Չի բացառվում, որ 2036-ից հետո ԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգվի ևս 10 տարով

Հայաստանը նոր ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրության հարցում ժամանակի մեծ պաշար չունի։ Այս մասին նշել է Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը։ 
Նոր ատոմակայանի կառուցման համար պահանջվում է առնվազն 10-12 տարի

Ըստ նրա՝ նոր ատոմային բլոկի կառուցումը սովորաբար տևում է մոտ 10-12 տարի, մինչդեռ Հայաստանի գործող ատոմակայանի երաշխավորված շահագործման ժամկետը նախատեսվում է երկարաձգել մինչև 2036 թվականը։

Մարջանյանի խոսքով՝ նոր ատոմակայանի տեխնոլոգիայի ընտրությունից հետո դեռևս պետք է կայացվեն մի շարք կարևոր որոշումներ, իսկ բուն նախագծումն ու շինարարությունը նույնպես երկար ժամանակ են պահանջելու։ «Սովորաբար պահանջում է մոտավորապես 10-12 տարի։ Դա նշանակում է, որ մենք առանձնապես ժամանակ չունենք»,– ասել է նա։

Միևնույն ժամանակ, փորձագետը նաև հավելեց, որ գործող բլոկի շահագործման ժամկետը տեսականորեն կարող է կրկին երկարաձգվել։ Մարջանյանի խոսքով՝ դրա համար 2031 թվականին պետք է իրականացվի լրացուցիչ ուսումնասիրություն՝ մասնավորապես ստուգվի ռեակտորի մետաղի վիճակը, որից հետո միայն հնարավոր կլինի որոշել հետագա շահագործման հնարավորությունը։

«Տեսականորեն VVER այդ տիպի ռեակտորները կարող են մինչև 80 տարի աշխատել»,– նշել է նա՝ հիշեցնելով, որ հայկական ռեակտորը շահագործման է հանձնվել 1980 թվականին։ Այսինքն՝ 2036 թվականից հետո գործող ատոմակայանի շահագործման ևս մեկ երկարաձգման հնարավորությունը չի բացառվում, սակայն դրա հնարավորությունը պետք է գնահատվի համապատասխան տեխնիկական ուսումնասիրություններից հետո։

Ինչ տարբերակներ կան 

Նրա գնահատմամբ՝ ամենահավանական տարբերակն այն է, որ նոր ռեակտորը կառուցվի գործող Մեծամորի ատոմակայանի հարթակում։ Այս դեպքում խոսքը, ըստ նրա, հայկական ատոմակայանում նոր ռեակտորի կառուցման մասին է։
Տեխնոլոգիայի ընտրության հարցում հիմնական տարբերակներից մեկը ջրաջրային ռեակտորներն են։ Դրանք այսօր աշխարհում գործող ատոմային ռեակտորների գերակշիռ մասն են կազմում։ Մարջանյանի խոսքով՝ գործող ռեակտորների մոտ երեք քառորդը ջրաջրային տիպի է, իսկ ներկայում կառուցվող նոր ռեակտորների ավելի քան երեք քառորդը նույնպես նույն տեխնոլոգիայի ներկայացուցիչներն են։

«Ջրաջրային ռեակտորները իրենց հուսալիությունը ապացուցած, արդյունավետությունը ցուցադրած տեխնոլոգիաներ են»,– ասել է Մարջանյանը։ Նա միաժամանակ նշել է, որ գոյություն ունեն նաև այլ տեխնոլոգիական լուծումներ՝ եռացող շերտով ռեակտորներ, արագ նեյտրոններով աշխատող և բրիդերային ռեակտորներ, ինչպես նաև փոքր մոդուլային ռեակտորներ։

Մոդուլային ռեակտորների շահագործման համաշխարհային փորձը սահմանափակ է

Մարջանյանի խոսքով՝ փոքր մոդուլային ռեակտորների հիմնական առավելությունը սկզբնական կապիտալ ծախսերի համեմատաբար փոքր լինելն է։ 1200 ՄՎտ հզորությամբ խոշոր ջրաջրային ռեակտորի համեմատ դրանց կառուցման համար սկզբնական շրջանում անհրաժեշտ ներդրումները զգալիորեն ավելի փոքր են։ Տեսականորեն դրանց առաջին բլոկը հնարավոր է կառուցել նաև ավելի կարճ՝ մոտավորապես 5-7 տարվա ընթացքում։

Մոդուլային ռեակտորների դեպքում կա մեկ էական խնդիր՝ շահագործման շատ սահմանափակ փորձ։ Այսօր աշխարհում շահագործվում է ընդամենը երկու նման ռեակտոր՝ մեկը Ռուսաստանում, մյուսը՝ Չինաստանում, և երկուսն էլ շահագործման են հանձնվել միայն վերջերս։

Նրա խոսքով՝ այդ պայմաններում դժվար է պնդել, որ մոդուլային ռեակտորների անվտանգության վերաբերյալ արդեն բավարար գործնական փորձ է կուտակվել։ Հատկապես չի կարելի պարզապես հայտարարել, որ դրանց վթարի դեպքում տարահանման գոտիներ անհրաժեշտ չեն։

Մարջանյանի գնահատմամբ՝ նման պնդումը սխալ ընկալում է։ Տարահանման գոտիների անհրաժեշտությունը որոշվում է իրական վթարների և դրանց հետևանքների վերլուծության հիման վրա, իսկ մոդուլային ռեակտորների շահագործման համաշխարհային փորձը դեռևս չափազանց սահմանափակ է նման եզրակացությունների համար։

600 ՄՎտ հզորությամբ ռեակտորը Հայաստանի համար փոքր չէ, բայց պահանջարկը կարող է աճել

Մարջանյանի խոսքով՝ Հայաստանում երբեմն քննարկվում է նաև այն հարցը, թե արդյոք 600 ՄՎտ հզորությամբ ջրաջրային ռեակտորը մեծ չէ Հայաստանի համար։ Նրա գնահատմամբ՝ նման հզորությունը Հայաստանի համար ավելորդ չէ։ Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի ապագա պահանջարկը կարող է էապես աճել։

Մասնավորապես, զարգանում են տվյալների կենտրոնների կառուցման ծրագրերը, և այդ ուղղությամբ սպասվում է նոր, ավելի մեծ պահանջարկ։ Մարջանյանի խոսքով՝ խոսքը կարող է գնալ արդեն մոտ 100 ՄՎտ երաշխավորված լրացուցիչ հզորությունների մասին։ Էլեկտրաէներգիայի պահանջարկի աճի մեկ այլ ուղղություն նա համարում է Սյունիքի հանքամետաղային կլաստերի զարգացումը և խորը վերամշակման արդյունաբերության հնարավոր ընդլայնումը։

Այսպիսով, Մարջանյանի գնահատմամբ՝ նոր ատոմային բլոկի հզորությունը որոշելիս պետք է հաշվի առնել ոչ միայն Հայաստանի այսօրվա սպառումը, այլև այն արդյունաբերական և տեխնոլոգիական զարգացումները, որոնք կարող են առաջիկա տարիներին էապես մեծացնել երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկը։


👉 Տնտեսություն — Vectors.am

Scroll to Top