Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում առաջացած լարվածությունը պայմանավորված չէ միայն եվրոպական ինտեգրման թեմայով։ Իրական առանցքային խնդիրը Ռուսաստանի ռազմավարական ներկայությունն է Հայաստանում, մասնավորապես՝ երկաթուղային համակարգի և ատոմակայանի ապագայի շուրջ ձևավորված օրակարգի շուրջ։ Նման կարծիքի է քաղաքագետ Տիգրան Գրիգորյան։
Գրիգորյանը հիշեցրեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հարցազրույցը, որտեղ վերջինս, թեև քննադատաբար էր վերաբերվում TRIPP նախագծին, նշել էր, որ այն կարող է շահել Ռուսաստանի մասնակցությունից։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռուսաստանը չի կարող ուղղակիորեն ներգրավվել TRIPP-ում, քանի որ այն հայ-ամերիկյան նախագիծ է, որի շրջանակում երրորդ կողմի մասնակցություն նախատեսված չէ՝ բացառությամբ հնարավոր տեխնիկական կամ շինարարական առանձին մրցույթների։
Նրա կարծիքով՝ հենց այս հանգամանքն է Մոսկվայի մտահոգության պատճառներից մեկը։ Եթե Հայաստանը շարժվի երկաթուղային համակարգի կառավարումը երրորդ կողմին փոխանցելու ուղղությամբ, Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դուրս մնալ այդ գործընթացից։ Գրիգորյանը հիշեցնում է նաև, որ Գալուզինը հատուկ ընդգծել էր Հարավկովկասյան երկաթուղիների կառավարման իրավունքի հարցը՝ նշելով, որ առանց Ռուսաստանի մասնակցության ապաշրջափակումը, ըստ էության, չի կայանա։
Քաղաքագետի համոզմամբ՝ հենց այս ռազմավարական հարցերում Մոսկվան փորձում է ճնշում գործադրել Երևանի վրա՝ հասնելու իր համար ընդունելի լուծումների։ Վերլուծելով վերջին օրերին ռուսական մամուլի հրապարակումները և Հարավային Կովկասի թեմայով հանդես եկող ռուս փորձագետների մեկնաբանությունները՝ Գրիգորյանը նշում է, որ տարբեր լրատվամիջոցներում և կիսապաշտոնական դերակատարների մոտ կրկնվում է նույն պատումը՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները, հատկապես գյուղատնտեսության ոլորտում, թեև առայժմ լուրջ տնտեսական հետևանքների չեն հանգեցրել, սակայն արդեն առաջացրել են կառավարության դեմ դժգոհության ալիք։
Որպես օրինակ՝ բերվում են Արարատի մարզի բնակիչների կողմից Երևան–Երասխ մայրուղու կարճատև փակման փոքրաթիվ ակցիան, ինչպես նաև ձկնաբույծների բողոքի ակցիաները կառավարության շենքի դիմաց։ Փորձագետի պնդմամբ՝ Հայաստանի համար նման բողոքի ակցիաները սովորական երևույթ են, սակայն ռուսական մամուլում այդ դեպքը ներկայացվել է որպես իշխանությունների նկատմամբ լայնածավալ դժգոհության ցուցիչ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ այս տեղեկատվական մոտեցումը վկայությունն է ՌԴ-ի հիմնական սպասումների՝ ՀՀ կառավարությունից զանգվածային դժգոհությունների։ Մոսկվայի հաշվարկով՝ սկզբնական փուլում դժգոհությունները կարող են ձևավորվել տեղական արտադրողների և գյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց շրջանում, իսկ հետագայում քաղաքականացվել պրոռուսական ուժերի կողմից, որոնք կփորձեն տնտեսական խնդիրները ներկայացնել որպես կառավարության՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու հետևանք։
Գրիգորյանի համոզմամբ, տնտեսական ճնշումն ու քաղաքական անկայունությունը հետագայում կօգտագործվեն Հայաստանի իշխանություններից ռազմավարական հարցերում՝ առաջին հերթին երկաթուղու և ատոմակայանի շուրջ, զիջումներ կորզելու նպատակով։ Քաղաքագետը համոզված է, որ Մոսկվայում լավ հասկանում են՝ այս փուլում որևէ իրական եվրաինտեգրման օրակարգ Հայաստանում գոյություն չունի, և ճնշումների իրական նպատակը հենց այս ռազմավարական ենթակառուցվածքների շուրջ որոշումների վրա ազդելն է։
Սակայն, նրա գնահատմամբ, Ռուսաստանն այս անգամ սխալ հաշվարկ է կատարել։ Գրիգորյանի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող բավականին ագրեսիվ գործիքակազմը տվել է հակառակ արդյունքը․ այն բարձրացրել է իշխող քաղաքական ուժի վարկանիշը և վնասել պրոռուսական ուժերի դիրքերին։
Նա ընդունում է, որ ռուսական սահմանափակումներից անմիջականորեն տուժած գյուղատնտեսական ոլորտի ներկայացուցիչներն ու արտադրողները կարող են դժգոհ լինել կառավարությունից, սակայն ընդգծում է, որ նրանք հասարակության համեմատաբար փոքր հատվածն են։ Ավելի լայն հանրության շրջանում, ըստ քաղաքագետի, այդ գործողությունները հակառակը՝ ուժեղացնում են Ռուսաստանի նկատմամբ բացասական վերաբերմունքը, ինչի հետևանքով Մոսկվայի ճնշումները տալիս են իրեն հակառակ քաղաքական արդյունքը։

