ Սակայն կոնկրետ արդյունքների հասնելու հարցում նա էական առաջընթաց չի սպասում

«Սսահմանազատման ուղղությամբ էական առաջընթաց ակնկալել դժվար է, մինչդեռ տնտեսական ոլորտում որոշակի քննարկումներ հնարավոր են, մասնավորապես՝ Հայաստանից որոշ ապրանքների արտահանման վերաբերյալ։ Այդուհանդերձ, լայնածավալ համաձայնությունների հասնելը այս փուլում քիչ հավանական է», — նշում է նա։

Միջազգային միջոցառումների ֆոնը և «քայլերի ցուցադրումը»

Անդրադառնալով Կարսում կայացած հայ-թուրքական հանդիպմանը՝ Պետրոսյանը այն դիտարկում է ԵՄ-ի հետ առաջիկա խոշոր միջոցառումների ՀՀ-ում անցկացման համատեքստում, քանի որ այստեղ տարածաշրջանային խաղաղության օրակարգը լինելու է առանցքային թեմաներից մեկը։

Նրա կարծիքով՝ հենց այս ֆոնին է, որ Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են որոշակի ակտիվություն ցուցադրել՝ ցույց տալու համար, որ իրենք իրական քայլեր են կատարում։ Միաժամանակ նա նշում է, որ հատկապես Թուրքիայի դեպքում գործընթացը գտնվում է լճացման փուլում․ հայտարարված դրական քայլերը դեռևս չեն վերածվել շոշափելի արդյունքների, չնայած դեռ 2022 թվականին ձեռք բերված պայմանավորվածություններին։

Կարսի բանակցությունների «դրական ֆոնը»

Նրա փոխանցմամբ՝ հանդիպմանը թուրքական կողմը հանդես է եկել կոնկրետ պլանավորված քայլերով՝ որոշակի ժամկետներում իր «տնային աշխատանքը» կատարելու մասով։ պետրոսյանի խոսքով, Թուրքիայի մոտեցումը հետևյալն է՝ ցույց տալ, որ իրենք իրենց քայլերը կատարում են, օրինակ՝ ենթակառուցվածքների, մասնավորապես երկաթուղու թեմայով, միաժամանակ հնչեցնել ենթատեքստային ուղերձ՝ որ հայկական կողմը դեռևս ունի խնդիրներ, այդ թվում՝ ռուսական կողմի հետ այս հարցում պայմանավորվածությունների հասնելու հարցում։

Խոսքը վերաբերում է երկաթուղային կապերին՝ բաց հատվածների միացմանը հիմնական գծերին, ինչպես նաև մինչև Թուրքիայի սահման երկաթուղու հասնելու կամ Ադրբեջանի ուղղությամբ՝ դեպի Նախիջևան կապերի ապահովման հարցերին։

Այսպիսով, ըստ փորձագետի, Թուրքիան և Ադրբեջանը փորձում են իրականացնել որոշակի քայլեր, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան դրանք ներկայացնել որպես հիմնավորում իրենց դիրքորոշումների համար։  Միևնույն ժամանակ, հաշվի առնելով, որ Երևանում սպասվում են կարևոր միջոցառումներ, նա կարծում է, որ այս գործողությունները նաև միտված են օրակարգ ձևավորելուն՝ ավելի շուտ քարոզչական տրամաբանությամբ։

Scroll to Top