Չեխական L-39-երը կարող են օգտագործվել նաև դրոնների դեմ

Հայաստանի օդուժի զարգացման համար անհրաժեշտ է նախ ձևավորել համապատասխան ուսումնական և մասնագիտական բազա, և միայն դրանից հետո անցնել ավելի թանկարժեք ու բարդ սպառազինության ձեռքբերմանը։ Այս տեսակետն է հայտնել ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, ըստ որոնց՝ Հայաստանը պատրաստվում է ձեռք բերել չեխական արտադրության L-39 ուսումնամարտական ինքնաթիռներ։

Նրա խոսքով՝ եթե այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը, նման գնումը կարող է տրամաբանական քայլ լինել Հայաստանի համար։ Գործող ավիապարկի մի մասը հնացած է, իսկ դրա շահագործման հնարավորությունները ժամանակի ընթացքում նվազում են։ Միաժամանակ, օդուժ ունենալու և զարգացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն մարտական ինքնաթիռ, այլև օդաչուների պատրաստման համապատասխան համակարգ։

Ներսիսյանը շեշտել է, որ ուսումնամարտական ինքնաթիռներն առաջին հերթին կարևոր են հենց օդաչուների պատրաստման տեսանկյունից։ «Համալսարանում սովորողին միանգամից, օրինակ, Սու-30-ով թռիչքներ կատարել տալը նույնիսկ գնի տեսանկյունից աբսուրդ կլինի»,– ասել է նա՝ ընդգծելով, որ բարձրարժեք մարտական ինքնաթիռների արդյունավետ օգտագործման համար նախ անհրաժեշտ է ունենալ համապատասխան պատրաստվածություն ունեցող անձնակազմ։

Ըստ փորձագետի՝ նման ինքնաթիռների հնարավոր կիրառությունը կարող է չսահմանափակվել միայն ուսումնական գործառույթով։ Նա չի բացառել, որ տեխնիկական համապատասխանեցման և ճիշտ կիրառման դեպքում դրանք կարող են օգտագործվել նաև անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարում, այդ թվում՝ միջին և խոշոր չափի դրոնների դեմ։

Ներսիսյանի խոսքով՝ Հայաստանի ավիացիոն պարկի զգալի մասը արդեն հնացած է, մինչդեռ համեմատաբար նոր Սու ինքնաթիռների քանակը փոքր է։ Այդ պայմաններում օդուժի վերականգնման և զարգացման համար անհրաժեշտ է փուլային մոտեցում՝ նախ ապահովել ուսուցումը, ձևավորել մասնագիտական ներուժ և կուտակել անհրաժեշտ փորձ, այնուհետև անցնել ավելի խոշոր գնումների։

«Առաջին ճիշտ քայլը հենց սրանից սկսելն է, ոչ թե սկզբից գնալ և գումար ծախսել ինչ-որ մեծ գնումների վրա, օրինակ՝ շվեդական կործանիչների, և չունենալ լավ պատրաստված օդաչու»,– նշել է փորձագետը։

Ներսիսյանի գնահատմամբ, պաշտպանության բյուջեի աճը կարող է օգտագործվել ոչ միայն նոր զինատեսակներ ձեռք բերելու, այլև այն ենթակառուցվածքի և մարդկային ներուժի ձևավորման համար, որոնք անհրաժեշտ են դրանց արդյունավետ կիրառման համար։ Օդուժի դեպքում դա նշանակում է՝ նախ ստեղծել պատրաստված օդաչուների և ուսումնական ավիացիայի համակարգ, ապա միայն անցնել ավելի թանկարժեք մարտական ինքնաթիռների ձեռքբերմանը։


👉 Տնտեսություն

Scroll to Top