Հայաստանը դարձել է Ռուսաստանի և Արևմուտքի հիբրիդային դիմակայության տարածք

Հայաստանը դարձել է Ռուսաստանի և Արևմուտքի հիբրիդային դիմակայության տարածք

Ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացները Ռուսաստանի և Արևմուտքի միջև հիբրիդային դիմակայության մաս են կազմում, և, ցավոք, Հայաստանն այսօր դարձել է շահերի այս բախման հարթակը։ Այս մասին հայտարարել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

Ըստ նրա՝ այսօր շատ է խոսվում Հայաստանի նկատմամբ ռուսական ճնշումների մասին, այնինչ ճնշումներ են գործադրվում նաև Արևմուտքի կողմից։ «Իրականում Ռուսաստանն ու Արևմուտքը հիբրիդային պատերազմ են վարում միմյանց դեմ Հայաստանի համար, և, ցավոք, դա տեղի է ունենում անմիջապես Հայաստանի տարածքում», — հայտարարել է նա։ Բաղդասարյանի խոսքով՝ այս դիմակայության առանցքային տարրերից մեկը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և միաժամանակ Իրանը հյուսիսային ուղղությունից մեկուսացնելու Արևմուտքի ձգտումն է։ «Մեզնից, ի վերջո, ուզում են հետևյալը՝ որպեսզի ռուսները գնան այստեղից, իսկ Իրանը շրջափակվի նաև Հայաստանի տարածքից», — նշել է քաղաքագետը։

Բաղդասարյանն ընդգծել է, որ Հարավային Կովկասն արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիսանում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների շահերի բախման գոտի։ Նրա խոսքով՝ նման աշխարհաքաղաքական բախումները միշտ ուղեկցվում են փոքր պետությունների համար լրջագույն սպառնալիքներով։ Որպես օրինակ նա բերել է 2008 թվականի Վրաստանի իրադարձությունները։ «Վրաստանի պարագայում այդպիսի սպառնալիքն իրականություն դարձավ։ Արևմուտքն այն ժամանակ Վրաստանին չօգնեց։ Երբ տեղի ունեցավ հնգօրյա պատերազմը, Արևմուտքը չմիջամտեց», — ասել է նա։

Այս համատեքստում Բաղդասարյանն առանցքային հարց է համարում այն, թե արդյո՞ք Արևմուտքը պատրաստ է իրապես օգնել Հայաստանին նոր հակամարտության դեպքում։ «Մեզ համար կարևոր է հասկանալ՝ եթե Հայաստանի դեմ այս կամ այն պատճառով, այնուամենայնիվ, նոր պատերազմ սկսվի, Արևմուտքը մեզ կօգնի՞, թե՞ ոչ», — նշել է քաղաքագետը։

Այս համատեքստում Բաղդասարյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու թեմային՝ կրկին հարց բարձրացնելով, թե արդյո՞ք Արևմուտքը պատրաստ է փոխհատուցել նման որոշման տնտեսական և անվտանգային հետևանքները։ «Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, կամ նրան դուրս մղեն այնտեղից, Արևմուտքը կկարողանա՞ մեզ փոխհատուցել այն 3 միլիարդ դոլարը, որն անհրաժեշտ կլինի երկրին յոթ-ութ տարվա ընթացքում՝ այս անցումային շրջանն առանց ծանր ցնցումների հաղթահարելու համար», — հայտարարել է նա՝ հավելելով, որ «ավելի վճռական քայլերի» դիմելու Արևմուտքի կոչերը պետք է ուղեկցվեն կոնկրետ երաշխիքներով։ «Երբ մեզ ասում են՝ եղեք ավելի համարձակ, գործեք ավելի վճռական, մենք պետք է պատասխանենք, որ այդ վճռականությունը գին ունի։ Մի բան է առանձին մարդու ռիսկը, և բոլորովին այլ բան, երբ պետությունն է գնում նման ռիսկի՝ առանց իրական երաշխիքների», — ընդգծել է Բաղդասարյանը։

Խոսելով ուժային տարբեր կենտրոնների հետ Հայաստանի ներկայիս հարաբերությունների մասին՝ քաղաքագետը հայտարարել է, որ ընտրության հարցն արդեն փաստացի դրված է Երևանի առջև. հայկական կողմին վաղուց արդեն հասկացնում են՝ «երկու աթոռին նստել հնարավոր չէ»։ Միևնույն ժամանակ, քաղաքագետը կասկած է հայտնել, որ  ֆորմալ առումով Հայաստանին հնարավոր կլինի հեռացնել ԵԱՏՄ-ից՝ նշելով, որ կազմակերպության ներսում կարող են գտնվել երկրներ, որոնք դեմ կլինեն նման սցենարին։ «Դա առաջին հերթին Ղազախստանն է, որը շահագրգռված է այսպես կոչված «Միջին միջանցքի» զարգացմամբ և դեպի արևմտյան շուկաներ դուրս գալով՝ շրջանցելով Ռուսաստանը», — կարծում է նա։

Ավելին՝ ըստ Բաղդասարյանի, նույնիսկ առանց ֆորմալ հեռացման, Մոսկվան ունի Հայաստանի վրա ճնշում գործադրելու լուրջ տնտեսական գործիքակազմ։ Նա թվարկել է այն հնարավոր միջոցները, որոնք Ռուսաստանը կարող է կիրառել երկկողմ հարաբերություններում՝ էներգակիրների մատակարարման սահմանափակումներից մինչև լոգիստիկ ոլորտում բարդությունների ստեղծում։ «Գազամուղը կարող են «վերանորոգել» թեկուզ ամեն շաբաթ։ Լարսը կարող են վերանորոգման պատրվակով փակել երկու շաբաթը մեկ։ Կարելի է դժվարություններ ստեղծել հայկական գյուղմթերքի ներկրման համար», — նշել է քաղաքագետը։ Նրա խոսքով՝ Մոսկվան բավականին շատ նման գործիքներ ունի, և լավ կլինի, եթե ճնշումները սահմանափակվեին բացառապես տնտեսական ոլորտով։

Դրա հետ մեկտեղ, Բաղդասարյանն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է ազդեցության լծակներ նաև անվտանգության ոլորտում։ Քաղաքագետը քիչ հավանական է համարում ուղղակի ուժային սցենարը՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև ընդհանուր սահմանի բացակայության պատճառով։ «Եթե մենք ընդհանուր սահման ունենայինք, նման սցենարները հնարավոր կլինեին։ Բայց ես, այնուամենայնիվ, իրադարձությունների նման զարգացման հավանականությունը ցածր եմ համարում», — ասել է նա։ Նա անդրադարձել է նաև Ռուսաստանում ընդունված այն օրենքին, որը թույլ է տալիս ռուսական զինված ուժերի օգտագործումն արտերկրում՝ ՌԴ քաղաքացիների պաշտպանության համար։ Սակայն, Բաղդասարյանի գնահատմամբ, Հայաստանը դժվար թե հանդիսանա նման մեխանիզմների հիմնական թիրախը։ Նա համոզված է, որ նման մեխանիզմներից ավելի շուտ պետք է զգուշանա Ղազախստանը։ Այդուհանդերձ, Բաղդասարյանը չի բացառել Հայաստանի դեմ ուժային սցենարների հավանականությունը, բայց ոչ թե հենց Ռուսաստանի, այլ «երրորդ պետությունների ձեռքով»։

Քաղաքագետը վստահ է, որ ներկայիս գլոբալ տուրբուլենտության (անհանգստության) պայմաններում Հայաստանը պետք է խուսափեր արտաքին քաղաքական կտրուկ քայլերից։ Նրա խոսքով՝ քանի դեռ անորոշ է մնում ռուս-ուկրաինական պատերազմի ելքը, ինչպես նաև Իրանի շուրջ իրավիճակի զարգացումը, ցանկացած, նույնիսկ մանրակրկիտ հաշվարկված որոշում կարող է սխալ լինել։ «Փոքր պետությունները տուրբուլենտության շրջաններում չպետք է կտրուկ շարժումներ անեն։ Պետք է փորձել որքան հնարավոր է ժամանակը ձգել», — ընդգծել է Բաղդասարյանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top