Վերջին շրջանում ընդդիմադիրների, նախկին պաշտոնյանների և իրենց մերձավորների ձերբակալությունների տեսանյութերի հրապարակման խնդիրը պետք է դիտարկել ոչ միայն իրավապահների գործողությունների, այլև մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության և արդարադատության համակարգի ընդհանուր գործելակերպի համատեքստում։ Այդ մասին նշել է Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը։
Խնդիրը ձերբակալության նկարահանումը չէ, այլ դրա հրապարակումը
Նրա խոսքով՝ իրավապահ մարմինների կողմից ձերբակալության գործընթացը նկարահանելը ինքնին խնդիր չէ։ Ընդհակառակը՝ նման գործողությունների տեսագրումը անհրաժեշտ է, որպեսզի հետագայում հնարավոր լինի պարզել, թե արդյոք ձերբակալության ընթացքում անձի նկատմամբ ուժ է կիրառվել, նրան վնասվածքներ են պատճառվել կամ այլ խախտումներ են տեղի ունեցել։
«Հարցը ձերբակալելու տեխնիկան կամ տեխնոլոգիան չէ։ Իրավապահները, ինչքան հնարավոր եղավ հասկանալ այդ տեսագրություններից, իրենց լիազորությունների շրջանակներում են գործում։ Հարցը այդ տեսանյութերի հրապարակումն է»,– ասել է նա։
Բարսեղյանի խոսքով՝ իրավապահների գործողությունների հրապարակումը, հատկապես երբ տեսանյութերը ունեն նվաստացնող բովանդակություն, նոր երևույթ չէ։ Սակայն պետությունը պարտավոր է նման դեպքերում առաջնորդվել ոչ թե հասարակության մի մասի քաղաքական համակրանքներով կամ հակակրանքներով, այլ մարդու հիմնարար իրավունքների պահպանման սկզբունքով։
Նա հիշեցրել է անմեղության կանխավարկածի մասին՝ ընդգծելով, որ մեղադրյալի մեղավորությունը կարող է հաստատվել միայն դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
«Անձը մեղավոր է, թե ոչ, դատարանի վերջնական ուժի մեջ մտած վճռով կիմացվի։ Մինչ այդ մարդիկ անմեղ են։ Սա կոչվում է անմեղության կանխավարկած»,– նշել է Բարսեղյանը։
Անձնական տվյալների հրապարակումը՝ անընդունելի
Բարսեղյանի գնահատմամբ՝ առավել խնդրահարույց է ոչ միայն ձերբակալության տեսանյութի հրապարակումը, այլև մեղադրյալի անձնական տվյալների տարածումը։
Նրա խոսքով՝ նույնիսկ եթե հետագայում դատարանը հաստատի տվյալ անձին վերագրվող հանցագործության մեջ նրա մեղավորությունը, դրանից չի հետևում, որ հանրայնացման ենթակա են նրա ընտանիքի անդամների, կրոնական պատկանելության կամ անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունները։
«Գործը ինչո՞վ է շահում անձնական տվյալների հրապարակումից։ Ընտանիքի անդամների մասին, կրոնական կազմակերպության մասին և այլն։ Սա բացարձակ մերժելի ու դատապարտելի, անընդունելի բան է»,– ասել է նա՝ նկատի ունենալով Արգամ Աբրահամյանի ձերբակալության մասին լիազոր մարմնի հրապարակումը։
Բարսեղյանի կարծիքով՝ այս վարքագիծը կարող է շարունակվել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության առաջին դեմքը հրապարակայնորեն չի պահանջել դադարեցնել նման հրապարակումները և հարգել մարդու հիմնարար իրավունքները՝ անկախ նրա կարգավիճակից։
Նա նաև անհրաժեշտ է համարում իրավապաշտպան կազմակերպությունների և պետական մարմինների միջև քննարկումները՝ իրավապահ համակարգի նման գործելակերպը կարգավորելու համար։
«Սա ընտրովի արդարադատություն է»
Բարսեղյանի հիմնական մտահոգությունը, սակայն, ավելի լայն է։ Նա ասում է, որ վերջին տարիների ընթացքում Հայաստանում կուտակվել են ընտրովի արդարադատության բազմաթիվ վկայություններ։
«Նոր չէ, և ես առաջին անգամ չէ, որ ասում եմ՝ ընտրովի արդարադատության բազմաթիվ ապացույցներ ու վկայություններ ենք մենք ստանում անցած տարիների ընթացքում»,– նշել է նա։
Բարսեղյանի խոսքով՝ հասարակությունը չի կարողանում հասկանալ՝ արդյոք նույն չափանիշներն են կիրառվում բոլոր կասկածյալների և համանման հանցագործությունների մեջ մեղադրվող անձանց նկատմամբ, թե իրավապահների գործողությունների մեջ կա քաղաքական դիրքորոշման հետ կապված տարբերակված մոտեցում։
«Հանրությունը կողմնորոշված չի կարողանում կռահել՝ սա ստանդարտ է բոլորի համար ընդհանրապես, բոլոր կասկածյալների, բոլոր համանման հանցագործությունների մեջ մեղադրվողների համար, թե ոչ։ Ընդդիմություն և իշխանություն՝ կորելացիա կա՞ արդյոք այդպիսի մեղադրանքների և ձերբակալությունների համար, թե ոչ։ Ինձ ակնհայտ է, որ սա ընտրովի արդարադատություն է»,– ասել է նա։
Ռոբերտ Քոչարյանի օրինակը
Բարսեղյանը, որպես ընտրովի արդարադատության վերաբերյալ իր պնդման օրինակ, մատնանշում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ նախագահական ընտրություններին առաջադրվելու հանգամանքը։
Նրա խոսքով՝ Քոչարյանը 1998 և 2003 թվականներին նախագահական ընտրություններին առաջադրվել է՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելով կեղծ տեղեկանք, սակայն այս հանգամանքի առնչությամբ իրավապահ համակարգի կողմից քրեական գործ չի նախաձեռնվել։
Բարսեղյանը հարց է բարձրացնում, թե ինչու նման դեպքերում իրավական գործընթաց չի սկսվում, անգամ եթե հետագայում գործը կարող է կարճվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով։
«Ինչո՞ւ, օրինակ, Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգը, ով կա այնտեղ՝ Հակակոռուպցիոն կոմիտեն է, ինչո՞ւ չի նախաձեռնում նման մի քրեական գործ։ Մեղադրանք, հետո վաղեմության ժամկետով կփակեն, թե չեն փակվի, վերջը՝ խափանման միջոց և այլն»,– նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ այստեղ հարցը միայն կոնկրետ անձի նկատմամբ քրեական հետապնդման անհրաժեշտությունը չէ, այլ այն, թե արդյոք նույն իրավական չափանիշները կիրառվում են բոլորի նկատմամբ։
«Մի քիչ արդարադատություն չի լինում»
Բարսեղյանի խոսքով՝ եթե մի դեպքում իրավապահ համակարգը հիմքեր է տեսնում անձին ձերբակալելու և կալանավորելու համար, իսկ այլ համադրելի դեպքերում նույն համակարգը չի արձագանքում, ապա հասարակության մոտ առաջանում է արդարադատության ընտրովի լինելու հիմնավոր կասկած։
«Մի դեպքում մարդը մնում է անձեռնմխելի, մյուս դեպքում գտել են, որ հիմքեր կա և ձերբակալել, բերման են ենթարկել»,– ասել է նա։
Բարսեղյանը կարծում է, որ արդարադատության համակարգը չի կարող մասամբ գործել։
«Ահա այս ընտրովի կամ պատահական կամ հատընտիր արդարադատություն, թերի արդարադատություն, ժողովրդական խոսքով ասած, բան է։ Մի քիչ արդարադատություն չի լինում։ Կամ արդարադատությունը կա, կամ չկա։ Մնացած բոլոր դեպքերում՝ ընտրովի, պատահական, բախտի բերմամբ արդարադատություն է իրականացվում»,– եզրափակել է նա։

