Նոր Սահմանադրության նախագծով ժողովրդավարությունից, իրավական պետությունից որևէ բան չի մնում 

ՀՀ Սահմանադրության նոր նախագիծը ոչ միայն չի ամրապնդում ժողովրդավարական և իրավական պետության հիմքերը, այլև վերացնում է դատական իշխանության անկախության սահմանադրական երաշխիքները, թուլացնում խորհրդարանական վերահսկողության մեխանիզմները և վտանգում ազգային պետականության հիմքերը։ Այս մասին հայտարարել է սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով հրապարակված Սահմանադրության նախագծին։

«Ինձ համար ամենամեծ զարմանքն այն է, թե ինչպես կարող է նման Սահմանադրության նախագիծ ընդհանրապես ներկայացվել որպես ժողովրդավարական երկրի՝  նոր Սահմանադրության նախագիծ, որովհետև այստեղ արդեն ժողովրդավարությունից, իրավական պետությունից որևէ բան չի մնացել»,- նշել է սահմանադրագետը։

Հայաստանի Հանրապետությունը՝ առանց պատմական և իրավական շարունակականության

Պողոսյանի գնահատմամբ՝ սկզբունքային խնդիր է առաջանում արդեն իսկ Սահմանադրության նախագծի առաջին հոդվածի ձևակերպումներից։ Դրանցից, ըստ սահմանադրագետի, հետևում է, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե արդեն իսկ հիմնադրված պետություն է, այլ նոր Սահմանադրությամբ հիմնադրվող պետական կազմավորում՝ առանց իրավահաջորդության ամրագրման։

Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախագծի առաջին հոդվածում Հայաստանի Հանրապետության հիմնադիր է հռչակվում Հայաստանի Հանրապետության ժողովուրդը։ Պողոսյանն այս ձևակերպումը համեմատել է նոր իրավաբանական անձի հիմնադրման գործընթացի հետ, երբ նոր կառույց ստեղծելիս նշվում է նաև դրա հիմնադիրը։

«Մենք այս Սահմանադրության նախագծով նոր հիմնադրում ենք Հայաստանի Հանրապետություն պետությունը, և այդ պետությունը պատմական ոչ մի արմատ չունի։ Այսինքն՝ մենք հիմքից քանդում ենք այն ամենը, ինչը ձեռք ենք բերել մեր պայքարով, արյամբ՝ 1990 թվականից, և ասում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրվում է այս Սահմանադրության նախագծով»,- ընդգծել է նա` մեկնաբանելով Անկախության հռչակագրի վրա հղման վերացումը նոր Սահմանադրության նախաբանում։

Սահմանադրագետի համոզմամբ՝ Անկախության հռչակագրին հղումից հրաժարվելով՝ նախագծի հեղինակները վերացնում են նաև ազգային պետականության հիմքերը։

Սահմանադրական մեծամասնության գաղափարը ամբողջությամբ ջնջված է

Պողոսյանն անդրադարձել է նաև հետագայում Սահմանադրության փոփոխման համար նախատեսված կարգավորումներին։ Նրա խոսքով՝ թեև նախագծում պահպանվել է Ազգային ժողովի հավանության պահանջը, սակայն անհրաժեշտ ձայների շեմը երկու երրորդից իջեցվել է երեք հինգերորդի։ «Երկու երրորդ սահմանադրական մեծամասնությունն ամբողջությամբ ջնջված է այս Սահմանադրությամբ»,- նշել է նա։

Խորհրդարանական վերահսկողության տեսանկյունից սահմանադրագետը խնդրահարույց է համարում նաև հարցապնդումների ինստիտուտի վերացումը։ Գործող Սահմանադրությամբ խորհրդարանական խմբակցություններն իրավունք ունեն հարցապնդում ներկայացնելու կառավարությանը։ Վերջինս պարտավոր է գրավոր պատասխանել հարցապնդմանը, որը կարող է խորհրդարանում քննարկման առարկա դառնալ։

Նոր նախագծով, ըստ Պողոսյանի, պահպանվում է գրավոր հարցեր ուղղելու հնարավորությունը, սակայն վերացվում է հարցապնդումների ինստիտուտը՝ որպես կառավարության գործունեության նկատմամբ խորհրդարանական վերահսկողության առանձին մեխանիզմ։

Գործող դատավորները փաստացի կդառնան ժամանակավոր պաշտոնակատարներ

Առավել խնդրահարույց կարգավորումները, սահմանադրագետի գնահատմամբ, վերաբերում են դատական իշխանությանը և Սահմանադրության նախագծի անցումային դրույթներին։

Պողոսյանը նշել է, որ նոր Սահմանադրության ընդունումից հետո, որպես կանոն, անցկացվում են նոր ընտրություններ, և քաղաքական իշխանության մարմինները ձևավորվում են նոր սահմանադրական կարգավորումներին համապատասխան։ Մինչդեռ ներկայացված նախագծի անցումային դրույթներով քաղաքական իշխանության փոփոխություն չի նախատեսվում, սակայն նախատեսվում է դատական համակարգի վերակազմավորում։

Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանի Հանրապետության բոլոր գործող դատավորները, բացառությամբ Սահմանադրական դատարանի դատավորների, փաստացի ձեռք են բերում ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակ, իսկ նրանց հետագա պաշտոնավարման հարցը որոշելու է հինգ անդամից բաղկացած վերագնահատման հանձնաժողովը։

Ընդ որում՝ հանձնաժողովը ձևավորվելու է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ։ Պողոսյանն ընդգծել է, որ նույնիսկ նախագծով պահպանված երեք հինգերորդի մեծամասնության պահանջը չի կիրառվում նման կարևորագույն գործառույթ իրականացնող հանձնաժողովի ձևավորման դեպքում։

Նրա գնահատմամբ՝ հանձնաժողովի անդամների հայեցողությունից է կախված լինելու, թե արդյոք դատավորը խախտել է բարեվարքության կանոնները կամ այլ պահանջներ և կարող է շարունակել պաշտոնավարումը։ Միաժամանակ վերագնահատման ենթակա դատավորները պետք է շարունակեն արդարադատություն իրականացնել։ «Ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ դատական իշխանության անկախությունը բացարձակ զրոյացված է այս Սահմանադրության նախագծով»,- հայտարարել է Պողոսյանը։

Սահմանադրական դատարանի և ԲԴԽ-ի ձևավորումը՝ խորհրդարանական մեծամասնության վերահսկողության ներքո

Սահմանադրագետը խնդրահարույց է համարում նաև Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության առաջարկվող մեխանիզմը։ Նախագծով նախատեսվում է, որ եթե Սահմանադրական դատարանի դատավորին հնարավոր չլինի ընտրել պատգամավորների ընդհանուր թվի երեք հինգերորդի մեծամասնությամբ, ապա երկրորդ փուլում նրա ընտրության համար բավարար կլինի պարզ մեծամասնությունը։

Էական փոփոխություններ են նախատեսվում նաև Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) ձևավորման կարգում։ Գործող Սահմանադրությամբ ԲԴԽ տասը անդամներից հինգն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի, մյուս հինգը՝ Ազգային ժողովի կողմից։ Նոր նախագծով դատավորները զրկվում են ԲԴԽ անդամներին անմիջականորեն ընտրելու իրավունքից՝ պահպանելով միայն թեկնածուներ առաջադրելու հնարավորությունը։ Վերջնական ընտրությունը կատարելու է Ազգային ժողովը։

Պողոսյանի խոսքով՝ այսպիսով նույնիսկ ձևական առումով վերացվում է դատավորների՝ դատական իշխանության անկախության երաշխավոր հանդիսացող մարմնի կազմն ինքնուրույն ձևավորելու հնարավորությունը։ Դատական համակարգի նկատմամբ ազդեցության մեկ այլ լծակ սահմանադրագետը համարում է դատարանների և Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների պաշտոնավարման ժամկետների երկարաձգումը։ Նրա գնահատմամբ՝ այդ կարգավորումը կարող է օգտագործվել դատարանների նախագահների միջոցով դատավորների նկատմամբ ազդեցություն գործադրելու և իշխանության համար ցանկալի դատական ակտերի կայացմանը հասնելու նպատակով։

Վարչական դատարանի գոյության սահմանադրական երաշխիքի վերացում

Պողոսյանն ուշադրություն է հրավիրել նաև այն հանգամանքի վրա, որ նոր Սահմանադրության նախագծից հանվել է Վարչական դատարանի մասին հիշատակումը։ Սահմանադրագետի խոսքով՝ դա հնարավորություն է տալիս հետագայում սահմանադրական օրենքով ընդհանրապես չնախատեսել Վարչական դատարանի գոյությունը։ Նա ընդգծել է, որ Վարչական դատարանը մարդու իրավունքների պաշտպանության կարևորագույն մեխանիզմներից է, քանի որ քննում է պետության և քաղաքացու միջև ծագող վեճերը։

Պողոսյանի գնահատմամբ՝ նույնիսկ ներկայիս պայմաններում և զգալի ճնշումների ներքո Վարչական դատարանն առանձին դեպքերում իրական արդարադատություն է իրականացնում։ Հետևաբար դրա գոյության սահմանադրական երաշխիքի վերացումը լուրջ խնդիր է մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից։

Դատավորների լիազորությունների դադարեցման գործընթացում կներգրավվի ՀՀ նախագահը

Սահմանադրության նախագծով փոփոխվում է նաև դատավորների լիազորությունների դադարեցման կարգը։ Եթե գործող Սահմանադրությամբ դատավորի լիազորությունների դադարեցման իրավասությունը վերապահված է Բարձրագույն դատական խորհրդին, ապա նոր նախագծով այդ գործընթացում ներգրավվում է նաև Հանրապետության նախագահը։ «Այսինքն՝ դատավորին պաշտոնանկ անելու համար ուղղակիորեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի են ներգրավել»,- նշել է սահմանադրագետը՝ այդ կարգավորումն անընդունելի համարելով իրավական պետության սկզբունքների տեսանկյունից։

Մեկ այլ խնդրահարույց փոփոխություն վերաբերում է դատավորների պաշտոնավարման սահմանային տարիքին։ Գործող Սահմանադրությամբ Սահմանադրական դատարանի դատավորների պաշտոնավարման սահմանային տարիքը 70 տարեկանն է, իսկ մյուս դատավորներինը՝ 65-ը։ Նոր նախագծով այդ տարիքային շեմերն այլևս չեն ամրագրվում Սահմանադրությամբ, և դրանց սահմանումը վերապահվում է սահմանադրական օրենքին։Պողոսյանի խոսքով՝ դա հնարավորություն կտա խորհրդարանական երեք հինգերորդի մեծամասնությամբ նվազեցնել դատավորների պաշտոնավարման սահմանային տարիքը, օրինակ՝ մինչև 60 կամ 55 տարեկան՝ այդպիսով հանգեցնելով համապատասխան տարիքի հասած դատավորների լիազորությունների դադարեցմանը։

Բացարձակ իշխանություն՝ մեկ քաղաքական կենտրոնի ձեռքում

Վարդան Պողոսյանի գնահատմամբ՝ ներկայացված նախագիծը ոչ միայն վտանգում է դատական իշխանության անկախությունը, այլև քաղաքացիության, ընտրական և մի շարք այլ հիմնարար իրավունքներ ենթարկում այնպիսի սահմանափակումների, որոնք անընդունելի են ժամանակակից իրավական պետության պայմաններում։

Նա ընդգծել է, որ նախագծի հեղինակների՝ ժողովրդավարական և իրավական պետության տարրերն ամրապնդելու մասին պնդումները հակասում են հենց նախագծով առաջարկվող կարգավորումներին։

«Միայն դատական իշխանության վերաբերյալ գլուխը և անցումային դրույթների համապատասխան հոդվածը կարդալուց հասկանում ես, որ այս Սահմանադրությունը բացարձակ իշխանությունը տալիս է մեկ կենտրոնի՝ «Քաղաքացիական պայմանագրին»՝ իր ղեկավարի գլխավորությամբ»,- եզրափակել է սահմանադրագետը։


👉 Օրենսդրություն

Scroll to Top