Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այսօր դատարանի առջև է կանգնելու մեղադրյալի կարգավիճակով։ Նրան և ևս վեց եպիսկոպոսի ու արքեպիսկոպոսի մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական դիրքի չարաշահմամբ դատարանի օրինական որոշման կատարմանը խոչընդոտելու համար։
Գործը վերաբերում է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Քրեական գործի հիմքում Սարոյանի՝ եկեղեցական որոշումների դեմ ներկայացրած հայցն է։ Դատարանը նախկինում կիրառել էր հայցի ապահովման միջոց՝ ժամանակավորապես արգելելով եկեղեցական կառույցներին խոչընդոտել Սարոյանի կողմից իր պարտականությունների կատարմանը։ Քննչական մարմնի վարկածով՝ հետագայում եկեղեցական ղեկավարության որոշումներով այդ դատական ակտի կատարումը խոչընդոտվել է։Մեղադրանքը ներկայացվել է Քրեական օրենսգրքի 507-րդ հոդվածի 2-րդ մասով։ Մեղադրական դատավճռի դեպքում նախատեսվում է մինչև երկու տարվա ազատազրկում։
Այս գործընթացը օրինականության հետ որևէ առնչություն չունի
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ տեղի ունեցող գործընթացը օրինականության հետ որևէ առնչություն չունի, այն ակնհայտորեն հակասում է Հայաստանի ներքին օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին։
Գրիգորյանի խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնը եկեղեցու և իշխանության հակամարտության վերաբերյալ մի շարք հետազոտություններ է հրապարակել, որոնցում հստակ ցույց է տրվում, որ պետությունը իրավունք չունի միջամտելու եկեղեցու ներքին որոշումներին և ընթացակարգերին։
«Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի որոշումը պաշտոնից ազատելու վերաբերյալ դա եկեղեցու ներքին գործն է, և սա շատ վտանգավոր նախադեպ է ստեղծում, երբ իշխող ուժը կարող է մտնել այն ոլորտները, որտեղ այն պարզապես իրավունք չունի մտնել»,– նշեց քաղաքագետը։
Եթե խոսքը չգնար Հայ Առաքելական Եկեղեցու մասին
Գործընթացի բնույթը հասկանալու համար Գրիգորյանն առաջարկում է իրավիճակը դիտարկել այլ կրոնական կազմակերպության օրինակով։
«Ես միշտ այս դեպքը, այս հակամարտությունը լավ հասկանալու համար, տարբեր մարդկանց հետ շփումներով առաջարկում եմ ենթադրել, որ խոսքը գնում է ոչ թե Հայ Առաքելական Եկեղեցու մասին, այլ, օրինակ, ինչ-որ կրոնական փոքրամասնության պատկանող հոգևոր կազմակերպության մասին։ Եթե կառավարությունը փորձեր այս տիպի միջամտություններ իրականացնել այդ կազմակերպության գործերին, ինչպիսի՞ արձագանք ընդհանուր առմամբ կլիներ»,– ասաց նա։ Գրիգորյանի գնահատմամբ՝ իրականում այս գործընթացը Հայաստանի միջազգային հեղինակության տեսանկյունից ևս խնդրահարույց է։
Քաղաքագետի խոսքով՝ գործընթացն արդեն իսկ դուրս է եկել Հայաստանի ներքին քաղաքական օրակարգի շրջանակներից և միջազգային արձագանք է ստանում։ Նա հիշատակեց նաև կրոնական ազատությունների հարցերով զբաղվող իրավապաշտպան կազմակերպության վերջերս հրապարակած զեկույցը, ինչպես նաև Reuters-ի հրապարակումը՝ նշելով, որ դրանցում ուշադրություն է դարձվում իշխանության և եկեղեցու դիմակայության իրավական ու միջազգային ասպեկտներին։
Այս դիմակայությունը շարունակում է մնալ իշխող ուժի ուշադրության կենտրոնում
Քաղաքագետը միաժամանակ նկատում է, որ նախընտրական փուլում իշխանության և եկեղեցու դիմակայությունը որոշակիորեն պասիվացել էր։ Միևնույն ժամանակ, ըստ Գրիգորյանի, իշխանության վերաբերմունքը եկեղեցու նկատմամբ չի փոխվել։ Նա հիշեցրեց, որ իշխող ուժը նախընտրական ծրագրում նույնիսկ դրույթ էր ներառել Ամենայն Հայոց կաթողիկոսին գահընկեց անելու վերաբերյալ։
«Այս գործընթացը, տեսնում ենք, որ շարունակում է հետընտրական փուլում, միգուցե ոչ այն ակտիվությամբ ու այն տեմպերով, որը կար նախորդ տարվա ընթացքում, բայց այն շարունակում է մնալ իշխող ուժի ուշադրության կենտրոնում»,– ասաց քաղաքագետը։Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակը հարցեր է առաջացնում ոչ միայն կրոնական ազատության և կրոնական կազմակերպությունների ներքին գործերին միջամտելու, այլև օրենքի գերակայության և ընտրովի արդարադատության տեսանկյունից։ Ըստ նրա՝ սա մեծ հաշվով տեղավորվում է այն ավելի լայն միտումների շրջանակում, երբ իշխանության քաղաքական հակառակորդները ենթարկվում են պատասխանատվության ինչ-ինչ գործողությունների համար, սակայն նույն գործողությունները կատարած իշխանության ներկայացուցիչները իրավապահ և դատական մարմինների կողմից չեն արժանանում նույնատիպ իրավական գնահատականների։
«Մենք ունենք բազմաթիվ դեպքեր, որոնք իրականացվել են իշխող ուժի ներկայացուցիչների կողմից՝ մարդկանց տարբեր հավաքների բերելու, ընդհանուր առմամբ այլ գործողություններ իրականացնելու, որոնք չեն արժանանում նմանատիպ իրավական գնահատականների իրավապահ և դատական մարմինների կողմից»,– եզրափակեց քաղաքագետը։

