Ռոսատոմը պատրաստ է նոր ատոմակայան կառուցել միջազգային կոնսորցիումի շրջանակում 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հանդիպումից հետո Հայաստանի նոր ատոմակայանի շուրջ ձևավորվող մրցակցության մեջ նոր կարևոր դետալ է ի հայտ եկել։ Եթե նախկինում ռուսական կողմը Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու առաջարկը ներկայացնում էր հիմնականում որպես «Ռոսատոմի» նախագիծ, ապա այժմ Լիխաչովը խոսում է միջազգային կոնսորցիումի ձևաչափի մասին՝ որպես հնարավոր գործընկերներ նշելով Ֆրանսիան, Հարավային Կորեան և Չինաստանը։

Սա հատկապես ուշագրավ է այն համատեքստում, որ ընդամենը մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 23-ին, Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հայտարարել էր, որ Հայաստանը նոր ատոմակայանի կառուցման հարցով զուգահեռ բանակցություններ է վարում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ։ Այսինքն՝ ռուսական կողմի նոր առաջարկը փաստացի համընկնում է Հայաստանի նշած բանակցային ուղղությունների մեծ մասի հետ։

Գործող էներգաբլոկի հարցում Ռուսաստանը վստահ է

Փաշինյանի և Լիխաչովի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները, ինչպես նաև Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման վերաբերյալ առաջարկները։

Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունը շարունակում է միջազգային գործընկերներից ստացված առաջարկների քննարկումը, և որոշումը կկայացվի առաջիկայում։ Միաժամանակ վարչապետը հստակեցրել է այն չափանիշները, որոնց հիման վրա է Հայաստանը պատրաստվում ընտրություն կատարել՝ գին, որակ, անվտանգություն, ժամկետներ և երաշխիքներ։

Այս ձևակերպումը կարևոր է, քանի որ գործող էներգաբլոկի և նոր ատոմակայանի հարցերը Հայաստանի համար արդեն երկու տարբեր խնդիրներ են։ Գործող բլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հարցում «Ռոսատոմը» վստահեցնում է, որ տեխնիկական խնդիր չի տեսնում։ Իսկ նոր ատոմակայանի դեպքում արդեն մրցակցում են տարբեր երկրների և ընկերությունների առաջարկներ, և այստեղ ռուսական կողմի համար առավել կարևոր է դառնում իր նախագծի մրցունակությունը։

Օդանավակայանում ռուս լրագրողների հետ զրույցում Լիխաչովը հայտարարել է, որ «Ռոսատոմը» չի տեսնում որևէ «տեխնիկական խոչընդոտ» գործող ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու համար։ Ավելին՝ նրա խոսքով՝ տեխնիկական հնարավորություն կա այդ ժամկետը մինչև 2046 թվականը հասցնելու համար։

Սակայն 2046 թվականը արդեն միայն տեխնիկական հարց չէ։ Լիխաչովը նշել է, որ այդ դեպքում անհրաժեշտ կլինի հաշվի առնել նաև տնտեսական նպատակահարմարությունը։

Այսպիսով, ռուսական կողմի ներկայացրած տրամաբանության մեջ առանձնացվում են երկու տարբեր չափումներ․ տեխնիկապես հնարավոր է երկարաձգել կայանի շահագործումը, սակայն վերջնական որոշման համար անհրաժեշտ է հասկանալ՝ արդյոք դա տնտեսական առումով նպատակահարմար է։

Երկու հարցում էլ ձևակերպումները պատահական չեն։ Լիխաչովն օգտագործեց հենց «տեխնիկական խոչընդոտ» և «տնտեսական առումով նպատակահարմարություն» ձևակերպումները, քանի որ չի բացառում, որ քաղաքական խոչընդոտներ առաջանան, եթե, օրինակ, Երևանը հիասթափեցնի Ռուսաստանի իշխանություններին նոր էներգաբլոկ կամ նոր ատոմակայան կառուցելու հարցում գործընկեր ընտրելու վերաբերյալ իր որոշմամբ։ Տեխնիկական հնարավորությունները և տնտեսական նպատակահարմարությունը կարելի է հաշվի առնել, իսկ կարելի է և չհաշվել։

«Ռոսատոմի» նոր առաջարկը՝ միջազգային կոնսորցիում

Լիխաչովի այցի ամենաուշագրավ հատվածը, սակայն, նոր ատոմակայանի կառուցման հնարավոր միջազգային կոնսորցիումի մասին հայտարարությունն էր։

Ռուսական կողմը պատրաստ է Հայաստանի նոր ատոմակայանի կառուցման հարցում համագործակցել Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի հետ, եթե դա համապատասխանի Հայաստանի իշխանությունների ցանկությանը։ Լիխաչովը խոսել է ինտեգրված միջազգային կոնսորցիումի ստեղծման հնարավորության մասին։

Այս մոտեցումը տարբերվում է նախկինում ներկայացված ռուսական առաջարկից, որը ենթադրում էր «Ռոսատոմի» կողմից նախագծի իրականացում։ Այժմ Մոսկվան փաստացի առաջարկում է իր առաջարկը համադրել այլ երկրների տեխնոլոգիական և ֆինանսական հնարավորությունների հետ։

Հատկանշական է նաև, թե հատկապես որ երկրներն են հայտնվել այդ ցանկում։

Փաշինյանը սեպտեմբերի 23-ին որպես Հայաստանի հետ բանակցող երկրներ նշել էր ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Հարավային Կորեան և Չինաստանը։ Լիխաչովը նույն ցանկից առանձնացրել է երեք երկիր՝ Ֆրանսիան, Հարավային Կորեան և Չինաստանը։ Միացյալ Նահանգները նրա կողմից չի հիշատակվել։

Սա ինքնին չի նշանակում, որ ԱՄՆ-ի մասնակցությունը որևէ ձևաչափով բացառվում է, սակայն ցույց է տալիս, որ ռուսական կողմի ներկայացրած կոնսորցիումի գաղափարը կառուցված է Հայաստանի նշած հնարավոր գործընկերների մի մասի շուրջ։

Այստեղ կարևոր է նաև ժամանակագրությունը․ Փաշինյանի հայտարարությունից ընդամենը մի քանի օր անց Լիխաչովը Երևանում խոսում է հենց այդ երեք երկրների հետ հնարավոր համագործակցության մասին։ Հետևաբար միջազգային կոնսորցիումի գաղափարը կարելի է դիտարկել նաև որպես ռուսական առաջարկի հարմարեցում այն իրավիճակին, երբ Հայաստանը դիտարկում է միաժամանակ մի քանի տարբերակ։

Ի՞նչ էր քննարկվել Պուտինի և Լիխաչովի հանդիպմանը

Լիխաչովը Երևան էր ժամանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից անմիջապես հետո։ Ռուսաստանում այդ օրը նշվում էր ատոմային արդյունաբերության աշխատողի օրը, և այդ կապակցությամբ Պուտինն ընդունել էր «Ռոսատոմի» գլխավոր տնօրենին։

Ռուսական հեռուստաալիքների տարածած հանդիպման կադրերում Լիխաչովը Պուտինին զեկուցում է նաև Հայաստանի վերաբերյալ աշխատանքների մասին։

Մասնավորապես, նա ասում է․ «Չի կարելի Հայաստանը հանել, քանի որ մենք երկարաձգում ենք կայանի շահագործման ժամկետը։ Այնտեղ ղեկավարությունը որոշում կկայացնի, թե որ ճանապարհով գնալ, բայց մենք այնտեղ ներկա ենք»։ Այս խոսքերից հետևում է, որ «Ռոսատոմը» տարանջատում է գործող կայանի երկարաձգման աշխատանքներում իր ներկայությունը նոր ատոմակայանի կառուցման հարցում Հայաստանի դեռ չկայացված որոշումից։

Թե ինչ է կոնկրետ նշանակում «կարելի է հանել Հայաստանը» ձևակերպումը, հրապարակված հատվածից պարզ չէ, ուստի դրա բովանդակությունը միանշանակ մեկնաբանել հնարավոր չէ։ Սակայն ակնհայտ է, որ Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարաձգումը Պուտինի և Լիխաչովի քննարկման օրակարգում եղել է։

Նույն հանդիպման ընթացքում Լիխաչովը հիշատակել է նաև «Նաիրիտ» նախագիծը՝ նշելով, որ ռուսական կողմն աշխատում է հայ գործընկերների հետ այդ ուղղությամբ և պատրաստ է օգնել։

Այդ հայտարարության մանրամասները չեն ներկայացվել։ Միևնույն ժամանակ «Նաիրիտի» բնապահպանական վերականգնման ծրագրի նախապատրաստման համար Հայաստանը դրամաշնորհային ֆինանսավորում է ստացել Համաշխարհային բանկից։ Լիխաչովի հայտարարությունից առայժմ պարզ չէ, թե «Ռոսատոմը» կոնկրետ ինչ աշխատանքների կարող է մասնակցել և արդյոք դրանք առնչվում են այդ դրամաշնորհով ֆինանսավորվող ծրագրին։

Եթե «Ռոսատոմի» մասնակցությունն այս ծրագրին հաստատվի, ապա կստացվի ուշագրավ համագործակցության ձևաչափ․ եվրոպական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրում Հայաստանը կարող է ներգրավել ռուսական ընկերություն։


👉 Քաղաքականություն

Scroll to Top