Այս ընտրություններից հետո գործող իշխանությունն այլևս չի կարող հղում անել նաև ընտրական լեգիտիմությանը։ Նման գնահատականով հանդես եկավ Հայաստանի արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Գրիգոր Մուրադյանը։ Նրա խոսքով՝ եթե մինչ այժմ իշխանության լեգիտիմության վերաբերյալ կային միայն իրավական և սահմանադրական բնույթի հարցեր, ապա այժմ դրանք համալրվել են նաև քաղաքական գնահատականներով։
Մուրադյանը պնդում է, որ 2018 թվականից ի վեր իշխանությունները հետևողականորեն խախտել են սահմանադրական կարգի հիմքերը, ինչի հետևանքով, իր համոզմամբ, վաղուց կորցրել էին սահմանադրական լեգիտիմությունը։ Նա հավելել է, որ այդ գործընթացներին դեռ պետք է տրվի համապարփակ քաղաքական և իրավական գնահատական։
Նախկին փոխնախարարի կարծիքով՝ վերջին ընտրությունների գլխավոր արդյունքն այն է, որ ընդդիմադիր ուժերը համախառն ստացել են ավելի շատ ձայներ, քան իշխող քաղաքական ուժը, ինչն, ըստ նրա, վկայում է հանրային տրամադրությունների փոփոխության մասին։
Միաժամանակ նա պնդել է, որ ընտրական գործընթացն ուղեկցվել է լուրջ խախտումներով՝ խոսելով նախընտրական քարոզչության կանոնների խախտումների, վարչական ճնշումների և ընտրողների նկատմամբ հոգեբանական ազդեցության մասին։ Նրա խոսքով՝ իշխանությունները փորձել են ձևավորել այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում քաղաքացիներին համոզել են, թե գործող իշխանությանը չաջակցելու դեպքում երկիրը կհայտնվի պատերազմի վտանգի առաջ։
Մուրադյանն առանձին անդրադարձել է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ շուրջ 60 հազար ընտրող, իր գնահատմամբ, փաստացի զրկվել է ընտրական իրավունքից։ Նրա խոսքով՝ այդ որոշումը հետագայում հաստատվել է նաև Սահմանադրական դատարանի կողմից, ինչը, ըստ նրա, խորացրել է ընտրական գործընթացի նկատմամբ անվստահությունը։
Նրա գնահատմամբ՝ այս պայմաններում ընտրողների կամարտահայտությունը խեղաթյուրվել է, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Սահմանադրական դատարանի որոշումները չեն կարող ծառայել որպես իշխանության ընտրական լեգիտիմության ապացույց։
«Եթե մինչ այժմ իշխանությունն ապալեգիտիմ էր սահմանադրական տեսանկյունից, ապա այժմ կորցրել է նաև ընտրական լեգիտիմությունը»,– հայտարարել է Մուրադյանը։
Նախկին փոխնախարարն ընդգծել է նաև, որ պաշտոնապես արձանագրված շուրջ 60 հազար ձայնի կորստի հանգամանքը, իր խոսքով, չի ստացել պատշաճ իրավական գնահատական։ Նրա համոզմամբ՝ այդ իրավիճակը վկայում է, որ ընտրական գործընթացը վերահսկող պետական մարմինները ևս կորցրել են հանրային վստահությունն ու, իր գնահատմամբ, սահմանադրական լեգիտիմությունը, թեև շարունակում են իրականացնել իրենց լիազորությունները։

