ԵԱՏՄ-ից դուրս գալու վատագույն սցենարի դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է 2,7% անկում գրանցել

ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հնարավոր տնտեսական հետևանքները ներառված չեն պետական բյուջեում հաշվարկված ռիսկերի ամբողջական շրջանակում։ Եթե միությունը կիրառի կոշտ սահմանափակումներ, Հայաստանի տնտեսությունը կարող է ոչ թե նախատեսված 5,8% աճն ապահովել, այլ 2,7% անկում գրանցել։ Այս դեպքում բյուջեն կարող է շուրջ 240 մլրդ դրամի հարկային եկամուտներ կորցնել։ Այս մասին հայտարարել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով պետական բյուջեի ռիսկերին և ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքներին։

Նրա խոսքով՝ ֆինանսների նախարարությունը բյուջեի պլանավորման ընթացքում գնահատել է մի շարք ռիսկեր և նախատեսել պահուստային միջոցներ։ Մասնավորապես, ըստ Արամյանի՝ նախատեսվել է շուրջ 65 մլրդ դրամի պահուստային ֆոնդ, որը կարող է օգտագործվել որոշակի խնդիրների առաջացման դեպքում։

Այնուամենայնիվ, այդ հաշվարկները չեն ներառում ԵԱՏՄ-ից դուրս գալու և դրա հետևանքով տնտեսական միջավայրի կտրուկ վատթարացման հնարավոր սցենարը։

«Ցանկացած սցենարի դեպքում ենթադրություն ես անում, որ այլ հավասար պայմաններում ստեղծված իրավիճակը կպահպանվի։ Բայց այս սցենարը, երբ մենք ԵԱՏՄ-ից դուրս ենք գալիս, այդ ռիսկերի մեջ ամբողջությամբ ներկայացված չէ»,– նշել է նա։

Արամյանի խոսքով՝ ռիսկերի գնահատման շրջանակում, օրինակ, ամբողջական հաշվարկված չէ նաև գազի գների հնարավոր բարձրացման ազդեցությունը, քանի որ դեռ հստակ չէ, թե ինչ քաղաքական որոշումներ կարող են ընդունվել և ինչ ծավալի փոփոխություններ կլինեն։

Ընթացիկ ծախսերի արագ աճը սահմանափակում է բյուջեի ճկունությունը

Նախկին նախարարը պետական բյուջեի կառուցվածքի հիմնական խնդիրներից մեկը համարում է տնտեսական աճի աղբյուրների ոչ բավարար արդյունավետությունը։ Նրա խոսքով՝ տնտեսական աճի զգալի մասը ձևավորվում է կապիտալ շինարարության, սպասարկման և ծառայությունների ոլորտներում, որոնք արտաքին միջավայրի փոփոխության պայմաններում կարող են խոցելի լինել։

Արամյանի գնահատմամբ՝ եթե երկիրը չունի տեխնոլոգիական, առողջապահական կամ զբոսաշրջային հստակ մրցակցային առավելություն, արտաքին պայմանների վատթարացումը կարող է լուրջ դժվարություններ առաջացնել։

«Եթե դու տեխնոլոգիական գերազանցության կենտրոն չես, առողջապահության գերազանցության կենտրոն չես, ինչպես, օրինակ, Գերմանիան, կամ զբոսաշրջության գերազանցության կենտրոն չես, ինչպես Հունաստանը, բնականաբար, դժվարություններ ես ունենալու, եթե արտաքին միջավայրը փոխվի»,– ասել է նա։

Արամյանի ուշադրության կենտրոնում է նաև ընթացիկ ծախսերի աճը։ Նրա ներկայացմամբ՝ 2025 թվականի համեմատ ընթացիկ ծախսերն ավելանում են շուրջ 698 մլրդ դրամով՝ մոտ 700 մլրդ դրամով։

Նա ընդգծել է, որ ընթացիկ ծախսերը, ի տարբերություն կապիտալ ծախսերի, կրճատելը շատ ավելի դժվար է։ Դրանց մեջ են առողջապահության, սոցիալական ապահովության, կենսաթոշակների և պետական համակարգի աշխատավարձերի հետ կապված ծախսերը։

Նախկին նախարարի խոսքով՝ աշխատավարձերի ֆոնդի ավելացումը նույնպես պետք է դիտարկել այս համատեքստում։ Նա նշել է, որ 2025 թվականի համեմատ ընդհանուր տնտեսական դասակարգմամբ աշխատավարձերի ֆոնդի աճը կազմում է շուրջ 50 մլրդ դրամ։

Արամյանի գնահատմամբ՝ եթե տնտեսական իրավիճակը վատթարանա, կառավարությունը կարող է հարկադրված լինել կրճատել կապիտալ ծախսերը, քանի որ ընթացիկ ծախսերի նվազեցումը շատ ավելի բարդ է։

Շուրջ 240 մլրդ դրամի հարկային եկամուտների կորուստ

Արամյանը ներկայացրել է նաև ԵԱՏՄ-ից դուրս գալու հնարավոր հետևանքների պայմանական հաշվարկը՝ ընդգծելով, որ խոսքը վատագույն սցենարի մասին է, երբ սահմանափակումները կիրառվում են միանգամից, ամբողջ ծավալով և բոլոր ուղղություններով։

Նրա խոսքով՝ այս դեպքում Հայաստանի տնտեսությունը կարող է նախատեսված 5,8% աճի փոխարեն 2,7% անկում գրանցել։ Այսինքն՝ նախատեսված աճի և հնարավոր անկման միջև տարբերությունը կկազմի 8,5 տոկոսային կետ։

Արամյանի հաշվարկով՝ ՀՆԱ-ի աճի կամ անկման յուրաքանչյուր տոկոսային կետին համապատասխանում է շուրջ 113 մլրդ դրամ։ Դրանից հարկային եկամուտների բաժինը կազմում է մոտ 24-25%, այսինքն՝ յուրաքանչյուր տոկոսային կետի դեպքում բյուջեի հարկային եկամուտները կարող են շուրջ 27-28 մլրդ դրամով պակասել։

«Եթե դա 8,5 տոկոսային կետ է, պետք է այդ թիվը բազմապատկենք 8,5-ով։ Մենք խոսում ենք շուրջ 240 մլրդ դրամի հարկային եկամուտների կորստի մասին»,– նշել է նա։

Նրա խոսքով՝ այս ռիսկն առավել մտահոգիչ է ընթացիկ ծախսերի արդեն իսկ նախատեսված աճի համատեքստում։ Եթե մի կողմից ծախսերն ավելանում են հարյուրավոր միլիարդ դրամներով, իսկ մյուս կողմից հարկային մուտքերը նվազում են, բյուջեի հավասարակշռությունը պահպանելը կարող է լուրջ խնդիր դառնալ։

Արամյանն անդրադարձել է նաև այն փաստարկին, որ 2027 թվականին հարկային եկամուտները ևս նախատեսվում է ավելացնել։ Նրա խոսքով՝ եկամուտների աճի ծրագրային ցուցանիշները չեն կարող ինքնաբերաբար երաշխավորել անհրաժեշտ մուտքերը, եթե տնտեսական միջավայրը վատթարանա։

Նա նշել է երկու հիմնական ռիսկ։ Առաջինը տնտեսական ակտիվության անկման հետևանքով հարկային բազայի կրճատումն է, իսկ երկրորդը՝ հարկային կարգապահության վատթարացումը։

«Երբ տնտեսական իրավիճակը վատանում է, ոչ միայն հարկային եկամուտներն են նվազում, այլև հարկային կարգապահությունն է ընկնում։ Տնտեսվարողների առաջնային խնդիրը դառնում է պարզապես գոյատևելը, և նրանք կարող են փորձել խուսափել հարկային պարտավորություններից»,– ասել է նախկին նախարարը։

Արամյանի խոսքով՝ նման իրավիճակում դժվար կլինի ապահովել նույնիսկ 24,5-25% հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը, քանի որ հարկային մուտքերը կարող են ավելի զգալիորեն նվազել։

Նա ընդգծել է, որ ԵԱՏՄ-ի հետ հարաբերությունների ապագայի վերաբերյալ որոշումը պետք է կայացվի՝ հաշվի առնելով հնարավոր տնտեսական հետևանքները։

«Կորոշենք՝ գնալ այս ուղղությա՞մբ, թե՞ այն ուղղությամբ, թող ժողովուրդը որոշի։ Բայց արկածախնդրություն է՝ առանց հաշվի առնելու հնարավոր հետևանքները ասել՝ ոչինչ չի լինի»,– եզրափակել է Արամյանը։


👉 Տնտեսություն

Scroll to Top