Մուստաֆաևի այցը Երևան․ խաղաղության իմիտացիա և արագացվող սահմանազատում 

Մուստաֆաևի այցը Երևան․ խաղաղության իմիտացիա և արագացվող սահմանազատում 

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի Երևան կատարած այցը պետք է  դիտարկել մի քանի հարթությունններում, քանի որ այն ունի ինչպես քաղաքական-քարոզչական, այնպես էլ կոնկրետ կիրառական բաղադրիչ։ Նման կարծիքի է քաղաքագետ Վիգեն Հակոբյանը։ 

Նրա խոսքով՝ քաղաքական առումով այցը միտված է ձևավորելու այնպիսի ընկալում, թե խաղաղությունն արդեն ոչ միայն հասանելի է, այլև որոշակիորեն «կայացած» և խորացող գործընթաց է։ Այս իմաստով, բուն այցը պետք է ստեղծի այն իլյուզիան, որ այլևս որևէ արտառոց բան չկա նրանում, որ հայկական պատվիրակությունները կարող են այցելել Ադրբեջան, իսկ Ադրբեջանի փոխվարչապետը՝ որպես նաև սահմանագծման և սահմանազատման համատեղ հանձնաժողովի համանախագահ, կարող է հանգիստ պաշտոնական այցով ժամանել Հայաստան։

Հակոբյանը սա բնորոշում է որպես հստակ քաղաքական-քարոզչական հնարք, որը, նրա գնահատմամբ, իրականացվում է Հայաստանի իշխանությունների կողմից՝ ադրբեջանական կողմի անմիջական մասնակցությամբ, աջակցությամբ և ներգրավվածությամբ։ Այս մեսիջը, ըստ նրա, նախևառաջ ուղղված է ներքին լսարանին՝ նպատակ ունենալով ամրապնդել այն թեզը, որ խաղաղությունն արդեն իսկ առկա է, ինչպես դա պնդում է Հայաստանի գործող ղեկավարությունը։

Միաժամանակ քաղաքագետը չի բացառում, որ այցը ունի նաև հստակ գործնական օրակարգ՝ կապված պաշտոնյայի անմիջական պարտականությունների հետ, այսինքն՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացների։ Նրա կարծիքով՝ հատկապես ընտրություններից առաջ կարող է նկատվել այդ գործընթացների արագացման փորձ, քանի որ կողմերը շահագրգռված են որոշակի հարցեր լուծել մինչև ներքաղաքական նոր զարգացումների փուլ մտնելը։

Հակոբյանի դիտարկմամբ՝ Ադրբեջանը առաջնորդվում է պրագմատիկ հաշվարկներով և փորձում է առավելագույնս օգտագործել ներկայիս իրավիճակը։ Նրա խոսքով՝ նույնիսկ Ադրբեջանում լավ են հասկանում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությունը երաշխավորված չէ, և որևէ մեկը չի կարող վստահաբար ասել, թե ընտրություններից հետո ինչ քաղաքական դասավորություն կլինի Հայաստանում՝ հաշվի առնելով առկա ներքաղաքական զարգացումները և ուժերի հարաբերակցությունը, որը, նրա գնահատմամբ, այս պահին իշխանությունների օգտին չէ։

Այս պայմաններում, ըստ քաղաքագետի, Ադրբեջանը փորձում է «քանի դեռ ժամանակ կա» ստանալ առավելագույնը գործող իշխանություններից։ Նրա ձևակերպմամբ՝ քանի դեռ Նիկոլ Փաշինյանը «ձիու վրա է» և շարունակում է ստորագրել փաստաթղթեր, Բաքուն կփորձի այս կարճ ժամանակահատվածում՝ մոտավորապես մեկուկես-երկու ամսվա ընթացքում, հասնել հնարավորինս մեծ անդառնալի արդյունքների։

Հակոբյանը նաև նշում է, որ եթե գործող իշխանությունները վերարտադրվեն, ապա հնարավոր է գործընթացների տեմպերի աճ՝ Հայաստանի կողմից զիջումների, իսկ  Ադրբեջանի կողմից ձեռքբերումների տեսանկյունից։ Բայց մինչ այդ ադրբեջանական կողմը փորձում է առնվազն ֆիքսել այն արդյունքները, որոնք հնարավոր է ձեռք բերել ներկայիս փուլում՝ հաշվի առնելով, որ ՀՀ ներկայիս իշխանության վերարտադրության սցենարը կարող է կյանքի չկոչվել։ 


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top