Օհանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով անօրինական է համարել առանց իր ներկայության՝ իրեն պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու օրակարգով նիստ հրավիրելու և քննարկում սկսելու փաստը։
Նրա խոսքով՝ խախտվել են «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես՝ այն դրույթը, որի համաձայն, եթե հարցում նշված պատգամավորը նիստից բացակայում է անհարգելի պատճառով, ապա հարցը կարող է քննարկվել առանց նրա մասնակցության։ Մինչդեռ, Օհանյանի պնդմամբ, իր բացակայությունը լիովին հարգելի է եղել։
«ՔՊ նախաձեռնությամբ՝ այսօր Նիկոլ Փաշինյանի դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել Ազգային ժողով՝ իմ նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին՝ առողջական խնդրի պատճառով իմ հարգելի բացակայության պայմաններում», — նշված է Օհանյանի հայտարարության մեջ։
Նրա խոսքով՝ արդեն հուլիսի 1-ին գրավոր տեղեկացրել է ԱԺ նախագահին, որ չի կարող մասնակցել արտահերթ նիստին, քանի որ հունիսի 27-ից գտնվում է վերականգնողական կենտրոնում՝ անցնելով բուժում, որն այս պահին դեռ շարունակվում է։ Գրությանը կցվել է նաև համապատասխան բուժհաստատության տեղեկանք։
Օհանյանը հայտարարության մեջ նշում է, որ իշխող ուժը, լավ տեղյակ լինելով իր ժամանակավոր անաշխատունակության մասին, միտումնավոր կազմակերպել է այս գործընթացը՝ որպես քաղաքական շոու՝ ընդդիմադիր գործիչների դեմ։
«Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության իշխող խմբակը, լինելով տեղեկացված իմ ժամանակավոր անաշխատունակության վերաբերյալ, կազմակերպել է այս շոուն իմ և իմ գործընկերների դեմ՝ հետապնդելով երկու հիմնական նպատակ՝ շեղել հանրության ուշադրությունը իրենց իսկ ձեռամբ ստեղծված, մեր պետության դեմ ուղղված ծանրագույն սպառնալիքներից և ադրբեջանական իշխանությունների հետ համաձայնեցված՝ շարունակել հետևողականորեն չեզոքացնել բոլոր այն քաղաքական, հասարակական, զինվորական գործիչներին, բարերարներին, հոգևորականներին, ովքեր պայքարում են հանուն Արցախի, Հայաստանի, հանուն հայ ժողովրդի և նրա հոգևոր արժեքների լինելիության», — նշել է Օհանյանը։

