Իրավական հակասություններ նախընտրական ծրագրում․ ՔՊ-ն իրավունք չունի մասնակցելու ընտրություններին

Իշխանությունը գծում է սահմանադրական հանրաքվեի անցկացման պլան “Բ”  

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդունած որոշումից հետո Հայաստանում օրենքը փաստացի մղվել է երկրորդ պլան։ Այս մասին նշել է քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։ 

ԿԸՀ-ի ներկայացրած հիմնավորումներին քաղաքագետը որակել է որպես մանիպուլյատիվ։ «ԿԸՀ-ի հիմնավորումը շատ մանիպուլյատիվ բացատրություն է, որովհետև եթե ընտրողը գնա և սիտուատիվ ընտրություն կատարի, այսինքն՝ իր նախաձեռնությամբ և կամքով իր որոշումը խմբագրի, դա իր իրավունքն է և իր  ընտրությունը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրավունք չունի նրան զրկել այդ իրավունքից։ Մարդուն չեն պարտադրում։ Մարդն ինքն է որոշում՝ ուզում է գնալ արդյունքը խմբագրել, թե չի ուզում։ Դա նույնպես քաղաքացու ընտրությունն է», — ասաց քաղաքագետը։

Ըստ նրա՝  ԿԸՀ-ի որոշումից հետո Հայաստանում օրենքը մղվեց երկրորդ պլան։ «Այսինքն՝ օրենքն արդեն զուտ ձևական բնույթ է կրում, և իշխանությունները դա չեն էլ թաքցնում», — ասել է նա։ Բաղդասարյանի խոսքով՝ տեղի ունեցածը որևէ առնչություն չունի կոնկրետ քաղաքական ուժի հետ և պայմանավորված է իշխանությունների քաղաքական հաշվարկներով։ «Սա ԲՀԿ-ի հարցը չէ։ Հարցն այն է, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունենալո՞ւ էիրեն անհրաժեշտ ներկայացվածություն խորհրդարանում, թե՞ ոչ։ Նրանք այդ որոշումը կայացրել են նպատակահարմարության դիրքերից, ոչ թե օրենքով», — նշեց քաղաքագետը։

Նրա գնահատմամբ՝ այս որոշումից հետո իշխանությունները բախվելու են լեգիտիմության խնդիրների, սակայն, մեծ հավանականությամբ իրենք համարել են, որ ավելի լավ է այդ խնդիրներն ունենան, քան հետագայում բախվեն այլ սակավ ներկայացվածությունից բխող դժվարությունների հետ։ «Այսինքն՝ իրենք ընտրություն են կատարել վատի և վատթարի միջև։  Բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում սխալվել են և ընտրել են վատթար ճանապարհը», — ասել է նա։

Բաղդասարյանի դիտարկմամբ՝ օրենքն ետին պլան մղելու քայլերը ունեն հեռու գնացող նպատակներ և չեն եզրափակվելու միայն ԿԸՀ-ի որոշումով։

«Բառացիորեն մեկ օր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  “եռագլուխ մաֆիան պետք է ոչնչացվի, դա ժողովրդի պահանջն է”։ Նա չի ասում՝ օրենքն է պահանջում, ասում է՝ ժողովուրդն է պահանջում։ Այսինքն՝ ամեն ինչ ներկայացվում է ժողովրդի պահանջի պրիզմայով ոչ թե օրենքով։ Սրանով ստեղծվում է ամենավտանգավոր նախադեպը», — նշել է քաղաքագետը։

Քաղաքագետը համոզված է, որ նույն մոտեցումը կարող է կիրառվել նաև ապագայում՝ Նոր Սահմանադրության ընդունման գործընթացներում։ Հիշեցնելով, որ Սահմանադրական հանրաքվեի անցկացման համար անհրաժեշտ է, որ նախ նոր  Սահմանադրության նախագիծն ընդունվի ԱԺ-ում։  Խորհրդարանում նախագիծն ընդունվում է ⅔ ձայներով, սակայն իշխող ուժը նույնիսկ ԿԸՀ-ի այս խայտառակ որոշումից հետո չունի այդքան ձայն։ Եվ ահա այսօր հող է նախապատրաստվում, երբ առաջնային է դառնում ոչ թե օրենքը, այլ «ժողովրդի պահանջը»։ 

«Ես վստահ եմ, որ նույնը անելու են նաև, օրինակ, սահմանադրական հանրաքվեի դեպքում։ Ենթադրենք՝ առանց երկու երրորդի չեն կարող դա անել, բայց ի՞նչը պետք է նրանց խանգարի հայտարարել, որ կա հանրային պահանջ։ Իսկ ո՞վ պիտի քննի այդ հարցը։ Պիտի քննի Սահմանադրական դատարանը։ Իսկ թե ինչ որոշում կկայացվի, բոլորս հասկանում ենք», — նշել է Բաղդասարյանը։


👉 https://vectors.am/category/qaghaqakanutyun/

Scroll to Top