Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 3 ընտրատեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչեց և հայտարարեց, որ վերաքվեարկություն չի նշանակվելու։
Ըստ ՀՀ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի տարածած հայտարարության՝ որևէ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելուց հետո ԿԸՀ չպետք է ավտոմատ կերպով նշանակի վերաքվեարկություն։ Ըստ նրա՝ հիմնական քվեարկությանը մասնակցած ընտրողները քվեարկել են այն պահին, երբ ընդհանուր արդյունքը հայտնի չէր։ Նրանք չգիտեին՝ ով է առաջատար, քանի ձայնի տարբերություն կա, որ ուժը կհաղթահարի շեմը կամ իրենց քվեն ինչ ազդեցություն կունենա վերջնական արդյունքի վրա։
«Մինչդեռ վերաքվեարկության մասնակից ընտրողները քվեարկելու են արդեն այլ իրավիճակում․ նրանց համար կարող է հայտնի լինել ընդհանուր պատկերը։ Այս պայմաններում ընտրողի կամքը կարող է ձևավորվել ոչ թե իր սկզբնական քաղաքական նախապատվությամբ, ազատ կամարտահայտությամբ, այլ արդեն հայտնի արդյունքը խմբագրելու հաշվարկով։ Այս ռիսկը սովորաբար բնութագրվում է որպես տակտիկական քվեարկություն», — նշել է նա։
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանում գրեթե բոլոր ընտրությունները, բացառությամբ 1991 թվականի նախագահական և 1990 թվականի Գերագույն խորհրդի ընտրությունների, անցել են խնդիրներով, իսկ տարիների ընթացքում պարզապես փոխվել են ընտրակեղծիքների մեխանիզմները։
«Եթե 90-ականներին դա քվեատուփ գողանալն էր, մարդ ծեծելը և այլն, ապա հետո դա դարձավ նկարել՝ պարզապես նկարում էին թվերը։ Հետո եկավ արդեն հայտնի ընտրակաշառքների էպոխան՝ ավելի ցիվիլ, բայց ոչ պակաս կեղծիքներով», — ասել է նա։ Կարեն Քոչարյանի խոսքով՝ ներկայիս իշխանության դեպքում տպավորություն է ստեղծվում, թե այս իշխանությունը ուշադիր ուսումնասիրել է բոլոր իշխանությունների ընտրությունների կեղծման տեխնոլոգիաները և որոշել է միանգամից բոլորն օգտագործել։
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, իր հերթին պնդում է՝ առանձին տեղամասերի վերաքվեարկությունը օրենսգրքում սևով սպիտակի վրա գրված հստակ կարգավորում է, որը ԿԸՀ-ն չի կարող «գրիչով ջնջել»։ Նա մանիպուլյացիա է անվանել Հովակիմյանի հիմնավորումները՝ հիշեցնելով, որ Ընտրական Օրենսգրքի համաձայն առանձին տեղամասերում վերաքվեարկությունը միշտ էլ ընտրությունից երկու շաբաթ անց է, երբ բոլորին պարզ է ընտրությունների պատկերը, ինչը, բնականաբար, միշտ էլ ազդելու է այդ տեղամասերի վերաքվեարկության արդյունքների վրա։
«Ավելին, առանձին տեղամասերում վերաքվեարկությունը, ըստ օրենսգրքի, նշանակվում է, երբ դրա արդյունքները էական են ընտրությունների համար։ Այսինքն, ըստ Ընտրական օրենսգրքի՝ առանձին տեղամասերի վերաքվեարկությունը միշտ էլ վերածվելու է tactical voting-ի… Եվ ուրեմն, ըստ ԿԸՀ-ի, փաստորեն, երբեք չի կարելի անել առանձին տեղամասերի վերաքվեարկություն։ Այլ կերպ ասած այն, ինչ ԿԸՀ-ն համարում է այս անգամ առանձին տեղամասերում վերաքվեարկություն չանելու հիմք` վերաբերելի է ցանկացած այլ հիպոթետիկ իրավիճակի ու ուղիղ հակասում է օրենսգրքի կարգավորմանը» , — նշում է նա։

