Իրանի դեմ պատերազմի ընթացքում ԱՄՆ-ն և Իսրայելը կարողացել են օդային գերակայություն հաստատել, սակայն Իրանի հրթիռային հնարավորությունները և անօդաչու համակարգերը շարունակում են խնդիրներ ստեղծել հակառակորդի համար։ Այս մասին ասել է ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանը։
Իրանը զրկվել է օդային գերակայությունից, բայց շարունակում է հրթիռային հարվածներ հասցնել
«Փաստացի իրանական կողմը կարողանում է ոչնչացնել որոշ քանակի անօդաչուներ, բայց դա գրեթե ոչինչ է՝ հաշվի առնելով կիրառվող միջոցների քանակը»,– ասել է փորձագետը՝ նշելով, որ Իրանի հակաօդային պաշտպանության որոշ բաղադրիչներ դեռևս գործում են։
Նրա խոսքով՝ Իրանի ռազմաօդային ուժերը չեն կարող համեմատվել ԱՄՆ-ի և Իսրայելի օդային հնարավորությունների հետ, իսկ երկրի ռազմածովային ուժերը նույնպես ծանր հարվածներ են ստացել։ Այնուամենայնիվ, Իրանը պահպանում է որոշ հնարավորություններ, մասնավորապես՝ անօդաչուների կիրառման ոլորտում։ Դրանց դեմ պայքարը բարդացնում են նաև իրանական ափի աշխարհագրական առանձնահատկությունները և բազմաթիվ բնական թաքստոցները։
Ներսիսյանը միաժամանակ ուշադրություն է հրավիրել Իրանի հրթիռային կարողությունների վրա։ Նրա խոսքով՝ պատերազմի ընթացքում հրթիռային հարվածների ինտենսիվությունը նվազել է, սակայն դրանք չեն դադարել։ Փորձագետն առանձնացրել է նաև մոտ 4000 կմ հեռահարությամբ հրթիռների կիրառման մասին տեղեկությունները՝ նշելով, որ այդ հնարավորությունը կարող է անակնկալ լինել հակառակորդների համար։
«Իրանը հրթիռաշինության մեջ օբյեկտիվորեն բավականին լավ մակարդակի էր հասել»,– նշել է նա։
Հորմուզի նեղուցի բացումը դեռ չի նշանակում, որ խնդիրը լուծված է
Պատերազմի կարևոր ուղղություններից մեկը Հորմուզի նեղուցի վերահսկողության և նավագնացության վերականգնման հարցն է։ Ներսիսյանի խոսքով՝ Իրանի դեմ գործողությունների հնարավոր նպատակներից մեկը Խարգ և Քեշմ կղզիների նկատմամբ վերահսկողություն հաստատելն է, ինչը կարող է դիտարկվել որպես նեղուցի բացման ճանապարհներից մեկը։
Փորձագետը նշել է, որ Խարգ կղզին առանձնահատուկ նշանակություն ունի Իրանի նավթի արտահանման համար։ Նրա ներկայացմամբ՝ երկրի նավթի արտահանման շուրջ 90 տոկոսն իրականացվում է այդ կղզու միջոցով, որտեղ անհրաժեշտ ենթակառուցվածքներ կան մեծ լցանավերի սպասարկման համար։
Քեշմ կղզին ևս ռազմավարական նշանակություն ունի՝ Հորմուզի նեղուցի հարևանությամբ գտնվելու պատճառով։
Սակայն Ներսիսյանի գնահատմամբ՝ նույնիսկ կղզիների նկատմամբ վերահսկողություն հաստատելը չի երաշխավորի նեղուցով նավագնացության լիարժեք վերականգնումը։
«Հերիք է, որ շաբաթը մեկ-երկու հրթիռ կամ անօդաչու ջուրն ընկնի նավերի կողքը, որպեսզի այդ նեղուցից չօգտվեն։ Ապահովագրական ընկերությունները պարզապես կհրաժարվեն ապահովագրել նավերը, և նավերն էլ կհրաժարվեն մտնել նեղուց»,– ասել է նա։
Այսպիսով, նույնիսկ եթե ԱՄՆ-ին հաջողվի ռազմական ճանապարհով վերահսկողություն հաստատել որոշ ռազմավարական տարածքների նկատմամբ, Իրանը կարող է պահպանել նավագնացության և համաշխարհային էներգետիկ շուկաների վրա ազդելու որոշ հնարավորություններ։
Պատերազմի ավարտը դեռ չի նշանակում հակամարտության ավարտ
Ներսիսյանի խոսքով՝ պատերազմը կարող է ավարտվել տարբեր սցենարներով։ ԱՄՆ-ն կարող է հայտարարել ռազմական հաղթանակի մասին և դուրս գալ հակամարտությունից, սակայն Իրանը կարող է շարունակել հարվածներ հասցնել տարածաշրջանում ամերիկյան բազաներին։ Այդ դեպքում Վաշինգտոնը ստիպված կլինի որոշել՝ շարունակե՞լ ռազմական գործողությունները, թե՞ փորձել պայմանավորվել Թեհրանի հետ։
Մյուս տարբերակը հակամարտության հետագա էսկալացիան է, այդ թվում՝ ավելի լայնածավալ ցամաքային գործողությունների միջոցով։ Սակայն փորձագետի գնահատմամբ՝ նման քայլերը զգալի ռիսկեր են պարունակում, հատկապես եթե պատերազմը երկարաձգվի։
«Կարճաժամկետ հեռանկարում կարելի է շատ բանի հասնել, բայց երբ այդ ամենը վերածվում է երկարատև գործընթացի, մեծ պետությունների համար, որոնք իրենց երկրից հեռու ռազմական գործողություններ են իրականացնում, դա սովորաբար լավ չի ավարտվում»,– նշել է Ներսիսյանը։
Նա որպես օրինակ հիշատակել է Իրաքը՝ ընդգծելով, որ ռազմական արագ հաղթանակը չի նշանակում, թե դրան հաջորդող զարգացումները նույնպես կանխատեսելի կամ կառավարելի կլինեն։
Փորձագետի խոսքով՝ պատերազմի ավարտից հետո բաց է մնում նաև Իրանի ներքին կայունության հարցը։ Անհրաժեշտ է հասկանալ՝ կկարողանա՞ արդյոք երկիրը պահպանել իր միասնականությունը, և արդյոք նոր ազդեցիկ դերակատարները կկարողանան համաձայնության գալ միմյանց հետ։
«Այդ հարցերի պատասխանները, կարծում եմ, ոչ ոք չգիտի։ Այն, ինչ ես տեսնում եմ, ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում նույնպես հստակ չգիտեն՝ ինչ է տեղի ունենալու Իրանի ներսում»,– ասել է նա։
Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացումը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ
Ներսիսյանը զգուշացրել է, որ եթե պատերազմը շարունակվի և թիրախավորվեն Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները, երկրի երկարաժամկետ հեռանկարները կարող են լրջորեն վատթարանալ։
Նա առանձնացրել է ջրամատակարարման համակարգերը՝ ընդգծելով, որ խմելու ջրի հասանելիությունն Իրանի համար կարևոր խնդիր է։ Այդ ենթակառուցվածքներին լուրջ վնաս հասցնելը կարող է խորացնել երկրի ներքին խնդիրները։ Լրացուցիչ հարվածներ նավթային ենթակառուցվածքներին, այդ թվում՝ Խարգ կղզում, նույնպես կարող են ծանր հետևանքներ ունենալ։
Փորձագետի խոսքով՝ նման սցենարի դեպքում խոսքը կարող է վերաբերել ոչ միայն գործող իշխանության ապագային, այլև հենց պետության կայունությանն ու հետագա գոյության պայմաններին։
Միևնույն ժամանակ, Ներսիսյանը չի բացառել, որ պատերազմը կարող է անսպասելիորեն ավարտվել՝ առանց կողմերի միջև նոր ռազմական հարվածների կամ լայնածավալ քաղաքական համաձայնության։
«Հարյուրավոր տարբեր սցենարներ կան, թե ինչպես կարող է այս ամենն ավարտվել։ Պատերազմը կարող է վաղը վերջանալ, և այլևս ոչ Իրանը հարվածի, ոչ էլ Ամերիկան»,– եզրափակել է նա։

