Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն ձևավորվել է փաստացի խաղաղություն, որը պետք է ստանա իրավական և ինստիտուցիոնալ ամրագրում՝ խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։ Նման կարծիքի է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը։
Նրա գնահատմամբ՝ խաղաղության մասին են վկայում ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանին տիրող հարաբերական կայունությունը, այլև այն փաստերը, որ Ադրբեջանը իր տարածքով թույլ է տալիս բեռների տեղափոխում դեպի Հայաստան և նույնիսկ վաճառում է Հայաստանին բենզին ու դիզվառելիք։
«Սրանք նշաններ են, որոնք ցույց են տալիս, որ կողմերը կարող են ապագայում լիարժեք հարաբերություններ հաստատել՝ ինչպես առևտրատնտեսական, այնպես էլ հաղորդակցային ոլորտներում, և մտնել առնվազն փոխադարձ հանդուրժողականության մթնոլորտ»,– նշել է Աթանեսյանը։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ հիմնական հարցն այն է, թե որքանով է միջազգային իրավիճակը նպաստում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրմանը։
Խաղաղության պայմանագրի հարցը և միջազգային իրավիճակը
Աթանեսյանի խոսքով՝ տարածաշրջանային զարգացումները մեծ ազդեցություն կարող են ունենալ գործընթացի արագության վրա։ Նրա խոսքով՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի միջնորդական և քաղաքական հենարանը Միացյալ Նահանգներն է, քանի որ համապատասխան փաստաթղթերը ստորագրվել են Սպիտակ տանը 2025 թվականի օգոստոսի 8-ին։ Միևնույն ժամանակ թե՛ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման, թե՛ Իրանի շուրջ զարգացումների համատեքստում Միացյալ Նահանգների նախաձեռնությունները միշտ չէ, որ հասնում են ակնկալվող արդյունքին։ Այս ամենի ֆոնին հարց է առաջանում՝ որքանով է Ադրբեջանը հաշվի առնում ԱՄՆ նախագահի հեղինակությունն ու ներգրավվածությունը։
Աթանեսյանը չի բացառել, որ կարող են լինել այլ շահագրգիռ կենտրոններ, որոնք Ադրբեջանին կարող են առաջարկել այլ մոտեցումներ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության խորացումը։ «Մենք չգիտենք, թե ինչպես կավարտվի Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը, ինչպիսի համաձայնությունների կհասնեն Միացյալ Նահանգներն ու Իրանը։ Առանձին վերցրած որոշ իրադարձություններ կարող են մեծ նշանակություն չունենալ, բայց երբ փորձում ես դրանց միջև կապերը տեսնել, առաջանում են հարցեր»,– նշել է նա։
Կենտրոնական Ասիան և տարածաշրջանային վերադասավորումները
Աթանեսյանի խոսքով՝ կարևոր է հասկանալ, թե արդյոք ներկայիս ժամանակահատվածը նպաստո՞ւմ է հայ-ադրբեջանական պայմանագրի արագ ստորագրմանը, թե՞ կարող է նոր խոչընդոտներ ստեղծել։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև վերջին բարձր մակարդակի շփումները կարող են նպաստավոր ֆոն ստեղծել նոր իրավիճակին Ադրբեջանի հարմարվելու համար։
Միևնույն ժամանակ, ըստ նրա, կան նաև այլ գնահատականներ, որոնց համաձայն՝ այդ գործընթացները կարող են կապված լինել տարածաշրջանը թուրքական ազդեցության գոտում ինտեգրելու նպատակների հետ։
Սակայն Աթանեսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե ենթադրություններով, այլ առարկայական իրողություններով։
«Առարկայական իրողությունն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղությունը պետք է ինստիտուցիոնալ ձևակերպում ստանա պայմանագրի ստորագրմամբ»,– ասել է նա։
Պայմանագրի ստորագրումը կարող է լինել ինչպես շուտ, այնպես էլ երկարատև գործընթաց
Աթանեսյանը նշել է, որ խաղաղության պայմանագրի ստորագրման ժամկետը դժվար է կանխատեսել։ Նրա խոսքով՝ գործընթացը կարող է երկար տևել, սակայն հնարավոր է նաև, որ պայմանագիրը ստորագրվի մինչև տարվա վերջ։
Նա անդրադարձել է նաև Ադրբեջանի նախագահի օգնականի վերջին հայտարարություններին, ըստ որոնց՝ Հայաստանի Սահմանադրության հետ կապված հարցը կարող է լուծվել ոչ միայն հանրաքվեի միջոցով, այլև այլ մեխանիզմներով։
Աթանեսյանը նշել է, որ այդ հարցի վերաբերյալ որևէ կոնկրետ հայ-ադրբեջանական քննարկման մասին տեղեկություն չունի, սակայն ընդգծել է, որ որքան շուտ ստորագրվի, վավերացվի և ուժի մեջ մտնի խաղաղության պայմանագիրը, այնքան ավելի շահեկան կլինի բոլոր կողմերի համար։
Աթանեսյանի խոսքով՝ ավելի քան երեքուկես տասնամյակ տևած հակամարտության ավարտը և իրավական պարտադիր ուժ ունեցող համաձայնագրի կնքումը կարևոր նշանակություն կունենան ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի ու միջազգային դերակատարների համար։
Նրա գնահատմամբ՝ երբ երկարատև հակամարտությունն ավարտվում է և կողմերը հաստատում են նոր իրավական իրականություն, այդ փաստը հաշվի են առնում նաև նրանց գործընկերներն ու ոչ գործընկերները՝ իրենց հետագա քայլերը կառուցելով արդեն նոր պայմանների հիման վրա։

