Հայաստանում այս պահին վաճառքի հանված անշարժ գույքի դեֆիցիտ կա, ինչը, պահանջարկի աճի հետ մեկտեղ, հանգեցնում է բնակարանների գների բարձրացմանը։ Գների աճի պատճառներից են նաև Ռուսաստանից Հայաստան փոխանցվող խոշոր գումարները, որոնք հաճախ ուղղվում են անշարժ գույքի ձեռքբերմանը։ Այս մասին ասել է ԱՐԳՈ Ռիելթի ընկերության հիմնադիր Արայիկ Գոջաբաշյանը։
Նրա խոսքով՝ շինարարության ծավալների նվազման պատճառներից մեկը եկամտահարկի վերադարձի ծրագրի՝ Երևանից դուրս գալն է։ Դրա հետևանքով կառուցապատողներից շատերը վաճառքի հետ կապված ռիսկեր են տեսնում և ավելի զգուշավոր են դարձել նոր նախագծեր սկսելու հարցում։
Գոջաբաշյանի խոսքով՝ մեկ այլ գործոն է կառավարության որոշումը, որով բանկերում սառեցված միջոցների մինչև 50%-ը թույլատրվում է օգտագործել շինարարության ընթացքում, իսկ մնացած մասը հասանելի է դառնում շենքը շահագործման հանձնելուց հետո։ Նրա խոսքով՝ այս հանգամանքը նույնպես ռիսկեր է ստեղծում կառուցապատողների համար, ինչի հետևանքով նրանք ավելի քիչ են կառուցում։
«Պահանջարկը մեծ է, կառուցում են քիչ, և դեֆիցիտի հաշվին գները բարձրանում են»,- նշել է նա։
Ռուսաստանից Հայաստան եկող գումարներն ավելացնում են պահանջարկը
Գոջաբաշյանի խոսքով՝ անշարժ գույքի գների բարձրացման մյուս կարևոր պատճառը Ռուսաստանից Հայաստան փոխանցվող խոշոր գումարներն են։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի հայերը, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիները, մտահոգված լինելով պատերազմական իրավիճակի պայմաններում իրենց ֆինանսական միջոցների հնարավոր կորստով, գումարները տեղափոխում են Հայաստան։ Փոխանցումների դժվարությունների պատճառով ոմանք դրանք բերում են կանխիկ։
Նա նշել է, որ այդ միջոցներն այժմ զգալի ներդրումների տեսքով են մտնում Հայաստան, իսկ դրանց զգալի մասն ուղղվում է անշարժ գույքի շուկա։
«Առաջ այդքան չէին գնում։ Կարելի է ասել՝ գնում էին, բայց այսքան չէ։ Դա բերում է պահանջարկի ավելացման, որն էլ հանգեցնում է գների թանկացման»,- ասել է Կոջաբաշյանը։
Նրա կանխատեսմամբ՝ բնակարանների գները դեռ կբարձրանան, եթե նոր տնտեսական կամ քաղաքական ճգնաժամեր չլինեն։
Գոջաբաշյանը նաև նշել է, որ անշարժ գույքի գների աճն իր ազդեցությունն է ունենում տնտեսության այլ ոլորտների վրա։ Նրա խոսքով՝ շինարարությունը տնտեսության շարժիչ ուժերից է, որը զարգացնում է հարակից շուրջ 22-23 ոլորտ։
Բնակարան գնելիս կարևոր է ճիշտ ժամանակը
Գոջաբաշյանի խոսքով՝ բնակարան գնելու որոշում կայացնելիս անհրաժեշտ է հաշվի առնել շուկայի իրավիճակը և կողմնորոշվել հնարավորինս արագ։
Նա խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել կառուցվող շենքերին՝ նշելով, որ շինարարության սկզբնական փուլում բնակարանների գները սովորաբար ավելի ցածր են։ Շենքի կառուցմանը զուգահեռ գները բարձրանում են, իսկ որոշ դեպքերում բնակարաններն արագ վաճառվում են, ինչի հետևանքով ընտրության հնարավորությունները սահմանափակվում են։
Հին շենքերի վթարայնությունը՝ ազգային անվտանգության խնդիր
Անդրադառնալով Հայաստանի բնակֆոնդին՝ Կոջաբաշյանը նշել է, որ խորհրդային տարիներին կառուցված շենքերի վիճակը լուրջ խնդիրներ է առաջացնում։ Նրա խոսքով՝ բազմաթիվ շենքեր ունեն բնական մաշվածություն, իսկ որոշ դեպքերում դրանց վիճակը վատթարացել է նաև նկուղներում փորված տարածքների և տանիքներում կառուցված լրացուցիչ հարկերի պատճառով։
Նա ընդգծել է, որ հին շենքերի վթարայնության հարցը պետք է լուծել հնարավորինս արագ։
«Ես միշտ ասում եմ՝ դա ազգային անվտանգության խնդիր է։ Օր առաջ պետք է այդ հարցը լուծվի, այդ շենքերը պետք է քանդվեն, այդ մարդկանց ավելի որակյալ բնակարաններ պետք է տրամադրվեն»,- ասել է Գոջաբաշյանը։
Նրա խոսքով՝ նույնիսկ այն շենքերը, որոնք վթարային չեն ճանաչվել, կարող են լուրջ խնդիրներ ունենալ։ Նա օրինակ է բերել Երևանի Աջափնյակ վարչական շրջանը՝ նշելով, որ այնտեղ կան բազմաթիվ վթարային շենքեր, և անհրաժեշտ է համատարած ստուգումներ իրականացնել։
Պետությունն ու բիզնեսը պետք է համագործակցեն
Գոջաբաշյանի կարծիքով՝ վթարային շենքերի խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է պետության, կառավարության և մասնավոր հատվածի համագործակցությունը։
Նա առաջարկել է, որ կառուցապատողները հնարավորություն ունենան ստանձնելու վթարային շենքերի քանդման և դրանց տեղում նոր բնակելի շենքերի կառուցման ծրագրերը։ Փոխարենը նրանք պետք է պարտավորվեն նախկին բնակիչներին ապահովել ավելի որակյալ, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ավելի մեծ մակերեսով բնակարաններով։
Միաժամանակ, նրա խոսքով, անհրաժեշտ է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք կառուցապատողներին շահագրգռված կդարձնեն մասնակցելու այդ ծրագրերին։
«Բիզնեսմենը չի կարող միշտ, թեկուզ պետությանը, թեկուզ իր քաղաքացիներին, լավության տեսքով ինչ-որ բան անել։ Ինքը պետք է գումար էլ աշխատի»,- նշել է նա։
Կոջաբաշյանի խոսքով՝ պետությունն ու մասնավոր հատվածը պետք է բանակցեն և որոշեն, թե ինչպես կազմակերպել այդ գործընթացը, որպեսզի դրանից շահեն ինչպես Հայաստանի Հանրապետությունը, այնպես էլ քաղաքացիները։
Նա առաջարկել է քննարկել նաև եկամտահարկի վերադարձի ծրագրի կիրառման հնարավորությունը վթարային շենքերի վերակառուցման դեպքում։ Նրա կարծիքով՝ եթե կառուցապատողը քանդում է վթարային շենքը և դրա փոխարեն նորն է կառուցում, ապա այդ ծրագրի կամ այլ հարկային արտոնությունների միջոցով կարելի է խթանել նման նախագծերի իրականացումը։
Գոջաբաշյանը շեշտել է, որ անհրաժեշտ է հնարավորինս արագ լուծել վթարային շենքերի բնակիչներին նոր բնակարաններով ապահովելու հարցը՝ միաժամանակ խթանելով շինարարության զարգացումը։

