Հայաստանում ռուսական ռազմաբազայի ներկայության վերաբերյալ իշխանությունների կողմից հնչող հայտարարությունները ենթադրում են գործող պայմանագրի պայմանների հնարավոր վերանայում և կարող է բարդ գործընթացի սկիզբ դառնալ։ Այս մասին նշել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
«ՀՀ վարչապետը իր հայտարարություններից մեկում նշեց, որ ռուսական ռազմաբազայի գտնվելն արդեն անախրոնիզմ է։ Նա ասաց․ “Մենք չենք ասում՝ գնա, բայց չենք էլ ասում՝ մնա, բայց եթե դու մնալու ես, պիտի պայմանները որոշենք՝ ինչպես ես մնում”»,– նշել է Բադալյանը։
Նրա խոսքով՝ «պայմանները որոշելու» ձևակերպումն ինքնին նշանակում է, որ խոսքը կարող է վերաբերել գործող պայմանագրի վերանայմանը։«Սա նշանակում է, որ մենք վերանայում ենք պայմանագիրը։ Որովհետև պայմանագրում գրված է՝ մինչև 2044 թվականը պայմանները մնում են անփոփոխ։ Եթե ասում ես՝ պայմանները քննարկենք, նշանակում է՝ դու վերանայում ես պայմանները։ Իսկ Ռուսաստանը կհամաձայնի՞ վերանայել, թե՞ ոչ։ Այսինքն՝ մենք այստեղ մտնելու ենք բավական բարդ իրավիճակի մեջ»,– ասել է նա։
«Եթե Ռուսաստանը գնում է, դա չի նշանակում, որ նրա տեղը անմիջապես մեկ ուրիշն է գալիս»
Բադալյանի կարծիքով՝ հարցը պետք է դիտարկել ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների, այլև տարածաշրջանային ավելի լայն գործընթացների համատեքստում։
Նրա խոսքով՝ տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունը պետք է դիտարկել նաև Հարավային Կովկասը Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև կապող տարածքի տեսանկյունից։
«Եթե Ռուսաստանը գնում է, ապա ինքը գնում է ոչ միայն Հայաստանից, այլև Կենտրոնական Ասիայից։ Միշտ հիշեք՝ Անդրկովկասը Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա գնացող միջին այս միջանցքն է։ Այսինքն՝ եթե այստեղից գնում ես, այնտեղ դու էլ ոչինչ անելու չունես»,– նշել է Բադալյանը։
Միաժամանակ նա ընդգծել է, որ ռուսական ներկայության հնարավոր նվազեցումը ինքնաբերաբար չի նշանակում, որ Հայաստանում պետք է հայտնվեն արևմտյան երկրների զինված ուժերը։
«Եթե ՌԴ-ն գնում է, դա չի նշանակում, որ այստեղ Ֆրանսիան կամ ԱՄՆ է գալու»,– ասել է նա։
Թուրքիա, թե այնուամենայնիվ Իրանը
։ Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի հեռանալու դեպքում տարածաշրջանում ուժերի հավասարակշռության փոփոխությունը կարող է մտահոգել Թեհրանին, հատկապես Սյունիքի, Տիգրանաշենի, Վրաստանի և տարածաշրջանային հաղորդակցությունների հարցերի համատեքստում։
Այս համատեքստում իրանական կողմը կարող է անդրադարնալ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրին, որով ավարտվեց ռուս-պարսկական պատերազմը, և Արևելյան Հայաստանի զգալի տարածքներ անցան Ռուսական կայսրությանը։Բադալյանի խոսքով՝ այդ պատմական իրադարձությունը Իրանի քաղաքական հիշողությունից դուրս չի եկել։
«Թուրքմենչայի պայմանագիրը պարսկական պատմության մեջ գրված է սև տառերով։ Մինչև հիմա իրենք հիշում են, որ դա իրենց պարտության պայմանագիրն է»,– նշել է նա։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանի անվտանգության միջավայրի կտրուկ փոփոխության դեպքում Իրանը կարող է փորձել ավելի ակտիվ դեր ստանձնել տարածաշրջանում։
«Այդ դեպքում այաթոլլան կամ ռահբարը կարող է ասել՝ ուրեմն Թուրքմենչայի պայմանագիրը չեղյալ է հայտարարվում»,– ասել է Բադալյանը՝ հավելելով, որ եթե Ռուսաստանը դուրս գա տարածաշրջանից, նրա տեղը ամենևին Թուրքիան չի զբաղեցնի, ինչպես կարծում են շատերը։
Բադալյանը որպես հնարավոր սցենար չի բացառել նաև Իրանի ռազմական ներկայության տարբերակը՝ ընդգծելով, որ նման զարգացումը կարող է պայմանավորված լինել Իրանի համար Հայաստանի հարավային սահմանների և տարածաշրջանային հաղորդակցությունների անվտանգության հարցերով։
«TRIPP-ի մասին մոռացեք, ֆրանսիական զորքի մասին մոռացեք»
Բադալյանը կտրականապես բացառել է այն սցենարը, ըստ որի Հայաստանի անվտանգության միջավայրի փոփոխության դեպքում այստեղ անմիջապես կարող են հայտնվել ամերիկյան, ֆրանսիական կամ թուրքական զորքեր։
«Թուրքական զորքի մասին դուք մոռացեք, ֆրանսիական զորքի մասին մոռացեք, TRIPP-ի մասին մոռացեք»,– ասել է նա՝ TRIPP-ի վերաբերյալ խոսակցությունները գնահատելով որպես քաղաքական իշխանության կողմից առաջ մղվող օրակարգ։
Միևնույն ժամանակ նա հնարավոր սցենարների շարքում նշել է Իրանի ավելի ակտիվ ներգրավվածությունը։Բադալյանը նաև ընդգծել է Իրանի հայկական համայնքի գոյությունը՝ նշելով, որ այդ հանգամանքը ևս կարող է որոշակի նշանակություն ունենալ հնարավոր զարգացումների դեպքում։
«Պարսիկները ունեն մի քանի տասնյակ հազարանոց հայ համայնք»,– նշել է նա՝ հավելելով, որ իր պատկերացրած սցենարներից մեկի դեպքում Իրանի ազդեցությունը կարող է դրսևորվել ոչ միայն ռազմական, այլև քաղաքական մակարդակում։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխության դեպքում կարող են ձևավորվել տարբեր զարգացման սցենարներ, և դրանցից որևէ մեկը նախապես բացառելը ճիշտ չէ։ «Տարբեր զարգացման սցենարներ կան»,– ամփոփել է քաղտեխնոլոգը։

