2025 թվականի ավարտին Հայաստանի պետական պարտքը կհասնի մոտ 15 միլիարդ ԱՄՆ դոլարի, ինչը համարժեք է ՀՆԱ-ի 53 տոկոսին։ 2026 թվականին այն կգերազանցի 17 միլիարդ դոլարը՝ հասնելով ՀՆԱ-ի 55 տոկոսի։
Համեմատության համար՝ 2024 թվականին պարտքի ծավալը կազմում էր մոտ 12,3 միլիարդ դոլար։ Այսպիսով, ընդամենը երկու տարում պարտքը կաճի գրեթե 5 միլիարդ դոլարով՝ աճ, որը համադրելի է երկրի տարեկան բյուջեի չափին։
Այս դինամիկան նշանակում է ոչ միայն պարտավորությունների «տեխնիկական» ավելացում, այլև պարտքային կախվածության խորացում, որը դառնում է երկրի ֆինանսական համակարգի հիմնական բնորոշ հատկանիշներից մեկը։
Հատուկ ուշադրության է արժանի պարտքի կառուցվածքը։ Եթե 2024 թվականի ավարտին կառավարության ներքին և արտաքին պարտավորությունները համեմատաբար հավասարաչափ էին բաշխված, ապա 2026 թվականին արտաքին պարտքը կհասնի մոտ 9 միլիարդ դոլարի (ՀՆԱ-ի 28,2%), իսկ ներքին պարտքը կկազմի շուրջ 8,4 միլիարդ դոլար (ՀՆԱ-ի 26,9%)։
Այլ կերպ ասած՝ Հայաստանը գնալով ավելի կախված է դառնում արտաքին վարկատուներից՝ միջազգային կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից և եվրապարտատոմսերի տերերից։ Սա ոչ միայն ֆինանսական խոցելիություն է, այլև լուրջ քաղաքական-տնտեսական գործոն․ որքան մեծ է արտաքին պարտքի մասնաբաժինը, այնքան աճում է երկրի վրա ճնշում գործադրելու հնարավորությունը վարկային գծերի և վերաֆինանսավորման պայմանների միջոցով։
Պարտքի սպասարկման հարցը ևս մտահոգիչ է։ 2026 թվականին ընդհանուր վճարումները կգերազանցեն 2,7 միլիարդ դոլարը, որից շուրջ 1,6 միլիարդ դոլարը կուղղվի հիմնական գումարի մարումներին, իսկ մոտ 1,1 միլիարդ դոլարը՝ տոկոսների վճարմանը։ Միայն տոկոսային ծախսերը կհասնեն ՀՆԱ-ի 3,5 տոկոսի, մինչդեռ ընդամենը երկու տարի առաջ այդ ցուցանիշը մոտ 2,5 տոկոս էր։ Փաստորեն, պարտքի սպասարկումը վերածվում է տնտեսության ինքնուրույն հոդվածի, խլելով այն ռեսուրսները, որոնք կարող էին ուղղվել ներդրումներին, ենթակառուցվածքային ծրագրերին կամ սոցիալական քաղաքականությանը։
Կառավարությունն ու ֆինանսների նախարարությունը կանխատեսում են, որ մինչև 2028 թվականը բյուջեի դեֆիցիտը կկրճատվի ՀՆԱ-ի 5,5 տոկոսից (2025 թ.) մինչև 2,8 տոկոս (2028 թ.), ինչը, իրենց հաշվարկներով, թույլ կտա 2030 թվականին պետական պարտքը նվազեցնել մինչև ՀՆԱ-ի 50 տոկոս։ Սակայն այս գնահատականները չափազանց լավատեսական են թվում․ փորձը ցույց է տալիս, որ երկարաժամկետ ծրագրերը հազվադեպ են իրագործվում ամբողջությամբ, հատկապես տարածաշրջանային անկայունության և արտաքին շոկերի նկատմամբ տնտեսության բարձր զգայունության պայմաններում։
Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնել ևս մեկ կարևոր հանգամանք․ 2026 թվականին պետական պարտքի միջին կշռված տոկոսադրույքը կհասնի 7,1 տոկոսի։ Սա բավական բարձր ցուցանիշ է, հատկապես հաշվի առնելով, որ պարտքի զգալի մասը արտարժույթով է։ Որքան թանկ է պարտքի սպասարկումը, այնքան ավելի հաճախ կառավարությունը ստիպված կլինի դիմել նոր վարկերին՝ խորացնելով «պարտքային պարույրը»։
Այսպիսով, Հայաստանի պետական պարտքը գնալով դառնում է ոչ թե պարզապես ֆինանսական ցուցանիշ, այլ երկրի ինքնիշխան տնտեսական քաղաքականության համակարգային սահմանափակում։ Եթե պահպանվի գործող միտումը, Հայաստանը կարող է հայտնվել իրավիճակում, երբ բյուջետային և ներդրումային կարևոր որոշումները պայմանավորվելու են ոչ թե ներքին առաջնահերթություններով, այլ արտաքին պարտավորություններով ու պարտքային սահմանափակումներով։
Քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյան

