Իմպիչմենտի գործընթացի հաջողությունը կախված է ոչ միայն խորհրդարանական զարգացումներից, այլև փողոցային պայքարի ակտիվությունից։ Նման կարծեք հայտնեց քաղաքտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
«Իմպիչմենտի գործընթացը բարդ, կոմպլեքսային հարց է։ Այն չի սահմանափակվում միայն խորհրդարանական քաղաքական զարգացումներով․ անհրաժեշտ է նաև փողոցի ճնշում»,– նշել է Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ընդդիմությունը սկզբնական փուլում ստիպված է լինելու պայքարել «անկախ» պատգամավորների ձայների համար, իսկ հետագայում նաև փորձել ստանալ ձայներ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) խմբակցությունից։ Այդ գործընթացը, ըստ Հակոբյանի, հնարավոր է միայն այն դեպքում, երբ երկրում ստեղծվում է համապատասխան մթնոլորտ, որտեղ ՔՊ-ում մնալը դառնում է ավելի ռիսկային, քան դուրս գալը։
«Այդպիսի սցենար հնարավոր է։ Ավելին, կան նախանշաններ, որ ՔՊ-ի ներսում որոշակի խմորումներ են սկսվել։ Դեռ պարզ չէ, թե ովքեր կմնան կամ ովքեր դուրս կգան ՔՊ-ի նախընտրական ցուցակից առաջիկա ընտրություններին։ Հստակ է միայն, որ իշխող ուժը, ըստ ամենայնի, չի կարողանա պահպանել ներկայիս 72 մանդատը»,– ասել է նա։
Հակոբյանի կարծիքով՝ այն պատգամավորները, որոնք կարող են դուրս մնալ կուսակցության ցուցակից, ընդդիմության համար կարող են դառնալ թիրախային խումբ։ «Այս մարդիկ այլևս շատ բան կորցնելու չեն ունենալու, հետևաբար կարող են ավելի ազատ գործել։ Հետևողական աշխատանքի դեպքում ընդդիմությունը կարող է օգտագործել այդ հնարավորությունը»,– հավելել է նա։
Նա նաև նշել է, որ իշխանությունը հավանաբար կփորձի կանխել նման զարգացումները՝ դուրս մնացած պատգամավորներին առաջարկելով պաշտոններ գործադիր իշխանության տարբեր օղակներում՝ մարզպետարաններից մինչև այլ կառույցներ։
Միաժամանակ Հակոբյանը շեշտել է, որ ընդդիմության հաջողության համար վճռորոշ է լինելու փողոցային ճնշման գործոնը։ «Քանի որ, որքան հասկանում եմ, միացյալ ընդդիմությունը պատրաստվում է ակտիվացնել փողոցը, այդ ճնշումը կարող է դառնալ իմպիչմենտի գործընթացի ամենակարևոր և որոշիչ գործոնը։ Իսկ այդ պայմաններում նաև մյուս քաղաքական գործոնները կարող են դառնալ առավել արդյունավետ»,– ընդգծել է Վիգեն Հակոբյանը։

