Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի վերջին եվրոպական ուղու քննադատմամբ հրապարակային հայտարարությունները, պայմանավորված են իշխանության արտաքին կառավարիչների՝ Փաշինյանին այլընտրանք ձևավորելու գործընթացով։ Նման կարծիքի է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Հակոբյանի խոսքով՝ Գրիգորյանի դիրքորոշումը նորություն չէ։ Վերջինս իր հարցազրույցներից մեկում նշել է, որ դեռևս 2024 թվականի վերջին կամ 2025 թվականին «Քաղաքացիական պայմանագրում» փակ քննարկումների ժամանակ արտահայտել է նույն տեսակետները։ Այդ հանգամանքը, ըստ քաղտեխնոլոգի, հաստատել են նաև կուսակցության այլ ներկայացուցիչներ։
«Ես կարծում եմ՝ խնդիրն այն չէ, որ իրեն պաշտոնից հանել են, և դրա պատճառով է սկսել ելույթ ունենալ։ Կարծում եմ՝ իրեն պաշտոնից հանել են հենց այն պատճառով, որ կային որոշակի անհամաձայնություններ ոչ թե իշխանության ներսում, այլ այն ուժերի մոտ, որոնք այս իշխանություններին, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին և Արմեն Գրիգորյանին, կառավարում են դրսից»,– նշեց Հակոբյանը։
2018 թվականի իշխանափոխության գործիքակազմը կարող է կրկին ակտիվացվել
Քաղտեխնոլոգի խոսքով՝ այն ուժերը, որոնք մոդերատորություն են իրականացնում և կառավարում իշխանական համակարգը, այժմ, հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի քաղաքական դիրքերի թուլացումը, փորձում են ունենալ պահեստային տարբերակներ։
Հակոբյանը հիշեցրել է, որ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ գործել են տարբեր նախագծեր և քաղաքական ու հասարակական խմբեր, որոնք ի վերջո միավորվել են մեկ գործընթացի շուրջ։
Նրա խոսքով՝ այդ գործընթացում Արմեն Գրիգորյանը կարևոր դեր է ունեցել հասարակական հատվածի համակարգման գործում։ Մի կողմից գործում էր Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, մյուս կողմից՝ «Մերժիր Սերժին» շարժումը, որի գլխավոր համակարգողներից մեկը, ըստ Հակոբյանի, հենց Գրիգորյանն էր։ «Իրենք տարբեր պրոյեկտներ էին 2018 թվականին, բայց մեկտեղվեցին և իրար հետ արեցին այն, ինչ տեղի ունեցավ»,– ասել է նա։
Հակոբյանի գնահատմամբ՝ այժմ հնարավոր է նույն գործիքակազմի աստիճանական ակտիվացում, սակայն այս անգամ՝ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Նա նկատել է, որ հասարակական հատվածում նույնպես որոշակի տեղաշարժեր և վերափոխումներ են տեղի ունենում։ Խոսքը, մասնավորապես, այն հասարակական շրջանակների մասին է, որոնք արդյունավետ են գործում փողոցային գործընթացներում և նախկինում անցել են հանրային տրամադրությունների ձևավորման ու մոբիլիզացիայի հատուկ պատրաստություն։ «Ես կարծում եմ՝ հիմա նույն գործիքակազմերը աստիճանաբար ակտիվացվելու են, բայց այլ ուղղությամբ, և այդ ուղղությունը Նիկոլ Փաշինյանի հետ կապված չէ»,– նշեց քաղտեխնոլոգը։
Փաշինյանը փորձում է վերահսկողության տակ պահել նոր գործընթացը
Անդրադառնալով այն վարկածին, թե Արմեն Գրիգորյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կարող է պայմանավորված խաղ լինել, Հակոբյանը չի բացառել նման սցենարը, սակայն կարծում է, որ գործընթացի հիմնական նախաձեռնողները ոչ Գրիգորյանն են, ոչ էլ Փաշինյանը։
Մեկնաբանելով այն փաստը, որ Արմեն Գրիգորյանի հոդվածը հրապարակվել է այն ժամանակ, երբ վարչապետը խոսել է նոր՝ պետականամետ ընդդիմության ձևավորման անհրաժեշտության մասին՝ Հակոբյանի նշեց, որ իրականում այլընտրանքային քաղաքական ուժի ձևավորման գործընթացն արդեն սկսված է եղել, և Փաշինյանը, գիտակցելով դա, փորձել է ցույց տալ, որ դա իր վերահսկողության տակ է։
«Ես կարծում եմ՝ կար գործընթաց՝ պահեստային տարբերակ ստեղծելու ուղղությամբ, ընդ որում՝ այդ գործընթացի մասին քաջատեղյակ էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Այդ իսկ պատճառով նա փորձեց հնարավորինս մաքրել դաշտը այդ նոր թիմի հնարավոր խաղացողներից և ղեկավարից։ Փաշինյանն այժմ փորձում է գործընթացը դարձնել կառավարելի և այն ներկայացնել այնպես, կարծես ամեն ինչ իր վերահսկողության տակ է»,– ասաց նա։
Այդ համատեքստում էլ նոր պետականամետ ընդդիմության ձևավորման մասին խոսակցությունը կարող է կապվել Արմեն Գրիգորյանի անվան հետ։ «Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է օգտվել այդ գործընթացից՝ ներկայացնելով, թե ամեն ինչ իր վերահսկողության տակ է, որպեսզի խոսակցության առարկա դառնա այդ պետականամետ նոր ընդդիմության ի հայտ գալը և դա, բնականաբար, կապվի նույն Արմեն Գրիգորյանի հետ»,– նշեց Հակոբյանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ թեև տարբեր շահեր կարող են համադրվել, գործընթացի իրական նախաձեռնողները, իր համոզմամբ, ո՛չ Արմեն Գրիգորյանն են, ո՛չ էլ Նիկոլ Փաշինյանը։

