Ընդդիմությունը պետք է ցույց տա մարդկանց, թե որն է իրական երկընտրանքը․ որոնք են իրական սպառնալիքները։ Ընտրողների մոտ այս ընկալումների բացակայության պայմաններում գործող իշխանությունը դառնում է գործնականում անխոցելի։ Նման կարծիքի է «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր, քաղաքագետ Էդգար Էլբակյանը։
Նա նշում է, որ հենց ազգային և գոյաբանական հարցերի շուրջ բավարար խոսույթի բացակայության պատճառով է, որ իշխանությունը հեշտությամբ կարողանում է պահպանել իր վարկանիշը սոցիալական և տնտեսական թեմաների հաշվին։ «Եթե ազգային հարցը հանում եք հավասարումից, իշխանությունը դառնում է անպարտելի,— ասում է քաղաքագետը,— թեև իրականում այդպես չէ»։
Էլբակյանը նշեց, որ, ըստ «Հայկական նախագծի» հարցումների՝ կառավարության գործունեության վարկանիշը ձմռանից աճել է։ Այս աճը հիմնականում պայմանավորված է սոցիալական ծրագրերի իրականացմամբ՝ կենսաթոշակների բարձրացման, առողջապահական ապահովագրության ծրագրերի և այլ սոցիալական քայլերի, որոնք իրականացվում են պետական տարբեր ռեսուրսների հաշվին։ Սակայն, ըստ նրա, սա չի նշանակում, որ հասարակության մեջ վերացել են խորքային խնդիրների վերաբերյալ մտավախությունները։
Քաղաքագետը պնդում է, որ իշխանությունների գլխավոր խոցելիությունը շարունակում է մնալ ազգային և անվտանգային օրակարգը՝ առաջին հերթին Արցախի հարցը։ Նրա խոսքով՝ հենց այդ թեման է ամենացավոտը իշխանության համար, ինչի պատճառով էլ իշխանությունները փորձում են հնարավորինս դուրս մղել այն քաղաքական կենտրոնական քննարկումներից։
«Եթե մի պահ հանենք ազգային հարցը՝ Արցախը, հայկական ինքնության, գոյության, պատմական պատասխանատվության թեմաները, ի՞նչ է մնում իշխանության դեմ հիմնական մեղադրանքների մեջ։ Կոռուպցիա՞ն։ Այո, կա կոռուպցիա, բայց դա գոյաբանական խնդիր չէ պետության համար»,- նշել է նա։
Էլբակյանի համոզմամբ՝ հենց ազգային օրակարգի թուլացումն է իշխանություններին հնարավորություն տալիս ավելի հեշտ հաղթահարել հասարակական դժգոհությունը։ Նա կարծում է, որ երբ քաղաքական պայքարը տեղափոխվում է միայն կենցաղային կամ սոցիալական հարթություն, իշխանության համար ավելի հեշտ է դառնում իրավիճակի կառավարումը։
Քաղաքագետի խոսքով՝ ընդդիմության և ազգային ուժերի գլխավոր սխալը այն է, որ նրանք հաճախ գնում են իշխանության կողմից ստեղծած պայմաններին հարմարվելու ճանապարհով։ «Այսօր հայ հասարակությունը խիստ վախեցված է պատերազմից, և այդ վախը ձևավորվել է Ալիևի, Էրդողանի և Նիկոլ Փաշինյանի համատեղ գործողությունների արդյունքում։ Ընդդիմությունը պետք է ոչ թե փորձի ամեն կերպ հարմարվել այդ վախերին, այլ ցույց տա, որ իրական երկընտրանքը ոչ թե խաղաղության և պատերազմի միջև է, այլ անպատրաստ վիճակում կոտորվելու և պատրաստված՝ արժանապատվորեն դիմակայելու։ Եթե 2018 թվականին ժողովուրդը մենակ մնար առանց էլիտայի առաջնորդության, ոչ մի լուրջ շարժում չէր լինի։ Բայց առաջնորդությունը պետք է ճիշտ օրակարգ առաջարկի։ Պետք է ժողովրդին բացատրել, որ իրական ընտրությունը հենց այստեղ է՝ անպատրաստ կոտորածի և արժանապատիվ պայքարի միջև», — եզրափակեց նա։

