Այս ընտրություններին ընտրակաշառքի ազդեցության տակ գտնվող ընտրազանգվածը կարող է կազմել մինչև 10 տոկոս։ Նման կարծիքի է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը։
Փորձագետը այսդուհանդերձ ընտրակաշառքի հետ կապված իրավիճակը շարունակում է մտահոգիչ համարել։ Նրա խոսքով՝ ընտրակաշառքի բաժանման գործընթացը շարունակում է գործել տարբեր մակարդակներում։
Իոաննիսյանի ներկայացմամբ՝ գույություն ունեն մի շարք ինդիկատորներ, որոնց միջոցով գնահատում է ընտրակաշառքի հոտ կամված իրավիճակը։ Դրանցից մեկը դաշտային տեղեկատվությունն է։ Նրա խոսքով՝ գրեթե յուրաքանչյուր շենքում գործում էհամակարգող անձ, որը պատասխանատու է գումարների ստացման և բաշխման համար։ Նա նաև նշել է, որ այդ համակարգում ներգրավված անձինք ունեն տարբեր դերեր և անվանումներ՝ «ակտիվիստ», «կազմակերպիչ» և այլ, որոնցից յուրաքանչյուրի համար նախատեսված են տարբեր չափերի վճարումներ։
Իոաննիսյանի խոսքով՝ ըստ գոյություն ունեցող դաշտային տվյալների ընտրակաշառքի ազդեցության տակ գտնվող ընտրազանգվածը կարող է կազմել մինչև 10 տոկոս։ Թեև դա զգալիորեն պակաս է 2017 թվականի ցուցանիշներից, երբ, նրա խոսքով, ընտրակաշառքը կարող էր ընդգրկել ընտրողների գրեթե կեսին, սակայն ներկայիս ցուցանիշը ևս փոքր չի կարելի համարել։
Որպես երկրորդ կարևոր ինդիկատոր՝ Իոաննիսյանը նշել է սոցիոլոգիական հարցումների ընթացքում պատասխանելուց հրաժարվողների թվի աճը։ Նրա խոսքով՝ եթե քաղաքացին հրաժարվում է հայտնել, թե որ քաղաքական ուժին է պատրաստվում ընտրել, դա կարող է վկայել ինչպես վախի կամ անվստահության մասին,այնպես էլ ընտրակաշառք ստանալու կամ նմանատիպ խոստում ունենալու մասին։ Նա ընդգծել է, որ յուրաքանչյուր առանձին դեպք չի կարելի դիտարկել որպես խախտման ապացույց, սակայն վիճակագրական այս պատկերը հարցեր է առաջացնում։
Իոաննիսյանի խոսքով՝ ապրիլի սկզբից մինչև մայիսի սկիզբ հարցումներին պատասխանելուց հրաժարվողների թիվը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով մոտ 12 տոկոսի։ «Մեր օտարերկրյա գործընկերները, որոնք փորձ ունեն այլ երկրներում ընտրական գործընթացների ուսումնասիրության ոլորտում, հակված են կարծելու, որ այդ մարդկանց զգալի մասը կարող է ընտրակաշառք ստացած լինել», — ասում է փորձագետը։
Նրա գնահատմամբ՝ այս միտումները համընկնում են նաև այն տվյալների հետ, որոնք կազմակերպությունը ստանում է երկարաժամկետ դիտորդության և իրավիճակի մշտադիտարկման արդյունքում։ Իոաննիսյանը եզրափակել է, որ ստեղծված իրավիճակը շարունակում է լուրջ խնդիր մնալ ընտրական գործընթացների համար։

