Արմեն Գրիգորյանը Փաշինյանի նախագիծը չէ

Արմեն Գրիգորյանին պետք չէ դիտարկել որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական նախագիծ, Գրիգորյանը ինքնուրույն քաղաքական խաղացող է։ Նման տեսակետ է հայտնել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական զարգացումներին։

«Թեև ընդդիմությունն ասում է, որ Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի նախագիծն է, ես համաձայն չեմ դրա հետ։ Նա լրիվ այլ ֆիգուր է, ինքնուրույն խաղացող»,- նշեց Քոչարյանը։

Արմեն Գրիգորյանը՝ Արևմուտքի հնարավոր խաղադրույք

Քաղտեխնոլոգը չի կիսում այն տեսակետը, թե Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ Արմեն Գրիգորյանի դիրքորոշումը հիմք է տալիս նրան ռուսամետ գործիչ համարելու։ Քոչարյանի գնահատմամբ՝ Գրիգորյանն առավելապես արևմտամետ քաղաքական գործիչ է, միգուցե Արևմուտքի համար այլընտրանքային գործիչը Հայաստանում։

Նրա խոսքով՝ անկախ նրանից, թե ինչպիսի աշխարհակարգ կձևավորվի և ինչպես կբաշխվեն ազդեցության գոտիները, աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները շարունակելու են պայքարել իրենց ազդեցության պահպանման և ընդլայնման համար։ Դա հատկապես վերաբերում է Հարավային Կովկասի նման աշխարհաքաղաքական կարևոր հանգույցներին։

Նույնիսկ եթե տարածաշրջանը պայմանականորեն հայտնվի Ռուսաստանի կամ Չինաստանի ազդեցության գոտում, Միացյալ Նահանգները շարունակելու են այստեղ ակտիվ դերակատարություն ունենալ։ Նույն տրամաբանությամբ, ըստ Քոչարյանի, Ռուսաստանն ու Չինաստանը կփորձեն իրենց ազդեցությունն ամրապնդել ամերիկյան ազդեցության գոտում գտնվող երկրներում։

Այս համատեքստում, հաշվի առնելով նաև, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական ռեսուրսը սպառվել է, Քոչարյանը չի բացառում, որ Արևմուտքը Հայաստանում այլ քաղաքական դերակատարների վրա խաղադրույք կատարի։

«Արևմուտքը փորձելու է խաղալ, և, կարծում եմ, այսօր Արևմուտքի հիմնական խաղադրույքներից մեկը Արմեն Գրիգորյանն է»,- ասել է քաղտեխնոլոգը։

Գրիգորյանը Փաշինյանից տարբերվող քաղաքական խաղացող է

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Արմեն Գրիգորյանին կարելի է դիտարկել որպես Նիկոլ Փաշինյանի ավելի լավ այլընտրանք, Քոչարյանը նշել է, որ նման գնահատական տալու համար առայժմ բավարար հիմքեր չկան։

Մասնավորապես, հայտնի չէ, թե արտաքին ուժերն ինչ պահանջներ կարող են ներկայացնել Գրիգորյանին՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման, Ռուսաստանի նկատմամբ քաղաքականության կամ տարածաշրջանային այլ զարգացումների համատեքստում։

«Ես չեմ ասել, որ ավելի լավ կամ ավելի վատ այլընտրանք է։ Ես ասել եմ, որ նրանք նույն խաղացողները չեն։ Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյանի նախագիծը չէ, Արևմուտքի նախագիծն է»,- հայտարարել է Քոչարյանը։

«Մերժիր Սերժին» շարժումից մինչև սեփական քաղաքական թիմի մասին հայտարարություններ

Կարեն Քոչարյանը չի բացառում, որ դեռևս 2018 թվականին ոչ թե Արմեն Գրիգորյանն է եղել Նիկոլ Փաշինյանի քաղաքական նախագիծը, այլ հակառակը։ Այս համատեքստում նա հիշեցրել է, որ հեղափոխությունից առաջ գործում էին երկու առանձին շարժումներ՝ Փաշինյանի գլխավորությամբ Գյումրիից մեկնարկած «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը։ Վերջինիս շրջանակում սկզբնական շրջանում առավել տեսանելի էր Դավիթ Սանասարյանը, իսկ Արմեն Գրիգորյանն ավելի ուշ հայտնվեց առաջին պլանում։

Քոչարյանը պատահական չի համարում, որ շուրջ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ «Մերժիր Սերժին» շարժման մասին Արմեն Գրիգորյանի հեղինակած գրքի շնորհանդեսը։ Նրա գնահատմամբ՝ Գրիգորյանն այդ գրքով, ըստ էության, հավակնում է իրեն վերագրել հեղափոխության իրականացման գործում առանցքային դերակատարությունը։

Քաղտեխնոլոգն այս տեսանկյունից ուշագրավ է համարում նաև Գրիգորյանի հոդվածում տեղ գտած ձևակերպումները, որոնցով վերջինս քաղաքական ձեռքբերումները վերագրում է իր թիմին։

«Գրում է՝ մենք արեցինք, մենք հանեցինք ռուսներին։ Շատ հաճախ հնչում է «իմ թիմը» արտահայտությունը։ Նա չի ասում՝ «մեր թիմը», ասում է՝ «իմ թիմը»։ Այսինքն՝ նա լրիվ ընդգծում է իրն առանձին քաղաքական խաղացող լինելը»,- ընդգծել է Քոչարյանը։

👉 Քաղաքականություն

Scroll to Top